Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԴՈՓՈՒՄ Է ՏԵՂՈՒՄ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"ՀՀ ոստիկանության շենքում «Պանդոկ» ռեստորանի տնօրեն Լեւոն Գուլյանին ինքնասպանության հասցնելու գործով Երեւանի դատախազության կողմից անցկացվող նախաքննությունը 5 ամիս է, ինչ որեւէ արդյունքի չի հասնում:

Երեկվա մամուլի ասուլիսում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ, փաստաբաններ Արամ Կարախանյանը եւ Հրայր Ղուկասյանը հայտնեցին, որ թեեւ Գուլյանի զոհվելուց անցել է արդեն 5 ամիս, բայց գործով «որեւէ անձ որպես կասկածյալ կամ մեղադրյալ չի ներգրավվել, մինչդեռ նախաքննությունից ստացված կցկտուր տեղեկություններից ակնհայտ է, որ Լ. Գուլյանի նկատմամբ մի քանի օրվա ընթացքում կատարվել են անօրինական, կամայական եւ հանցավոր գործողություններ»:

Ըստ փաստաբանների, նախաքննությունն իրականացվում է ոչ հրապարակային, քանի որ նախաքննական մարմինը տեղեկություններ չի ցանկանում տրամադրել քրեական գործի ընթացքի ու արդյունքների մասին: «Չի կարելի կանգնել ու փորձել համոզել, թե մածունը սեւ է»,- հավելեցին տուժողի ներկայացուցիչները:

Ըստ ոստիկանության ծառայողական քննության, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել ընդամենը երկու աշխատակից: Նրանց մեղսագրվել է հետեւյալը. «մասնագիտական ցածր պատրաստվածության եւ Լ. Գուլյանին սենյակում մենակ թողնելու համար»:

Փաստաբան Արամ Կարախանյանն էլ ասաց, որ մինչ օրս չի ստացվել ԵԱՀԿ նախաձեռնությամբ դեռեւս մայիսի 19-ին հրավիրված միջազգային անկախ փորձագետների կողմից տրված դատաբժշկական եզրակացության պաշտոնական տարբերակը:

Փորձագետները թեեւ իրենց հերթին հավաստիացրել են, որ դեռեւս հունիսին չորս հասցեով ուղարկել են եզրակացության բնօրինակը, սակայն տուժողի իրավահաջորդի խնդրանքը՝ ուղարկել եզրակացության ուղարկված լինելու փաստը հաստատող անդորրագրերը, չի բավարարվել:

Փաստաբանները պնդեցին ամիսներ առաջ արված իրենց կարծիքը. Հայաստանում անցկացված դատաբժշկական փորձաքննության եւ օտարերկրյա փորձագետների եզրակացությունում կան էական տարբերություններ: Ըստ նրանց՝ կան ապացույցներ, որոնք վկայում են, որ Լ. Գուլյանին ոչ միայն հարվածել են, այլեւ եղել են պատուհանից բռնի կերպով դուրս նետելու կամ «անշարժացած մարմնից ազատվելու փորձեր»: Մինչդեռ, պաշտոնական եզրակացությամբ, Գուլյանը զոհ է դարձել դժբախտ պատահարի՝ «փախուստի փորձ կատարելիս»:

Փաստաբանները հայտարարեցին, որ իրենք շարունակելու են պնդել, որպեսզի ստացվի օտարերկրյա փորձագետների եզրակացության բնօրինակը, կցվի գործին, իսկ Լ. Գուլյանի մահվան մեջ մեղավոր անձինք ներգրավվեն քրեական գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել