Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավորը փաստաբանի հետ չունի

Հոկտեմբեր 13,2007 00:00

Դիմել են կարգապահական հանձնաժողովին

Երեկ ՀՀ փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպեցին փաստաբաններ Զարուհի Դանիելյանը, Նաիրա Խաչատրյանն ու Կարեն Մեջլումյանը: Նրանք վրդովված էին Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր Արա Կուբանյանի դրսեւորած վարքագծից: Կարեն Մեջլումյանն իր հետ բերել էր դատարանների նախագահների խորհրդի թիվ 77 որոշումը, ուր հաստատվել էր «Դատավորի վարքագծի կանոնագիրքը»: Ըստ փաստաբանի, Ա. Կուբանյանը խախտել է դատավորի այն պարտավորությունները, որոնք դատավորները ստանձնել են վերոհիշյալ կանոնագրքով: «Արդարադատության իրականացմանն ուղղված պարտականությունների կատարումը դատավորի համար պետք է լինի առաջնային՝ օրենքով նրան թույլատրված գործունեության այլ տեսակների նկատմամբ»,- ասում էր Կ. Մեջլումյանը, որի կարծիքով փաստաբանի հետ անձնական հակամարտությունը վերոհիշյալ դատավորի համար հիմք է դարձել բարեկրթության կանոնների խախտման:

Զարուհի Դանիելյանը ներկայացրել է մի քաղաքացիական գործի հետ կապված իր ու դատավորի միջեւ ծագած վեճը: Նաիրա Խաչատրյանի հետ նրանք եղել են լիազոր-ներկայացուցիչ: Երբ փաստաբանները ներկայացրել են հակընդդեմ հայցով հանդես գալու միջնորդություն, դատավորն առարկել է մի քանի անգամ: Փաստաբանը ստիպված միջնորդել է հետաձգել հարցի քննությունը: Մերժվել է եւ այդ, ու փաստաբանը բացարկ է հայտնել դատավորին: Բացարկը համարելով անձնական վիրավորանք, դատավորը հայտարարել է. «Եթե նորմալ փաստաբան լինեիր՝ կհասկանայիր, թե բացարկը որ դեպքում են անում»: Զ. Դանիելյանը տեղեկացրեց, որ գրավոր բացարկը, ի վերջո, ընդունվել է եւ հանձնվել դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանին: Տեղում հայտնել էին, թե բացարկի պատասխանը կտան նույն օրը, սակայն փաստաբանները 40 րոպե սպասելուց հետո տեղեկանում են, որ հայցվորը դատավորի հետ հեռացել է դատարանից:

Իսկ Նաիրա Խաչատրյանն ասաց, որ բացարկին վերաբերող որոշումը իրենք այդպես էլ չեն ստացել, այլ բանավոր տեղեկանում են, որ այն մերժվել է:

Փաստաբանները ներկայացնում են հակընդդեմ հայցը, ապա միջնորդում են, որ այն լսվի 10 օր հետո, քանի որ իրենք բացակայելու են հանրապետությունից: Պարզվում է, որ վճիռը հրապարակվել է այն ժամանակ, երբ փաստաբանները հանրապետությունից դուրս են: Ու երբ նրանք դիմել են դատավորի օգնականին վճիռը ստանալու համար, հետեւել է պատասխանը, թե փոստով կուղարկեն կամ «փաստաբանները թող հերթապահեն փոստատանը, մինչեւ վճիռը գա»:

Ըստ Զարուհի Դանիելյանի, երկու այլ քաղաքացիական գործեր նորից մակագրվում են Ա. Կուբանյանին: Վերջինս նախորդ բացարկի մասին չէր մոռացել, մերժել է հայցը վարույթ ընդունել: Փաստաբանը դիմել է վերաքննիչ դատարան, հայցի ընդունումը մերժելու որոշումը վերացվել է, եւ գործը ուղարկվել կրկին Ա. Կուբանյանի մոտ:

Փաստաբանները դատավորի վարքագծի հետ կապված դիմել են արդարադատության նախարարին, Արդարադատության խորհրդին, էթիկայի հանձնաժողովին: Պատասխան է ստացվել միայն արդարադատության նախարարությունից, որը հորդորել է դիմել ճիշտ հասցեատիրոջը՝ էթիկայի հանձնաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել