Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այնուամենայնիվ, սրտներում նստվածք է մնում

Հոկտեմբեր 13,2007 00:00

Մարդիկ կայունություն են ուզում, բայց ցանկանում են նաեւ, որ իրենց կյանքը կախված չլինի «վերեւներից»:

Խորհրդարանական ընտրություններից հետո սոցիոլոգիական հարցումներից մեկը փորձում էր պարզել, թե ով է ամենաչսիրված քաղաքական գործիչը: Արդյունքներն ապշեցուցիչ էին: Ցուցակի անհասանելի լիդերն էր ԱԼՄ հոլդինգի եւ ԺԿ ղեկավար Տիգրան Կարապետյանը: Բայց չէ՞ որ դա նույն «Կարապետիչն» է, որն ամեն երեկո սեփական հեռուստաընկերությունում (որտեղ նրան, հավանաբար, շատ բարձր են գնահատում որպես հետաքրքիր զրուցակցի, ինչն ապացուցում են նաեւ հիացած հեռուստադիտողների հեռախոսազանգերը) հյուրընկալվում է տարբեր հաղորդաշարերի եւ հանրությանն է մատուցում աստվածային, բարոյական եւ կոմերցիոն ճշմարտություններ: Եվ հանկարծ ազատ կամքի դրսեւորման որոշիչ պահին բնակչությունը նրան չսատարեց: Վիրավորանքը խորն էր, եւ Տ. Կարապետյանը մի քանի ամիս խոսում էր երախտամոռ ընտրազանգվածի մասին, որին նա հեռուստացույց եւ ասպիրին էր բաժանում: Բայց վերջերս նա որոշել է ժողովրդին եւս մի շանս տալ՝ իր ճակատագրական սխալն ուղղելու համար, եւ առաջադրվել նախագահի պաշտոնում: Հետեւաբար, ժամանակավորապես ներում է շնորհել մոլորյալներին:

Իսկ գուցե դա հետեւանքն է այն բանի, որ քաղաքացիները սովորել են տարբերակել կեղծավորությունն ու դատարկությունը՝ գործնական ծրագրերից: Բոլոր թերություններով հանդերձ՝ վերջին ընտրությունները ակնհայտ առաջընթաց են գրանցել: Ճիշտ է, ընդդիմադիրները պնդում են, որ կեղծարարները պարզապես ավելի արհեստավարժ են դարձել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Ֆելիքս Խաչատրյանը, ներկայացնելով իշխանության ճնշումների «առավել այլասերված» հնարքները, ընտրություններից հետո ասում էր. «Հայ ընտրողը բարոյական է այնքանով, որ ընդունելով կաշառքը, չի կարող իրեն թույլ տալ անազնիվ վարվել եւ չքվեարկել այն անձի օգտին, որը տվել է այդ կաշառքը»: Համաձայնեք, ազնվության յուրահատուկ դրսեւորում է՝ 30 արծաթով վաճառել ձայնը եւ «սկզբունքորեն» քվեարկել առեւտրի օրենքներով:

Համաձայնեք նաեւ, որ այսօրվա ընդդիմության դեմքերի շարքում չկա մեկը, ում կարելի է լուրջ վերաբերվել: (Պատկերը կարող է փոխվել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջնականապես վերադառնա քաղաքական դաշտ): Նրանք կա՛մ անցյալով ապրող մարդիկ են, կա՛մ իրենց գերագնահատող գործիչներ (Տ. եւ Ա. Կարապետյանների նման), որոնք օր ու գիշեր ինքնամոռաց թմբկահարում են սեփական «արժանիքները»: Եվ տարօրինակն այն է, որ հասարակության կողմից բազմիցս դրսեւորված արհամարհանքը նրանց համար դաս չի դառնում: Ճիշտ էր նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, երբ ասաց. «Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ եվրոպական կամ ամերիկյան քաղաքական առաջնորդներից մեկը, պառլամենտական ընտրություններում պարտվելուց հետո, իր թեկնածությունն առաջադրեր նախագահական ընտրություններում: Չէ՞ որ դա աբսուրդ է»: Մեզանում այդ «աբսուրդը» դարձավ իրականություն:

Քաղաքական դաշտում առանձնանում են Շավարշ Քոչարյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի ֆիգուրները: Առաջինը հարգանք է վաստակել իր հետեւողականությամբ եւ սկզբունքայնությամբ, սակայն հեռու է երկիրը ղեկավարելու համար անհրաժեշտ որակներից, իսկ երկրորդը օժտված է գրավիչ տեսքով, հմայիչ ձայնով եւ շատերը կցանկանային տեսնել նրան պետության ղեկավարի պաշտոնին, սակայն քաղաքական հիասթափությունների շարանը ստիպում է մարդկանց առայժմ զգուշանալ: Հասարակական գործիչների պատկերասրահի մնացած դեմքերից ներկայիս վարչապետը առանձնանում է գոնե նրանով, որ նրա անվան հետ է կապվում երկրի կայուն վիճակը: Նա երբեք չի մասնակցել (կամ դա չէր նկատվում) քաղաքական բանավեճերի, չի տվել խոստումներ, որոնք չէր կարողանալու իրականացնել, միշտ զուսպ եւ հավասարակշռված է: Իսկ այսօրվա Հայաստանի քաղաքացու համար կայունությունը գոյատեւման գլխավոր պայմանն է: Մարդիկ հոգնել են ցնցումներից եւ ցանկանում է հանգիստ ապրել ու աշխատել, տներ կառուցել ու երեխաներ մեծացնել:

Այնուամենայնիվ, ընտրարշավի հարաբերական հանգիստ մթնոլորտը շատերի սրտերում ինչ-որ նստվածք է թողնում: Ազատ մարդը, իսկ Հայաստանի քաղաքացիները իրենց այդպես են ուզում զգալ, ցանկանում է ապրել հավասար հնարավորությունների երկրում: Նա չի ուզում, որ աշխատանքի եւ գոյատեւելու իրավունքն իրեն տրվի որպես նվեր՝ որեւէ ունեւոր «բարերարից», ում նա պարտական է մնալու մինչեւ կյանքի վերջը: Մեզանում ստեղծվեց մի համակարգ, որտեղ յուրաքանչյուրը, ով հասել է որոշակի բարգավաճման, հայտնվում է բուրգային կառուցվածք ունեցող հարաբերությունների ցանցի մեջ, որտեղ իրեն հատկացված է որոշակի մի դաշտ: Այդ դաշտը սահմանված է ոչ թե մարդու հնարավորություններով, այլ «վերեւներում» գտնվող ինչ-որ մեկի հայեցողությամբ:

Մտածող մարդուն (իսկ Հայաստանում բոլորն են մտածում, ինչը հաճախ խանգարում է միացյալ որոշումների ընդունմանը) դա չի կարող չնվաստացնել: Եվ մարդիկ գերադասում են տեղափոխվել օտար երկրներ, որտեղ իրենց բարգավաճումը պայմանավորված է լինելու միայն սեփական հնարավորություններով: Նույնիսկ եթե քեզ չհաջողվի հասնել նպատակիդ, քեզ չի տանջելու ստորացնող այն զգացումը, թե քեզ թույլ չտվեցին, իսկ հաջողության դեպքում չի ճնշելու «բարերարի» հանդեպ հավերժ երախտապարտ մնալու պարտադրանքը:

Իմ խորին համոզմամբ, մեր պետության համար այդ հարցի լուծումը ավելի կարեւոր է, քան քաղաքացիների կենսամակարդակի բարձրացումը: Եթե դա լուծվի, մարդիկ կհամաձայնեն մի որոշ ժամանակ եւս համբերել՝ հաղթահարելով դժվարությունները եւ ակնկալելով, որ իրենց կյանքը պայմանավորված է լինելու միայն սեփական շնորհքով, նախաձեռնությամբ եւ աշխատասիրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել