Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես սիրում եմ օրիգինալ երեւալ»

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"Ապագա ռեժիսոր Էրիկան իր տարօրինակ ու գունեղ հագուստներով «շոկ» է առաջացնում Երեւանում

«Ես սիրում եմ օրիգինալ երեւալ ու դրա համար ամեն ինչ անում եմ: Բացում եմ զգեստապահարանս, ընտրում ամենավառ գույներ ունեցող շորերս, իրար վրա հագնում եմ եւ ամեն ինչ պատրաստ է՝ ուշադրության կենտրոնում եմ»,- ասում է Էրիկան: Յուրահատուկ արտաքին ունենալու, ուշադրության կենտրոնում հայտնվելու համար նա պատրաստ է ամեն ինչի: Երբեք սովորական ակնոց չի կրում: Այն պետք է լինի կամ շատ մեծ, կամ տարօրինակ գույնի: Երբեմն էլ լողի ակնոցներ է կրում: «Ճիշտ է, մեկ-մեկ ինձ հոգեկան հիվանդի տեղ են դնում, բայց ես նորմալ եմ: Ինձ դուր է գալիս, երբ բոլորը ինձ են նայում, հատկապես՝ հայ սեւավորված տղաները»,- ասում է Էրիկան: Աղջիկը 19 տարեկան է. մազերը գրեթե ամեն գույնի, երանգի եղել են. մանուշակագույն, կարմիր, կանաչ, կապույտ, հիմա էլ նարնջագույն է. «Հենց տուն եմ մտնում՝ տնեցիներն ուշադիր նայում են, թե իրենց երեխան էս անգա՛մ ինչ է արել: Ամենածանրը պապիկս է տանում: Ասում է՝ այ աղջիկ ջան, քեզ համեստ պահիր, վաղը-մյուս օրը ամուսնանալ կա, բան կա, քեզ պիտի գան ուզելու, դու Հայաստանում ես»: Էրիկան ասում է, որ իր անսովոր ոճի վերաբերյալ հիմնականում բացասական վերաբերմունք են ցուցաբերում աղջիկները: «Երբ սիրահար զույգեր են անցնում՝ տղան շրջվում եւ ուշադիր ինձ է նայում, ես էլ աչքով եմ անում: Մի քանի անգամ ընկերներս պատմել են, թե իմ աչքով անելը ինչ հետեւանքներ է ունեցել: Էդ աղջիկներին տեղն է, թող իրենց ընկերներին ավելի մոտից ճանաչեն, թող ինձ չնայեն՝ ես էլ աչքով չտամ»,- ասում է քաղաքի օրիգինալ աղջիկը: Նա սովորում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնի երրորդ կուրսում: Այս ընթացքում նույնիսկ իրենց համակուրսեցիների աչքը չի սովորել Էրիկայի հագուկապին: «Անկեղծ ասած, ամեն օր սպասում եմ, թե էս անգամ ինչ է անելու Էրիկան: Մի անգամ մտավ լսարան, տեսնեմ աչքերի վերեւի մասում տարօրինակ կանաչ գույնի փայլ է, քունքերի մոտ՝ սափրած, մի հատ էլ վզնոց էր գցել, կուլոնի մեջ մեծ սատկած ճանճ»,- ասում է նրա համակուրսեցին՝ Հակոբը:

«Հիմա պատրաստվում եմ կրկին մազերիս գույնը փոխել, նոր տատուներ պիտի անեմ ու էլի շատ բաներ, հիմա չասեմ, որ հենց անեմ՝ օրիգինալ կերեւամ: Ես բոլորին խորհուրդ եմ տալիս՝ իմ պես շատ գունավոր, տարօրինակ մի՛ հագնվեք, իսկ տղաներին էլ ուզում եմ ասել՝ սիրելի՛ երիտասարդներ, վե՛րջ տվեք ձեր միապաղաղ հագուստներին ու կյանքին»,- ասում է Էրիկան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել