Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ԿԱՆԱՆՑ ԷԼ Է ՍԱԶՈՒՄ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ըստ ՖԻՖԱ-ի կանխատեսումների՝ 2010թ. կին ֆուտբոլիստների թիվը կհավասարվի տղամարդ ֆուտբոլիստների թվին:

Եվրոպայի ամենահյուսիսային երկրի՝ Նորվեգիայի Թագավորության բնակիչներն ունեն մի քանի պաշտամունք, որից մեկը սպորտն է: Այս երկրում, որի տարածքի մեկ երրորդը գտնվում է բեւեռային գոտում, ձմեռը շատ երկար է տեւում: Հենց դրանով է բացատրվում երկրում ձմեռային մարզաձեւերի մասսայականությունը: Նորվեգիայի մարզիկները ձմեռային օլիմպիական խաղերում եւ աշխարհի առաջնություններում վաստակած մեդալների թվով միշտ էլ աշխարհում առաջատարներից են: Նորվեգիայում ներկայումս դահուկային սպորտը թիվ մեկ մարզաձեւն է: Մայրաքաղաք Օսլոյում նույնիսկ դահուկների թանգարան կա: Բայց երբ ձյունը հալչում է, սկսում է «թագավորել» նորին մեծություն ֆուտբոլը:

Մոտ 500 հազար բնակչություն ունեցող Օսլոյում գործում է ֆուտբոլի ավելի քան 350 խաղադաշտ, որից 50-ը՝ ծածկով: Յուրաքանչյուր դպրոց ունի մի քանի մարզադաշտ եւ մարզադահլիճ, որոնք նորոգված են ժամանակակից պահանջներին համապատասխան: Ֆուտբոլը հատկապես պրոպագանդվում է երեխաների շրջանում, եւ դա արվում է հնարավոր եւ անհնար բոլոր եղանակներով: Դրանցից ամենաարդյունավետն էլ «Նորվեգիայի գավաթն» է՝ «Norway Cup»-ը:

«Norway Cup»-ը խոշորագույն մանկապատանեկան մրցաշար է, որ ամեն տարի անցկացվում է Օսլոյում, մրցաշարին մասնակցում են 12-19 տարեկան պատանիներ եւ աղջիկներ՝ աշխարհի տարբեր երկրներից: 1972-ին, երբ առաջին անգամ կայացավ մրցաշարը, մասնակից թիմերի քանակը ընդամենը 126-ն էր: Նորվեգական թիմերից բացի, հայտ էր ներկայացրել եվրոպական միայն 7 երկիր: Տարեցտարի հետաքրքրությունը «Norway Cup»-ի հանդեպ աճեց, եւ մասնակիցների թիվը գնալով ավելացավ՝ նաեւ շնորհիվ այն բանի, որ Նորվեգիայի կառավարությունը եւ ֆուտբոլային ասոցիացիան ֆուտբոլային թիմեր էին հրավիրում հատկապես այն երկրներից, որտեղ ֆուտբոլը թույլ էր զարգացած: Դրանք հիմնականում երրորդ աշխարհի երկրներն էին:

35 տարի անց՝ 2007թ. օգոստոսին, Նորվեգիայի մայրաքաղաքում ավանդական այս մրցաշարին մասնակցեց 1500 թիմ (մոտ 500-ը՝ աղջիկների)՝ 45 երկրից: 30 հազար ֆուտբոլիստ խաղարկում էր Նորվեգիայի գավաթը: Մեկ շաբաթվա ընթացքում կայացավ 4000 խաղ: Օսլոն դարձել էր ֆուտբոլային մի իսկական մայրաքաղաք, որտեղ մարզական տոնին լիիրավ մասնակից էին ոչ միայն պատանի ֆուտբոլիստները: Զուտ մրցաշարային խնդիրներն անթերի լուծելուց բացի, գերազանց էր կազմակերպված նաեւ հազարավոր հյուրերի ժամանցը: Էքիբերգ դպրոցի՝ հեկտարներ զբաղեցնող մարզադաշտերում միաժամանակ անցկացվում էին տասնյակ ֆուտբոլային հանդիպումներ, իսկ դրանցից դուրս գործող ատրակցիոններում եւ փոքրիկ բեմերի վրա երեխաների համար մարզական եւ ինտելեկտուալ խաղեր էին կազմակերպվում: Միջոցառումներն այնքան բազմազան էին ու գրավիչ, որ ներկաներից յուրաքանչյուրն իրեն զգում էր տոնի իրական մասնակից:

Մրցումների օրերին Օսլոյի դպրոցները վերածվել էին ժամանակավոր հյուրանոցների. ամեն թիմ զբաղեցրել էր մի դասասենյակ՝ քնելով հենց հատակին գցված ներքնակների վրա: Մասնակիցները սնվում էին Էքիբերգի՝ հսկայական ճաշարանի վերածված դպրոցի մարզադահլիճում: Այն սպասարկում էր օրական մոտ 35000 մարդու: Մեկ շաբաթվա ընթացքում «Norway Cup»-ը «կերավ» 1,5 տոննա միս, 35000 տուփ ջեմ, 40000 տուփ կարագ, 320000 կտոր հաց, «խմեց» 50 հազար լիտր կաթ: Մրցաշարը սպասարկում էր 40 ազգության 375 մրցավար, իսկ «Norway Cup»-ի հովանավորներն էին աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային, մարզական եւ այլ ֆիրմաներ: Ողջ մրցաշարի ընթացքում Էքիբերգի տարածքում գործում էին դաշտային մի քանի հոսպիտալներ, որտեղ հերթապահում էին Նորվեգիայի լավագույն բժիշկները: «Norway Cup»-ը լուսաբանում էր աշխարհի տարբեր լրատվամիջոցների ավելի քան 600 լրագրող:

Սակայն մրցաշարի ամենամեծ առաքելությունը «խաղաղասիրական» է. այն համախմբում է տարբեր ազգությունների պատանիների: «Norway Cup»-ը տարբեր տարիներին արժանացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՈՒԵՖԱ-ի մրցանակներին, հավակնել խաղաղության նոբելյան մրցանակի, որը շնորհվում է հենց Օսլոյում:

«Norway Cup»-ին աղջիկների առաջին պաշտոնական մասնակցությունը եղել է 1976 թվականին, ինչը խթանեց կանանց ֆուտբոլի զարգացմանը նախ՝ Եվրոպայում, ապա՝ նաեւ աշխարհում:

Մինչեւ 70֊ական թվականները ֆուտբոլը համարվում էր առավելապես տղամարդկանց մարզաձեւ: Պատճառները տարբեր էին՝ 1) սոցիալական՝ ֆուտբոլը չի համապատասխանում կանանց մասին պատկերացումներին, 2) բժշկական՝ այն վնաս է կանանց առողջությանը, 3) զուտ սպորտային՝ կանանց ֆուտբոլը դիտարժան չէ եւ դրամատիզմով չի կարող համեմատվել տղամարդկանց ֆուտբոլի հետ: Թեեւ 2000 տարվա վաղեմություն ունեցող չինական որմնանկարները վկայում են, որ կանանց ֆուտբոլը նոր գաղափար չէ, սակայն այն դժվարությամբ իր տեղը զբաղեցրեց ժամանակակից աշխարհում: Երկար ժամանակ շատ երկրների ֆուտբոլային ասոցիացիաները չէին ընդունում կանանց ֆուտբոլը: Առաջին քայլերն արվեցին Եվրոպայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Իտալիայում, Գերմանիայում, հետո նաեւ՝ ԱՄՆ-ում: Ութ տարի պահանջվեց՝ մինչեւ հնարավոր եղավ կազմակերպել կանանց ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն, որին հաջորդեց նաեւ աշխարհի անդրանիկ առաջնությունը՝ 1991 թվականին: Կանանց ֆուտբոլին օլիմպիական մարզաձեւի կարգավիճակ է տրվել 1996-ին։ Այդ տարիներից կանանց ֆուտբոլը բարձրացավ որակական նոր մակարդակի, հանդիսատեսի հետաքրքրությունը մարզաձեւի հանդեպ աճեց: Այժմ աշխարհում մոտ 40 միլիոն կին (80%-ը՝ 20 տարեկանից ցածր) զբաղվում է ֆուտբոլով:

Հայաստանում կանանց ֆուտբոլի մակարդակը կարող էր ավելի բարձր լինել, եթե մեր ֆուտբոլի ֆեդերացիան պատշաճ կարեւորություն տար այդ մարզաձեւին, ինչն առայժմ միայն կարելի է ցանկանալ:

Թեեւ, ըստ մեր հարցումների՝ հայ մայրերի մեծամասնությունն առայժմ դեմ է, որ իրենց աղջիկները զբաղվեն ֆուտբոլով, այնուհանդերձ, շնորհիվ մի քանի նվիրյալների եւ աղջիկների՝ ֆուտբոլ խաղալու մեծ ցանկության, այս մարզաձեւը շարունակում է գոյատեւել: Այժմ Հայաստանում կանանց ֆուտբոլային թիմ պահում է միայն երեք ակումբ՝ «Քոլեջը»՝ 3 թիմ, «Բանանցը»՝ 1 եւ «Ֆուրմանը»՝ 1: Մեզ մոտ ընդհանուր առմամբ ֆուտբոլով զբաղվում է 64 աղջիկ։ Մեր տեղեկություններով, Վանաձորում նույնպես աղջիկների մեկ թիմ է կազմավորվում, որտեղ արդեն հավաքագրվել է 10 աղջիկ: Համեմատության համար ասենք, որ 4,6 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիան ունի աղջիկների շուրջ 300 ակումբ, յուրաքանչյուրում՝ մի քանի թիմ, իսկ պաշտոնապես գրանցված ֆուտբոլիստուհիների թիվն անցնում է 100 հազարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել