Ի տարբերություն հայաստանյան բուհերի ռեկտորների, նորվեգացիներն ու շվեդները հեծանիվով են աշխատանքի գնում:
Վահրամ Տեր-Մաթեւոսյանն այն եզակի հայաստանցի երիտասարդներից է, որը կրթություն է ստացել Նորվեգիայում: Այդ երկրի կրթական հիմնադրամի «Քվոտա» կոչվող ծրագրով, որը կրթական մրցութային տեղեր է հատկացնում ԱՊՀ-ի եւ Արեւելյան Ասիայի մի շարք երկրներին, 2003-ին Վահրամը մեկնել է Նորվեգիա եւ ընդունվել Բերգենի համալսարանի դոկտորանտուրա՝ «Մերձավոր Արեւելքի եւ իսլամի ուսումնասիրության կենտրոն»: «Ցավոք, նշված կրթական հիմնադրամը սահմանափակ տեղեր է հատկացնում Հայաստանին: Ծրագիրն այժմ էլ է գործում՝ բայց կրկին «ժլատ» են հայերի հանդեպ,- հայտնեց Վ. Տեր-Մաթեւոսյանը:- Մրցույթի չափանիշներն անհասկանալի են ինձ համար, քանի որ բազմաթիվ հայ դիմորդներ անհաջողություն են կրել ու չգիտեմ՝ ինչու»: Ի տարբերություն եվրոպական եւ ամերիկյան համալսարանների, Նորվեգիայում շատ չեն հայաստանցի ուսանողները. «Բերգենում միայն ես եւ եւս մեկն էր Հայաստանից, Օսլոյի եւ Տրոմսոյի համալսարանում՝ 2-ական հայաստանցիներ»: Վ. Տեր-Մաթեւոսյանը «Առավոտին» պատմեց, թե Նորվեգիայում ինչ կրթակարգով է բուհերում կազմակերպվում ուսումնառությունը. «Դոկտորանտուրայում սովորողների համար չկան ֆինանսական սահմանափակումներ։ Համալսարանի միջոցներով կարող ես հետազոտություն իրականացնել քո թեզին առնչվող երկրում։ Անվճար կարող ես մասնակցել տվյալ թեմայով միջազգային բոլոր համաժողովներին, ընդգրկվել աշխատանքային խմբերում։ Օրինակ՝ 2003-ից սկսած, մի քանի անգամ եղել եմ Թուրքիայում, աշխատել գիտական եւ ակադեմիական շրջանակների հետ, քանի որ թեզիս թեման էր՝ «Քեմալիզմի գաղափարախոսության վերագնահատումը Թուրքիայում»։ ԱՄՆ-ի Սիեթըլ քաղաքի համալսարանի Ջեքսոնի անվան միջազգային հարաբերությունների դպրոցում էլ եմ մի քանի ամիս անցկացրել»: Իսկ մինչ դոկտորանտուրա ընդունվելը՝ 2000-ին Վահրամը Շվեդիայում՝ Լունդի համալսարանի «Արեւելյան եւ Հեռավորարեւելյան Ասիայի ուսումնասիրության կենտրոնում» մասնակցել է մագիստրոսական կուրսերի: Աշխարհի 4 համալսարաններում կապեր ունեցող ԵՊՀ նախկին շրջանավարտից հետաքրքրվեցինք, թե ինչ տարբերություններ կան Նորվեգիայում եւ Հայաստանում կրթության կազմակերպման դաշտում: «Նմանությունները քիչ են: Նրանց կրթական համակարգը, հակառակ մերի՝ ունի բրիտանական դպրոցի ազդեցությունը: Ի տարբերություն մեզ մոտ ժամանակին գոյություն ունեցած դիպլոմամոլության, այնտեղի ուսանողները գիտեն, որ իրենց զենքն ու խաղաթուղթը աշխատաշուկայում գիտելիքն է: Նորվեգիայում էլ հակում կա դեպի իրավաբանությունը, քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, սակայն այնտեղ մասնագիտությունների գծով համամասնությունն ավելի կարգավորված է»,- նկատեց Վահրամը: Նա հիշեց. «Եթե մեզ մոտ արտասահմանյան մեքենաներով են որոշում, թե որ ֆակուլտետն է ավելի հեղինակավոր, այնտեղ՝ հեծանիվներով։ Օրինակ՝ իրավաբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետների մասնաշենքերի դիմաց ամենաթանկարժեք հեծանիվներն էին կանգնած»: Եթե հայաստանյան բուհերի ռեկտորները շքեղ անձնական կամ ծառայողական մեքենաներով են աշխատանքի գնում, ապա, ըստ Վահրամի. «Նորվեգիայի Բերգենի եւ Շվեդիայի Լունդի համալսարանների ռեկտորները՝ հեծանիվներով»:
«Առավոտին» հետաքրքրեց, արդյո՞ք Նորվեգիայում բուհի շրջանավարտներն աշխատանք գտնելու խնդիր չունեն: «Նորվեգացիների՝ աշխատանք գտնելու խնդիրներն ավելի քիչ են, քան հայաստանցիներինը: Սակայն այնտեղ էլ խիստ է մրցակցությունը: Ընդունելության ժամանակ անպայման հաշվի են առնում դիպլոմներիդ քանակը, կամավորական աշխատանքներին մասնակցությանդ չափը»,- տեղեկացրեց Վահրամը: Հետաքրքրվեցինք, թե աշխատանքի ընդունվելու համար ծանոթ-բարեկամի գործոնը որոշի՞չ է: «Այդ հասկացությունն այնտեղ տրամաբանությունից դուրս է»,- ծիծաղով պատասխանեց նա: Վահրամը վստահեցրեց, որ այնտեղ կաշառքով քննություն չեն ստանում:
Պատմության ֆակուլտետի դասախոս, ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի գիտաշխատող Վ. Տեր-Մաթեւոսյանը Օսլոյում ժամանակին ուսուցչությամբ էլ է զբաղվել. «2004-ից մեկուկես տարի հայագիտական առարկաներ էի դասավանդում հայ երեխաներին։ Ցավոք, նույնիսկ 90-ականներին Հայաստանից մեկնած հայ ընտանիքների երեխաները դժվարանում էին հայերեն հաղորդակցվել: Հայկական դպրոց չկար, նորվեգական դպրոցում դասերից հետո արտաժամյա պարապմունքներ էի իրականացնում: Այժմ դրանք չեն շարունակվում, հայ մասնագետ չկա»: