Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՎԱՌԱԿԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ՝ ՄՈՌԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ըստ Վ. Աճեմյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի Անահիտ Մութաֆյանի, «թատերական» չինովնիկները այդ վիճակը կանխելու համար պարտավոր են «դռնբաց» քննարկումներում հարցերը լուծել:

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնի երիտասարդ դերասանուհի, Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» եւ հանրապետական երիտասարդական փառատոների դափնեկիր Անահիտ Մութաֆյանը կարճ ժամանակահատվածում՝ 2004-ից խաղացել է մոտ մեկ տասնյակ դերեր, այդ թվում՝ Վարդիթեր (Պ. Պռոշյան՝ «Սոս եւ Վարդիթեր»), Արփեն (Կ. Խոդիկյան՝ «Ինչպես կինը փախավ տնից»), Մարինա (Ա. Վամպիլով՝ «Գավառական անեկդոտ»): Դերասանուհին ներկայացրել է նաեւ Սամվել Խաչատրյանի «Դու անմեղ ես» մենադրաման, թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի հետ թարգմանել Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը» պիեսը, որտեղ հանդես է եկել Դեանիրայի գլխավոր դերով եւ այլն: Որոշ «թատրոնական» չինովնիկների քմահաճույքների պատճառով թեեւ մի քանի անգամ փորձել, բայց այդպես էլ հանդիսատեսին չի ներկայացել Մարթա- Իզաբելլայի դերով՝ Ա. Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» պիեսի բեմադրության մեջ: Վերջինիս առիթով Ա. Մութաֆյանը առանց մանրամասնելու «Առավոտին» հայտնեց հետեւյալը. «Ամբողջապես հուսալքված չեմ: Քմծիծաղով եմ նայում խղճուկ ինտրիգներին, ստեղծագործական նախանձին: Ինչ խոսք, կուզենայի բեմում երեւալ մեծանուն Վարդուհի Վարդերեսյանի հետ ու եւս մեկ անգամ խաղալ ուսանողական նախկին ընկերոջս՝ Խորեն Լեւոնյանի ընկերակցությամբ, մանավանդ որ, Մարթա-Իզաբելլայի կերպարը զգում եմ ողջ նյարդերովս…»:

Անձնական «շահը» թողնելով մի կողմ ու շարունակելով խոսքը, դերասանուհին ասաց. «Կուզենայի, որ թատրոնների հանդեպ ճշմարիտ պետական վերաբերմունք լիներ, որ մշակույթի նախարարությունը միայն ֆինանսավորողի դերում չլիներ, հետեւեր թատրոնների գործունեությանը: Շատ կուզենայի, որ տարին գոնե մեկ անգամ հավաքվեին երիտասարդ արվեստագետները, համատեղ քննարկեինք մեզ հետաքրքրող հարցեր, առաջարկեինք լուծումներ: Թե չէ հաճախ փակ դռների ետեւում որոշումներ են կայացնում եւ պարտադրում թատրոններին՝ չընդունելով այլակարծություն»: Հետաքրքրությանը, թե, այնուամենայնիվ, դերասանուհու հիասթափությունը շարունակվո՞ւմ է, Ա. Մութաֆյանը պատասխանեց. «Երբ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվեց Նիկոլայ Ծատուրյանը, թատրոնից վանվեց դիլետանիզմը: Սկսեցի խաղալ բազմապլան ու բազմաժանր դերեր: Այո, պետք է ասեմ, որ ստեղծագործական հաճույքն ու հիասթափությունը միաժամանակ չեն լքում ինձ: Հասակակից գործընկերներս դա նույնպես կփաստեն, որ, օրինակ, պիեսի վրա աշխատում ենք մի քանի ամիս, փորձում, տառապում, սակայն մեծ տքնանքով ծնված ներկայացումը խաղում ենք ընդամենը 2-3, լավագույն դեպքում՝ 5-6 անգամ, այն էլ՝ պատանի հանդիսատեսի համար: Մարզային թատրոնների ճակատագիրն է այսպիսին: Թատրոնի եւ հանդիսատեսի միջեւ սառնություն է առաջացել:

Իհարկե, պատճառները շատ են, դրանցից մեկը, օրինակ, թատերական գովազդի ոչ պատշաճ լինելն է, մյուսը՝ հանդիսատեսը կամ էժանագին շոուներ է ուզում, կամ էլ քամահրանքով է նայում իր կողքին ապրող դերասաններին: Նրանց «ռասկրուտկա» եղած դերասաններ են պետք կամ էլ դրսից եկածներ… Այս հանգամանքն էլ որոշ թատերական չինովնիկներ շահարկում են, վազում փողի հետեւից՝ արհամարհելով «սեփական դարձրած» թատրոնում աշխատող դերասանների շահերն ու ստեղծագործական հետաքրքրությունները: Արդյունքում՝ գավառում ապրող դերասանը, ընդհանրապես արվեստագետը, մատնվում է մոռացության»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել