Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԵՎԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԻՆ ԱՏՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 13,2007 00:00

Բաքվում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ըմբիշների նվաճած մեկ բրոնզե մեդալն ու օլիմպիական երկու ուղեգրերը առանձնակի արժեք ունեն մեզ համար:

Որքան էլ երեւակայենք, միեւնույն է, դժվար է ամբողջականորեն պատկերացնել, թե մեր պատվիրակության անդամները հարեւան հանրապետությունում աշխարհի առաջնության ողջ ընթացքում հոգեբանական ինչպիսի՞ ճնշման տակ են գտնվել, իսկ մարզիկներն ի՞նչ պայմաններում են մտել մրցագորգ:

Բաքվում տիրած իրավիճակի մանրամասների մասին «Առավոտը» փորձեց տեղեկանալ հենց Բաքու մեկնած պատվիրակության անդամներից:

Ռազմիկ Ստեփանյան Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ-ի առաջին փոխնախագահ

\"\"Դեռ մայիսին Բաքվում Հայաստանի, Ադրբեջանի մարզական ղեկավարության, ՖԻԼԱ-ի եւ ՄՕԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ կնքված քառակողմ համաձայնագրի համաձայն, մենք հյուրընկալվեցինք հարեւան հանրապետության մայրաքաղաքում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Պիտի ասեմ, որ Ադրբեջանի իշխանությունները լավ էին կազմակերպել մեր անվտանգության ապահովումը, չնայած մեր հանդեպ ժողովրդի ընդհանուր վատ տրամադրվածությունն ակնհայտ էր: Իմ տպավորությամբ, մեր անվտանգության ապահովումով ընդհանուր առմամբ զբաղվում էին նրանց անվտանգության ծառայության մի քանի հարյուր աշխատակիցներ՝ ներառյալ հյուրանոցը, ճանապարհները եւ հատկապես՝ մրցումների անցկացման դահլիճը: Մեր խնդրանքով Բաքվում ինձ բջջային հեռախոսահամար էին տրամադրել, որի գումարը, պարզ է, մուծեցի: Նրանց սպորտի պետական կառույցի, օլիմպիական կոմիտեի համապատասխան պաշտոնյաները մշտապես զանգում էին, հետաքրքրվում, թե բնակության, սննդի, տրանսպորտի հետ կապված ի՞նչ խնդիրներ կամ հոգսեր ունենք: Ասեմ, որ մայիսյան բանակցությունների ժամանակ, հասկանալի մտավախությունից ելնելով, մենք ադրբեջանական կողմի առջեւ պահանջ էինք դրել, որպեսզի մեր պատվիրակության սնունդն առանձին չպատրաստվի: Այսինքն, օգտվելու ենք մյուսների համար պատրաստված ճաշատեսակներից:

Դժվարանում եմ ասել, թե այդ հոգատարությունը սրտա՞նց էր, ձեւակա՞ն, թե՞ պարտադրված:

Մեր պատվիրակության անդամներն աշխատում էին միշտ միասին լինել: Իսկ ես, որպես ղեկավար, երբեմն պարտավորված էի լինում առանձնանալ: Այդ ժամանակ անձամբ ինձ կցված էր լինում չորս թիկնապահ, որ ոչ մի քայլ չէին հեռանում, թեեւ ամեն բան կազմակերպված էր այնպես, որպեսզի «դրսի աշխարհի» հետ ավելորդ շփումները բացառվեն: Այդ տղաների հետ շփվում էինք բարեհամբույր: Սակայն, միեւնույն է, երբ հայ ըմբիշները մտնում էին գորգ, նրանք նույնպես, ինչպես մարզասերները, երկրպագում էին մեր մրցակիցներին՝ իմ կողքին կանգնած գոչելով, ասենք՝ «Բրավո, Ֆրանսիա» կամ «Գութ, Ավստրիա»:

Մասնակցել եմ ՖԻԼԱ-ի նիստին, առանձին հանդիպում ունեցել ՖԻԼԱ-ի նախագահ Ռաֆայել Մարտինետիի հետ եւ փոխանցել ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերը՝ ներկա լինելու մոտ ժամանակներս Երեւանում կայանալիք Ստեփան Սարգսյանի մրցանակների խաղարկության ավանդական միջազգային մրցաշարին: Հանդիպումներ եմ ունեցել նաեւ Ադրբեջանի մարզական ղեկավար պաշտոնյաների հետ: Քաղաքական որեւէ հարց չենք շոշափել: Ես նրանց ասել եմ, որ եթե հայաստանցի մարզիկների անվտանգության ապահովումը նրանց համար բարդ է, ինչը մենք տեսնում եւ զգում ենք, մեզ մոտ, եթե Ադրբեջանը կցանկանա մասնակցել միջազգային որեւէ մրցման, այդ խնդիրներն անհամեմատ հեշտ կլուծվեն, ավելին, չի բացառվում, որ նման հարց էլ օրակարգում չլինի:

Ինքս ըմբշամարտի մասնագետ լինելով՝ դժգոհ եմ մրցավարությունից: Բայց մեր բոլոր անհաջողությունները միայն մրցավարների վրա բարդելը սխալ կլինի: Առանձին օրինակներ չեմ բերի՝ մարզիչներն արդեն պատմած կլինեն: Ըմբիշներ կային, որ շատ էին ընկճված, «կայծը» նրանց մեջ, ասես, մարած էր: Շատ դժգոհ եմ հատկապես ազատ ոճի մեր հավաքականի անդամ՝ Ռուսաստանից հրավիրված մարզիկների մրցելույթներից: Մտադիր եմ առաջիկայում օլիմպիական կոմիտեի հետ համատեղ հրավիրվելիք ֆեդերացիայի նիստում հավաքականների հետ աշխատանքներում արմատական բարելավումների հարց բարձրացնել: Մարզիկներ ունենք, օրինակ, Ռոման Ամոյանը, Արման Ադիկյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Յուրի Պատրիկեեւի մասին էլ չեմ խոսում ու էլի մի քանիսը, որոնց հետ եթե մարզիչներն ավելի ճիշտ ու նպատակային աշխատեն, ոչ միայն հետագայում վարկանիշներ կբերեն Հայաստանին, այլեւ օլիմպիական խաղերում կկարողանան բարձր տեղերի համար պայքարել:

Ադրբեջանը փորձեց աշխարհին ապացուցել, որ ժողովրդավարական երկիր է, ի վիճակի է ընդունել նույնիսկ իրենց համար թշնամի երկրի մարզիկներին: Կարծում եմ, Բաքվում մեր արածն էլ պակաս կարեւոր չէր: Արժե հպարտանալ, որ այնտեղ, առնվազն երկու տասնամյակ ընդմիջումից հետո, առաջին անգամ բարձրացվեց մեր եռագույնը, որքան էլ նրանք դա չէին ցանկանում:

Լեւոն Ջուլֆալակյան Հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն

«Մեկնելիս Թբիլիսիի օդանավակայանում մեզ դիմավորեցին երեք հոգի՝ մեկը ավիաընկերության ներկայացուցիչ, երկուսը՝ Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցներ: Օդանավ մտանք վերջինը, երբ բոլոր ուղեւորներն արդեն իրենց տեղերն զբաղեցրել էին: Բաքվի օդանավակայանում մեզ արագ դուրս բերեցին օդանավից, մտցրին հենց օդանավի տակ կանգնած ավտոբուսը: Մինչեւ մեր ուղեբեռները կստանայինք, մեր անձնագրերը տարան ստուգելու, ըստ երեւույթին՝ դրանք համեմատում էին նախապես ներկայացված ցուցակի հետ: Ամեն բան կարգին էր: Օդանավակայանից մեզ հանեցին մեկ այլ կողմից: Հավանաբար, այդտեղով տանում են կալանավորներին՝ տարածքը ցանկապատված էր փշալարերով: Ավտոբուսն ուղեկցում էին ոստիկանական եւ «Ջիփ» մակնիշի մոտ 15 մեքենաներ: Մեր ավտոբուսի դիմապակու վրա գրված էր՝ «Թբիլիսի»: Անվտանգության աշխատակիցներն ասացին, թե տանում են «Ապշերոն» հյուրանոց: Բայց նկատեցի, որ գնում ենք այլ ուղղությամբ: Երբ հարցրի, պատասխանեցին, թե ճանապարհին ծրագիրը փոխվել է եւ բնակվելու ենք մեկ այլ հյուրանոցում: Կարծում եմ, դա նախապես կազմած սցենար էր՝ ճանապարհին ընդդիմության կազմակերպած միտինգների մասնակիցների հետ հավանական բախումներից խուսափելու նպատակով: Հասանք այդ հյուրանոցը, որի անունը հիշել այդպես էլ չկարողացանք: Այն գտնվում էր ծովի ափին եւ ամբողջությամբ պարսպապատված էր: Մեզ սպասում էին: Այնտեղ հանգրվանել էին նաեւ իրանցիներն ու հույները: Մեզ հատկացրին երկհարկանի մի առանձին մասնաշենք: Մեր տեղավորվելուց հետո անվտանգության աշխատակիցներն ասացին, որ շենքից դուրս չգանք, իսկ ճաշարան, որն ընդամենը 30 քայլի վրա էր, գնանք բոլորս միասին: Ես բացատրեցի, որ դա հնարավոր չէ: Ըմբիշները մարզումային եւ սննդի տարբեր ռեժիմներ ունեն: Համաձայնեցին: Ու չնայած մեզ մշտապես հսկում եւ ուղեկցում էր ԱԾ 30-40 աշխատակից, առաջարկեցին անգամ հյուրանոցային համալիրի պարսպապատ տարածքում քիչ երեւալ եւ շրջել խմբերով:

\"\"Հաջորդ օրվանից սկսվեցին մարզումները, կշեռքը: Մրցավայր՝ կրկին բազում մեքենաների ուղեկցությամբ, գնում էինք բոլորս միասին, առավոտյան ժամը 7-ին ու մնում մինչեւ վերջ՝ երեկոյան ժամը 20-ը: Մեր ավտոբուսը Հեյդար Ալիեւի անվան մարզապալատ մտնում էր ինչ-որ պահեստային մուտքով ու գրեթե մտնում էր շենք, որպեսզի ոչ մեկի հետ շփում չլինի: Թե մարզումային դահլիճում եւ թե մրցասրահում, որտեղ ընթանում էին գոտեմարտերը, մեր ամեն մի քայլը հսկում էր ԱԾ մոտ 40-50 աշխատակից: Պիտի ասեմ, որ նրանք իրենց գործը շատ լավ էին կատարում: Պատկերացրեք, որ մարզումային դահլիճում միաժամանակ շուրջ 500 ըմբիշ էր լինում: Բայց նրանք մեր տղաներին հատ-հատ ճանաչում էին: Ու եթե մերոնցից որեւէ մեկը թեկուզ զուգարան գնար (աշխատում էինք այդ ժամանակ էլ երկու-երեք հոգով լինել), նրանք պարտադիր ուղեկցում էին:

Դահլիճում, որտեղ ընթանում էին գոտեմարտերը, բնականաբար, մթնոլորտն անչափ լարված էր: Տրիբունաների առաջին շարքն ամբողջապես զբաղեցնում էին ոստիկանները: Երբ հայտարարում էին մեր ըմբիշների անունները, ամբողջ դահլիճը նրանց հասցեին տհաճ վանկարկումներ ու արտահայտություններ էր անում: Այն գորգը, որ մտնում էին մեր տղաները, դառնում էր կենտրոնականը ու բոլորը բուռն կերպով երկրպագում էին մեր մրցակիցներին, անկախ, թե նա ո՞ր երկրից էր: Գորգի շուրջ մի սահմանագիծ կա, որն անցնելու իրավունք ունեն միայն մարզիկը, մարզիչները եւ մրցավարները: Բայց մեր պարագայում այդ կարգը չէր պահպանվում: Ով ասես՝ գծից անցնում էր ու գորգը շրջապատում: Այդ պահերին անգամ անվտանգության աշխատակիցները չէին կարողանում զսպել իրենց վերաբերմունքը:

Բոլորը մեզ դեմ էին: Հատկապես մրցավարները, որոնք անում էին ամեն բան՝ մեր ըմբիշներին հնարավորինս շուտ պայքարից դուրս թողնելու համար, որպեսզի հանկարծ Հայաստանի դրոշը չբարձրացվի, առավել եւս՝ օրհներգը չհնչի: Բերեմ միայն 55 կգ քաշային կարգում Եվրոպայի անցած տարվա չեմպիոն Ռոման Ամոյանի եւ ադրբեջանցի Ռովշան Մամեդովի, որը Ռոմանի բացակայությամբ այս տարի է Եվրոպայի չեմպիոն դարձել, օրինակը: Առաջին մրցափուլը Ռոմանը շահեց բացահայտ: Երկրորդից գործի անցան մրցավարները: Նրանք օրենքների կոպիտ խախտումով մեր մարզիկին նկատողություն հայտարարեցին՝ մրցակցին նվիրելով երկու միավոր: Երրորդ մրցափուլում Ամոյանը կրկին հաղթում էր: Ճիշտ է, նա հետո հնարք բաց թողեց, բայց անմիջապես 1 միավորանոց հակագրոհ իրականացնելով՝ գործողությունն ավարտեց 2 միավոր արժողությամբ գլորումով: Մրցավարները դրանք «չնկատեցին», ու գոտեմարտն ավարտվեց ադրբեջանցու առավելությամբ: Նույն ճակատագրին արժանացան նաեւ Արման Ադիկյանը՝ 66 կգ, որին չթողեցին հասնել եզրափակիչ եւ հանդիպել ադրբեջանցի ըմբիշի հետ, 69 կգ քաշային Խոսրով Մելիքյանը, որին ռեֆերին իր՝ մեկ ժամանակից շուտ, մեկ ուշացած սուլիչներով այդպես էլ չթողեց գոտեմարտն անցկացնել, Արման Գեղամյանը՝ 96 կգ, որը մինչեւ կիսաեզրափակիչ հասնել լրիվ ի վիճակի էր: Միայն Յուրի Պատրիկեեւը կարողացավ «բրոնզ» նվաճել՝ պայքարելով թե՛ մրցակիցների եւ թե՛ մրցավարական կազմի հետ:

Այսպիսի պայմաններում մենք կարողացանք 105 երկրների մեջ գրավել թիմային 12-րդ տեղը՝ մեզնից ետ թողնելով ադրբեջանցիներին, նվաճել մեկ մեդալ եւ օլիմպիական երկու ուղեգիր:

Սամվել Հարությունյան Միջազգային բարձրագույն կարգի մրցավար

\"\"Ինձ Բաքու հրավիրել էր ՖԻԼԱ-ն: Մեկնելուց առաջ այնպիսի զգացողություն ունեի, ասես, մարտի դաշտ էի գնում: Միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի պահանջներով՝ մրցավարները մարզական պատվիրակությունների հետ շփումներ չպետք է ունենան: Դրա համար Բաքվում ինձ առանձնացրին մեր թիմից ու տարան մեզ հատկացված «Եվրոպա» հյուրանոց: 7-րդ հարկում, որտեղ իմ համարն էր, միայն ես էի բնակվում: Ինձ կցված էր երկու թիկնապահ՝ Ադրբեջանի նախագահի անձնական թիկնազորից: Նրանցից մեկը մշտապես հերթապահում էր վերելակի առջեւ, երկրորդը կանգնում էր դռանս մոտ, իսկ դրսում քայլ անգամ ինձանից չէր հեռանում՝ լինեի հյուրանոցում, թե դահլիճում: Կարծես բռնավոր էի: Բայց հասկանում եմ, որ այդ ամենն արվում էր իմ իսկ անվտանգության համար: Հյուրանոցը դահլիճից ոտքով ընդամենը երեք րոպե հեռավորության վրա էր: Սակայն, միեւնույն է, մրցավայր տանում էին հատուկ մեքենայով:

Չնայած թիկնապահներս պարկեշտ մարդիկ էին, առաջին երկու գիշերներն ընդհանրապես չէի քնում: Աշխատում էի, որքան հնարավոր է, աչալուրջ լինել: Սենյակիս դուռը կողպած էի պահում, պատուհանին չէի մոտենում, աթոռները տեղափոխել էի սենյակի խորք՝ պատերի տակ: Այդ պայմաններում էի ընդունում երեկոներն ինձ այցելող աշխարհի տարբեր երկրների մրցավար ընկերներիս, որոնցից շատերը չէին հասկանում, թե ինչ է կատարվում: Իսկ ռուսաստանցի ընկերներս, համենայնդեպս, ինքնապաշտպանության համար ինձ սառը զենք էին տվել: Սառնարանումս ամեն ինչ կար: Բայց աշխատում էի ուտել ինձ հետ տարած սնունդը, վստահելի ընկերներիս (այդ թվում՝ ադրբեջանցի, որոնց հետ հիմա էլ շարունակում ենք ջերմ հարաբերություններ պահպանել) հյուրասիրած մրգերը, իսկ երեկոները իմ կամ նրանց համարներում վայելում էինք ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեզ հետ դրած եւ իմ ընկերոջ՝ Գարիկ Ղազարյանի՝ ինձ տված կոնյակները: Եթե ուզում էի օգտվել հյուրանոցի սաունայից, լողավազանից կամ վարժասարքերից, թիկնապահներից մեկը նախ այնտեղ գտնվողներին դուրս էր բերում եւ միայն դրանից հետո էին ինձ թողնում ներս:

Ըմբիշները հայտնի են համերաշխությամբ, որը երբեք ու ոչ մի պարագայում չի մոռացվում: Ջերմ շփումներ էին լինում Ադրբեջանի օլիմպիական կոմիտեում, ըմբշամարտի ֆեդերացիայում այժմ ղեկավար պաշտոններ զբաղեցնող նախկին ըմբիշների, առաջնության կազմկոմիտեի այն անդամների հետ, ում հետ ընկերացել ենք դեռ խորհրդային տարիներին: Բոլորն էլ առաջարկում էին իրենց ծառայությունը, պատրաստ էին աջակցել ցանկացած հարցում: Միայն մրցումների դահլիճն էր, որ ընկճում էր հայաստանցիներիս:

Ընդհանուր առմամբ, սպասարկել եմ շուրջ 38 գոտեմարտ, 26-ում՝ գորգի վրա, մյուսներում՝ որպես կողային մրցավար: Մեկ գոտեմարտ էլ ինձ բաժին հասավ աղջիկների եզրափակիչից: Դահլիճում մրցավարների անունները չէին հայտարարում: Դրա համար էլ, երբ մտնում էի գորգ, հանդիսականը չէր իմանում, որ հայ եմ, այն էլ՝ Հայաստանից: Հակառակ դեպքում վայնասուն կգցեր, ինչպես մեր ըմբիշների դեպքում:

Մրցավարները ՖԻԼԱ-ից անկողմնակալ լինելու խիստ հանձնարարական ունեին, թեեւ վրիպումներ ու սխալներ լինում էին: Առանց դրա հնարավոր չէ: Այս առաջնությունը մեզ համար էլ Պեկինի օլիմպիական վարկանիշ ստանալու քննություն էր: Լսել եմ, որ շատերը դժգոհ են մնացել մրցավարության մակարդակից:

Բայց դա այնքան էլ այդպես չէ: Ըմբշամարտի ժամանակակից կանոնները մշակել են անվանի դեմքեր: Դրանցում կան բազմաթիվ նրբություններ: Ճշմարտությունն այն է, որ շատ մարզիչներ դրանք չգիտեն ու իրենց սաներին չեն սովորեցնում: Չբացառելով գոտեմարտերի սխալ ելքերը, որոնք այնքան էլ շատ չեն եղել, պիտի ասեմ, որ պարտվողը դրա պատճառները նախ եւ առաջ իր մեջ պետք է փնտրի:

\"\"Ինչ վերաբերում է այս առաջնությունում մեր հավաքականների անդամների պատրաստվածության աստիճանին, այս անգամ դա, իսկապես, շատ բարձր էր: Գլխավոր մարզիչներն ու մարզչական խորհուրդները լուրջ են աշխատել: Ըմբիշներից ոմանց պակասում էր միայն հոգեբանական տրամադրվածությունը: Դահլիճում մերոնց վրա ճնշումն ահավոր մեծ էր: Մի քանիսը չկարողացան այդ արգելքը հաղթահարել: Դա վերացնելու համար ժամանակ եւ մեր մարզական ղեկավարության պրոֆեսիոնալ աջակցությունն է անհրաժեշտ: Եթե առաջնությունը Բաքվում չանցկացվեր, վստահ եմ, մեր տղաներն առանձին ոճերում առնվազն 3-4 ուղեգիր կնվաճեին:

Հայաստանցիների հանդեպ ժողովուրդը, իսկապես, շատ վատ, թշնամաբար էր տրամադրված: Դա միայն մենք չէինք տեսնում եւ զգում: Մեր գորգը սպասարկող մրցավարները տհաճորեն զարմացած էին այդպիսի վերաբերմունքից եւ ասում էին. «Սա սպորտ է, քաղաքականություն չի: Եթե խնդիրներ ունեք, լուծեք կլոր սեղանների շուրջ կամ պատերազմի դաշտում, այլ ոչ թե մարզադահլիճում, այն էլ այսպես»: Ավելին ասեմ. երբ ի պատիվ Պատրիկեեւի նվաճած բրոնզե մեդալի պետք է եռագույնը բարձրացվեր, դրա պատասխանատուները մեր դրոշին անգամ չեն էլ դիպել: Դրոշը ձողին ամրացրել է իմ կիրգիզ ընկերներից մեկը: Այդ մասին նա ինձ հետո ասաց:

Կարեն Գիլոյան Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան

Սկսեմ նրանից, որ մենք՝ ես եւ «Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբան Կարո Պողոսյանը, բոլորի հետ միասին գտնվում էինք պահակախմբի խիստ հսկողության ներքո ու ոչ մի բանով չէինք տարբերվում պատվիրակության մյուս անդամներից: Հատկապես հյուրանոց գալուց հետո անհնար էր զբաղվել մասնագիտական պարտականությունների կատարումով: Այլ բան էր՝ դահլիճում: Օրվա գոտեմարտերից ամբողջական ինֆորմացիա ստանալու համար հարկ էր լինում գնալ մամուլի կենտրոն: Պարտադիր երկու պահապան ուղեկցում էին ու մեկն ինձ հետ ներս էր մտնում: Ես նստում էի համակարգչի առջեւ, իսկ նա կանգնում էր թիկունքիս: Դա որոշակի լարվածություն էր առաջ բերում, որովհետեւ չգիտեի, հետեւում է՝ թե ինչ եմ անում, թե պարզապես անվտանգությունս է ապահովում: Առաջին երկու օրն աշխատում էի 5-10 րոպեից ավելի չնստել: Հետո լարվածությունն անցավ: Արդեն ծանոթացել էինք ու նրանք էլ հասկացել էին, որ մենք նույնպես, ի վերջո, սովորական մարդ ենք: Կապը Երեւանի հետ որոշ իմաստով հեշտ ստացվեց, որովհետեւ պատրաստված էինք գնացել: Ես մոսկովյան ռոումինգ հեռախոսահամար ունեի: Դա Հայաստանի հետ կապի միակ տարբերակն էր լինելու, քանի որ Ադրբեջանում 374 կոդն ընդհանրապես անջատված է, գոյություն չունի: Հետո մեզ նաեւ ադրբեջանական հեռախոսահամար տվեցին ու գործնականում մեր աշխատանքային եւ անձնական կապը Երեւանի հետ ապահովվեց:

\"\"Հանրային հեռուստաընկերությունն այս անգամ ավելին արեց: Բացի նրանից, որ ամեն օր ուղիղ հեռարձակմամբ ցուցադրում էր գոնե եզրափակիչ գոտեմարտերը, որի իրավունքը ձեռք էր բերվել «Եվրոպայի հեռարձակողների միությունից» (Եվրովիժն), անկախ Հայաստանի 19 տարվա պատմության մեջ առաջին անգամ Բաքվից Երեւանի հետ ուղիղ հեռուստակապ հաստատեցինք՝ երկու անգամ ուղիղ եթեր մտնելով «Հայլուրի» լրատվական: Եթերը կարող էր ավելի շատ լինել, եթե տեղի TV «Lider»-ի ադրբեջանցի իմ գործընկերները չխոչընդոտեին: Այդ հեռուստաընկերությունն էր համագործակցում «Եվրովիժնի» եւ ՖԻԼԱ-ի հետ: Առաջին օրը նրանք չհասկացան, թե ինչպես պատահեց, որ ես եթեր մտա: Անակնկալի էին եկել՝ բավական չի, որ հայը հասել է Բաքու, դեռ ուղիղ կապ էլ է հաստատում: Երկրորդի ժամանակ ամեն բան արեցին ձախողելու համար: Նախ՝ դահլիճից տարան հյուրանոց: Հետո մինչ ծառայություններն իրար մեջ ճշտում էին, թե ով է ինձ հետ տանելու, հանկարծ «պարզվեց», որ ուշացել եմ ու եթերը չի կայանալու: Բայց երբ ասացի, որ «Եվրովիժնի» հետ պայմանագիր կա ստորագրած, որը նրանք խախտում են եւ ստիպված կլինեն խոշոր տուգանք վճարել, ամեն բան տեղում հարթվեց: Պետավտոտեսչության մեքենայով ավտոմատավորների ուղեկցությամբ ինձ անմիջապես տեղ հասցրին: Մինչեւ եթեր մտնելս զգուշացրին, որ քաղաքականությունից չխոսեմ: Օպերատորն էլ տեղեկացրեց, որ ինձ հայերեն հասկացող մարդիկ են լսելու եւ եթե մի ավելորդ բառ հնչի, անմիջապես եթերը կանջատեն: Ամեն բան նորմալ անցավ: Հաջորդ օրը, երբ Յուրի Պատրիկեեւը դարձավ բրոնզե մեդալակիր, նրա հետ պետք է ուղիղ եթեր մտնեի: Բայց այս անգամ նրանց դա ձախողել հաջողվեց: Մինչեւ 20.30-ը պնդում էին, թե ժամ չկա: Հետո ասացին հակառակը: «Եվրովիժնի» ներկայացուցիչը՝ Սեդրիկ անունով մի ֆրանսիացի, մեզ հետ էր կանչում: Բայց «Lider»-ի աշխատակիցների խոսքերով, տեխնիկան արդեն հավաքել էին ու մինչեւ նորից տեղադրեին, առնվազն մեկ ժամ կանցներ:

Մեր պահակախմբի մեջ կային եւ բարեհամբույր տրամադրված երիտասարդներ, եւ հակառակը: Ժողովուրդն էլ մեզ չէր սիրում: Երեւի այդպես էլ պետք է լիներ, քանի որ նրանց հեռուստաէկրաններից օրական առնվազն երկու ժամ քարոզում են, թե հայն իրենց թշնամին է, Ղարաբաղը խլել է եւ իրենք պետք է այն պատերազմով վերադարձնեն:

Ադրբեջանական մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ որեւէ շփում չի եղել: Ճիշտն ասած, ինքս էլ առանձնապես չէի ձգտում: Բայց չի եղել դեպք, որ նրանք ինձ մոտենան ու ես հրաժարվեմ: Միայն մամուլի կենտրոնի ղեկավարը՝ բարեկիրթ մի տղա, առաջին օրն իմանալով, որ Հայաստանից եմ, քաղաքակիրթ ձեւով ամեն ինչում աջակցելու պատրաստակամություն հայտնեց, թեեւ դրա կարիքը չեղավ: Դրա փոխարեն Բուլղարիայի, Ճապոնիայի, Գերմանիայի եւ այլ երկրների լրագրողները, որոնց հետ մտերմացել ենք տարբեր վայրերում, շատ էին զարմացած: Հարցնում էին, թե ո՞ւր մնացին «Ֆեեր փլեյի» կանոնները, ինչո՞ւ են հարեւան երկրում մեզ այդպես վերաբերվում՝ հաղթելիս չեն ծափահարում, պարտվելիս՝ ուրախանում են: Չէին պատկերցնում, թե ո՞րն է մեր՝ լրագրողներիս, մեղքը: Նրանք չէին կարող հասկանալ, որ մեր «հանցանքը» ընդամենը հայ լինելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել