Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բնակիչները հրաժարվում են վարձերը վճարել

Հոկտեմբեր 13,2007 00:00

Քանի որ համատիրությունը ոչ միայն շենքի խնդիրներով չի զբաղվում, այլեւ աչք է փակել ապօրինի շինարարության վրա:

Մաշտոցի պողոտայի 14 շենքի 1-ին մուտքի եւ Խորենացի 2-րդ շենքի բնակիչներն իրենց համատիրությանը բնակվարձերի մեծ պարտքեր ունեն, քանի որ 4 տարի է՝ հրաժարվում են վճարումներ կատարել: Բնակիչների ներկայացմամբ, իրենք այդ գումարները միտումնավոր չեն վճարել, փորձելով այդ կերպ իրենց բողոքն արտահայտել առաջին հարկի հարեւանի կատարած անթույլատրելի շինարարության եւ համատիրության դեմ:

Իրենց շենքի 4-րդ բնակարանի սեփականատերը դեռեւս 4 տարի առաջ, արհամարհելով շենքի բնակիչների կարծիքը, փորել է շենքի տակն ու կառուցել մոտ 3 մետր խորությամբ նկուղ: Մաշտոցի 14 շենքի բնակիչները պնդում են, որ այդ շինարարությունը անթույլատրելի է, որովհետեւ վտանգում է շենքի սեյսմակայունությունը: Արդեն 4 տարի է՝ բնակիչներն ահը սրտներում ապրում են՝ սպասելով, որ մի օր իրենց շենքը փուլ է գալու: Շենքի բնակիչ Ռոբերտ Սահակյանը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է, տեսել է, որ շենքի 20 սմ հաստություն ունեցող միջնորմները, 2 սենյակների միջնապատն ու կրող պատերը քանդված են: Բնակիչների՝ տարբեր ատյաններին ուղղված բողոքներից հետո Երեւանի քաղաքապետարանը 2003-ի հոկտեմբերի 7-ին դադարեցրել է շինաշխատանքները, քանի որ որոշ թերություններ է հատնաբերել: Բայց 2005-ի գարնանը սեփականատերը շինարարությունը վերսկսել է: «Փոխանակ դրանից հետո պատերն ամրացնող միջոցներ ձեռնարկեին ու հետլիցք անեին, արդեն շենքի տակից մոտ 150 բեռնատար մեքենա հող են դուրս բերել, ամբողջ գրունտը հանել են»,- ասում են բնակիչները:

Մինչ բնակիչները շարունակում են իրենց բողոքներն ու պայքարը, կառուցապատող Արա Մովսեսյանը հասցրել է շինարարություն կատարելու համար անհրաժեշտ թույլտվությունը ձեռք բերել, նա արդեն փորել է իր տան տակի ամբողջ տարածքը: Սեփականատերը նաեւ Կենտրոն թաղապետարանից ունի 4-րդ բնակարանի հատակատակի նիշի (նշված չէ՝ քանի մետր) իջեցման թույլտվություն:

«Այսքան ժամանակ մեր պայքարը բանի տեղ չդրեցին, հիմա էլ եկել են ու մեզնից յուրաքանչյուրից պահանջում են, որ տան վարձ մուծենք: Մեր համատիրությունը ծանուցագրեր էլ է ուղարկել, որ անպայման տանենք այդ գումարները մուծենք»,- բորբոքված պատմում էին բնակիչները: Ռոբերտ Սահակյանի ծանուցագրի մեջ նշել էին՝ պարտք է 83 հազար 383 դրամ: Բնակիչներին հատկապես զայրացրել էր այն, որ համատիրության ոչ մի աշխատակից իրենց բողոքով չի զբաղվել. «Անգամ շենքի աստիճանները չեն նորոգել, մեր շենքի տանիքից ջուր է կաթում, կոյուղաջրերը հենց շենքի տակով են անցնում, հիմքն անընդհատ խոնավ է: Ինչո՞ւ են մեզնից գումար ուզում, ո՞ր մի արածի համար»: Բացի այդ, բնակիչները պնդում էին, որ իրենց ոչ ոք չի տեղեկացրել, որ համատիրություն ունեն. «Մենք այս ծանուցագրերը ստանալուց հետո միայն իմացանք, որ մեր շենքը համատիրություն ունի եւ այդ համատիրության նախագահն էլ Ռոբերտ Գալոյանն է, որին մենք չենք ճանաչում եւ չենք էլ ընտրել: Չգիտենք նաեւ համատիրության տեղը»:

Այս առնչությամբ Մաշտոցի 14 շենքի համատիրությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ կառավարության 2002 թվականի 2001 որոշմամբ Կենտրոն համայնքի բնակիչներն իրենց տան մեկ քմ-ի դիմաց պետք է վճարեն 13 դրամ եւ ավելացրին, որ Մաշտոցի 14 շենքի համատիրությունը գտնվում է Մաշտոցի 6 հասցեում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել