Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լրագրողներին «քցե՞լ» է

Հոկտեմբեր 13,2007 00:00

«Սպորտ եւ մեդիա» փառատոնի կազմակերպման համար Ալեքսանդր Բոյկոն գումարներ է վերցրել եւ անհետացել:

Ինչպես բազմիցս գրվել է մեր թերթում եւ այլ լրատվամիջոցներում, այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Ստամբուլում պետք է կայանար «Սպորտ եւ մեդիա-2007» 2-րդ մարզական խաղերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու էին տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Միջոցառման նախաձեռնողն էլ «Միր սպորտա» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն էր: (Մեր տեղեկություններով, պարոն Բոյկոն նաեւ «Ուկրաինպրեսի» աշխատակից է): Հիշեցնենք, որ առաջին նույնանուն փառատոնը տեղի է ունեցել Սեւանում՝ 2006 թ.: Ինչպես այս անգամ, անցած տարի եւս, պարոն Բոյկոն խոստացել էր, որ փառատոնը մեկ շաբաթ է տեւելու, այնինչ լրագրողները Սեւանում մնացին ընդամենը մեկ գիշեր: Բացի այդ, փառատոնին հրավիրված էր նաեւ երգչուհի Կարինե Ասիրյանը: Եվ քանի որ նրա մասնակցությունը գնահատելու եւ երգչուհուն նվեր հանձնելու համար պարոն Բոյկոն գումար չուներ, «Առավոտի» մարզական էջի պատասխանատուն եւ «Միր» հեռուստաընկերության աշխատակից Գրիգորի Պողոսյանն իրենց միջոցներով այդ հարցը լուծեցին: Չնայած անցած տարվա փառատոնն անցել էր մի շարք «անհարթություններով», այս տարվա փառատոնին մասնակցելու համար հայկական ԶԼՄ-ներից ավելի շատ մարդ էր հայտ ներկայացրել: Ըստ Ալ. Բոյկոյի տրամադրած տվյալների, Ստամբուլի փառատոնին հայկական լրատվամիջոցներից պետք է մասնակցեր 50-55 հոգի, իսկ բացի մեր երկրից, մասնակցելու ցանկություն էին հայտնել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հունաստանի, Լեհաստանի, Լատվիայի եւ Գերմանիայի ԶԼՄ-ները:

Ալ. Բոյկոն, երկրից դուրս գալու համար անհրաժեշտ փաստաթղթերից բացի, մասնակիցներից պահանջել էր նաեւ 4000-ական դրամ՝ որպես բժշկական ապահովագրություն: Մինչեւ սեպտեմբերի 20-ը նա չհստակեցրեց՝ լրագրողներն ավտոբուսո՞վ են մեկնելու Թուրքիա, թե՞ ինքնաթիռով: Ամեն առիթով էլ հիշեցնում էր, որ եթե ինքնաթիռով գնալու լինեն, պետք է օդի հարկը՝ 10-հազարական դրամները, օդանավակայանում լրագրողները մուծեն, եւ հավաստում էր, որ այդ առնչությամբ «Արմավիայի» հետ բանակցություններ է վարում: Մեր հարցին, թե այդպիսի բանակցություններ եղե՞լ են, «Արմավիայի» մամուլի ծառայությունից պատասխանեցին, որ ո՛չ բանակցություններ, ո՛չ էլ պայմանավորվածություն կա:

Նախքան փառատոնի մեկնարկն Ալ. Բոյկոն հայաստանյան լրագրողների միջեւ մի շարք մրցույթներ ու ժամանցային երեկույթներ էր անցկացրել: Ինչպես պարոն Բոյկոն էր հավաստիացնում, դա արվում էր, որպեսզի մասնակիցները մրցույթից առաջ մարզվեն եւ ավելի լավ ծանոթանան միմյանց: Այս ամենը լուսաբանվել է ոչ միայն ընթերցողներին տեղեկացնելու նպատակով. Ալ. Բոյկոն պայման էր դրել՝ փառատոնին անվճար մասնակցելու, Ստամբուլի հյուրանոցում բնակվելու եւ սնվելու դիմաց հարկավոր է մի քանի հրապարակում նվիրել իրեն եւ իր ծավալած գործունեությանը: Եվ մինչ լրագրողները պատրաստվում էին ճամփորդության, արդեն սեպտեմբերի 20-ից Ալեքսանդր Բոյկոյին գտնել չէր լինում: Նշենք, որ մինչ օրս փառատոնի «կազմակերպչից» տեղեկություն չկա՝ հեռախոսն անջատված է, «Միր սպորտա» պարբերականի էլեկտրոնային էջն էլ՝ բարձիթողի վիճակում: Փորձեցինք դիմել իր օգնականներից մեկին, սակայն նա էլ ասաց, որ ոչ մի տեղեկություն չունի Բոյկոյից: Թերեւս փառատոնի ամենատուժած մասնակիցը «Արմենիա» հեռուստաընկերության թարգմանչուհի Լուսինե Հակոբյանն է: Նա «Առավոտին» հայտնեց, որ միջոցառմանը մասնակցելու համար Ալ. Բոյկոն իրենից պահանջել է $350. «Քանի որ մի փոքր ուշացումով էի Թուրքիա մեկնելու ցանկություն հայտնել, պարոն Բոյկոն ինձնից պահանջեց ավելի մեծ գումար, քան մյուսներից: Ես նրան խոստացա, որ մեր մեկնելու վերջին շաբաթվա ընթացքում կտամ, իսկ նա ասաց, որ նախօրոք արվող միջոցառումների համար իրեն գումար է պետք եւ ես ավելի շուտ պետք է վճարեմ, որպեսզի կարողանամ մասնակցել: Դրանից մի քանի օր հետո նա ինձ զանգահարեց եւ ասաց, որ արդեն գումարը տալու ժամանակն է, ես էլ նրան հանդիպեցի ու վճարեցի, բայց դրա համար ստորագրություն եւ ստացական չունեմ: Բացի այդ, նա ինձ մամուլի հաղորդագրություն էլ է տվել, որ ռուսերենից անգլերեն թարգմանեմ, որի համար չի վճարել: Ես բազմիցս փորձել եմ նրան գտնել, բայց՝ անարդյունք»:

Քանի դեռ Ալ. Բոյկոն «հասանելի» էր, մենք նրան հարցազրույցի էինք հրավիրել մեր խմբագրություն՝ այն առնչությամբ, թե ինչու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ մի աջակցություն չկա իր փառատոնի համար: Նա ասաց, որ անցած տարի դիմել էր Սպորտպետկոմ, սակայն մերժվել՝ պատճառաբանություն ստանալով, որ միջոց չկա եւ փառատոնում ընդգրկված մարզաձեւերը օլիմպիական չեն: Դրա փոխարեն, Ալ. Բոյկոյի խոսքերով, իրեն աջակցում են հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացիները: Հովանավորների անունները եւ հյուրանոցը, որում պետք է բնակվեին լրագրողները, պարոն Բոյկոն մեզնից գաղտնի էր պահում (ինչպես ինքն էր պատճառաբանել՝ ելնելով «ազգային անվանգությունից»- Ա. Խ.): Մենք չկարողացանք ճշտել՝ իրականում հովանավորներ կա՞ն, թե՞ ոչ: Մի քանի ամիս առաջ www.sport..am կայքում (երբ այն դեռ գործում էր), որպես հավաստում եւ կասկածները փարատող փաստ, թվարկված էին փառատոնի 13 ոչ օլիմպիական մարզաձեւեր՝ բոուլինգ, լող, վազք, շաշկի եւ այլն: Պարոն Բոյկոն մասնակիցներին վստահեցնում էր, որ եթե արտառոց իրադարձություններ չլինեն, ասենք՝ երկրաշարժ կամ ջրհեղեղ, փառատոնն անպայման կայանալու է: Վստահելով նրա խոսքերին, լրագրողներից շատերը, ինչպես նաեւ մեր աշխատակիցները, Ստամբուլի փառատոնի առթիվ հետաձգել էին իրենց ամառային հանգիստը, որպեսզի Թուրքիա մեկնելը չխանգարի աշխատանքին: Նա անպատասխանատու գտնվեց եւ իր խոստումները չկատարեց:

Մեզ վրա մեղք չվերցնենք՝ պարոն Բոյկոյին մեղադրելով. գուցե այդ մարդուն ինչ-որ բա՞ն է պատահել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել