Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍԿՈՒ ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ՝ ՄԵՂՐԻՈՒՄ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"Մեղրեցիները մտավախություն ունեն, որ իրենց քաղաքում կառուցվող ոսկու գործարանը շրջակա միջավայրին վնաս կհասցնի: \"\"

Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ոսկու հանքերում կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ ներկայումս Լիճքվազ-Թեյի հանքավայրում կա մոտ 17, իսկ Տերտերասարի հանքում՝ 3 տոննա մաքուր ոսկի: Նախնական հաշվարկներով, 1 տոննա հանքանյութի մեջ ոսկու միջին պարունակությունը Տերտերասարի հանքավայրում՝ 10, իսկ Լիճքվազ-Թեյում՝ 5 գրամ է: Հոկտեմբերի 10-11-ը Մեղրի այցելած լրագրողներին այս մասին հայտնեց ավստրալիական «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերության ներկայացուցիչ Մանվել Բագրատյանը: Այս ընկերությանը երկու տարի առաջ լիցենզիա է տրվել շահագործելու Մեղրիի ոսկու հանքերը: Նախկինում հանքերը տնօրինել է «Սիփան 1» ՍՊԸ-ն: Տնտեսական լրագրողների ակումբի նախաձեռնությամբ՝ լրագրողները այցելեցին Մեղրիում գործող Այգեձորի ոսկու կորզման ֆաբրիկա: Մինչ նոր սեփականատեր ունենալն այս ֆաբրիկան արտադրել է միայն ոսկու խտանյութ, սակայն այժմ ոսկու ձուլակտորներ է պատրաստում: Ֆաբրիկայի պատասխանատուների ներկայացմամբ, ֆաբրիկան վերջին տասը ամիսների ընթացքում 50 կգ ոսկու ձուլակտորներ է արտադրել: Գործարանի բանվորներից մեկի՝ Կարեն Ավետիսյանի խոսքերով. «Արդեն 2 տարի է, ինչ էս ֆաբրիկայի քարի մանրացման արտադրամասում եմ աշխատում: Որեւէ դժգոհություն չունեմ, լավ են վարձատրում՝ 120 հազար դրամ փող եմ ստանում»:

Ըստ «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերության ներկայացուցիչների, նոր հայտնաբերված Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերի հումքը մշակելու համար Այգեձորի ֆաբրիկան բավարար հնարավորություններ չունի, եւ ընկերությունը $65 միլիոն ներդրմամբ նախատեսում է բոլոր հնարավորություններով հագեցած գործարան կառուցել:

Մանվել Բագրատյանի խոսքերով. «Ամբողջ Մեղրին քայլ առ քայլ պտտվել ենք, որպեսզի գործարանի կառուցման համար հարմար տարածք գտնենք: Վերջապես որոշվեց նոր գործարանը կառուցել նախկին խճաքարի հանքավայրի տեղում, որտեղ ոչ բնություն կա, ոչ էլ բնակչություն: Ամենամոտ բնակչությունն այս տարածքից գտնվում է 16 կիլոմետր հեռավորության վրա»:

20 հա զբաղեցնող նոր գործարանի կառուցման համար նախատեսվում է ծախսել $15-20 միլիոն: Թե որքանով նոր կառուցվող գործարանը բնապահպանական, առողջապահական եւ աշխատանքի անվտանգության տեսանկյունից ապահով կլինի, մի քանի օրից կպարզեն «Այբիրիան Ռիսորսիզ» ընկերության հրավերով Անգլիայից ժամանած «Golder Associates» փորձագիտական ընկերության ներկայացուցիչները: Նրանցից մեկի՝ Պոլ Լոուրենսի խոսքերով. «Տարածքն ուսումնասիրելու ենք շատ մանրամասնորեն, որպեսզի բացահայտենք բոլոր հնարավոր թերությունները եւ մատնանշենք այն ճյուղերը, որտեղ պետք է որոշակի վերափոխումներ կատարել»: Ըստ Մ. Բագրատյանի, նոր գործարանը 400 աշխատատեղ կապահովի, իսկ նոր սարքավորումների եւ մշակման նոր տեխնոլոգիաների շնորհիվ 2009 թվականին հոկտեմբերի 1-ից օրական կարտադրվի մինչեւ 10 կիլոգրամ մաքուր ոսկի: Նրա խոսքերով. «Հիմա ամիսը մշակում ենք 7 հազար տոննա հանքանյութ, իսկ նոր գործարանում նախատեսվում է օրական մշակել 2 հազար տոննա, բացի այդ, ներկայումս Այգեձորի ֆաբրիկայում հանքանյութի մշակման շնորհիվ կարողանում ենք ստանալ միայն ոսկու 40%-ը, իսկ 60%-ը մնում է պոչամբարներում: Նոր գործարանում հնարավորություն կունենանք հանքանյութից կորզելու ոսկու 97%-ը»: Տերտերասարի եւ Լիճքվազ-Թեյի հանքավայրերում ընկերությունն արդեն կատարել է $20 մլն ներդրումներ, իսկ առաջիկա երկու տարում պատրաստվում է ներդնել եւս $47 միլիոն: Այգեձորի գործարանի սեփականաշնորհումից հետո առաջին անգամ մոտ մեկ միլիոն դոլար արժողությամբ առաջին արտադրանքը շուտով կարտահանվի Ավստրալիա: Պարոն Բագրատյանը կարծում է, որ ոսկի արտադրողն իր արտադրանքը տեղում իրացնելու ոչ մի հնարավորություն չունի: «Մեր արտահանածի 20%-ը, այսինքն՝ ավելացված արժեքի գումարները կարող ենք կառավարությունից ետ ստանալ, իսկ տեղում իրացնելու դեպքում ավելացված արժեքի հարկ չկա, հետեւապես այդ 20%-ը պետք է մտնի ինքնարժեքի մեջ: Այսօր Հայաստանում արտադրողին ձեռնտու է ոսկու արտահանումը, իսկ մեր տեղացիներին էլ ձեռնտու է այն դրսից գնելը, մեր օրենքով այսպես է ստացվում»,- ՀՀ հարկային օրենսդրությունից դժգոհեց Մ. Բագրատյանը:

«Այբիրիան Ռիսորսիզ» ընկերության գործունեությունից գոհ է նաեւ Մեղրիի քաղաքապետ Միշա Հովհաննիսյանը: «Առավոտի» հետ զրույցում նա նշեց. «Այս կազմակերպությունը չի եկել մեզ վնաս պատճառելու կամ հարստանալու, նրանք մտածում են, որ սկզբից Մեղրիի աշխատատեղերի ու բնապահպանական հարցերը լուծեն, հետո նոր իրենց բիզնեսը զարգացնեն: Իսկ այդ հանքից ոչ մի վտանգ էլ չի կարող լինել, որ վտանգավոր լիներ՝ իրենք կգայի՞ն էստեղ աշխատելու»:

Ապացուցելու համար, որ ոսկու նոր գործարանի կառուցումը Մեղրու բնության, առավել եւս բնակչության համար որեւէ վտանգ չի ներկայացնում, փորձագիտական խմբի ներկայացուցիչները երեկ հանդիպեցին նաեւ տեղի բնակչության հետ: Բնակիչներից մեկը կասկած հայտնեց, թե ինչքան էլ իրենց ապացուցեն, որ ամեն ինչ անվտանգ է, միեւնույն է, իրենք են տարիներով այստեղ ապրելու եւ իրենցից շատ որեւէ մեկն իրենց քաղաքի մասին չի կարող մտածել: Բնակչի այս դիտարկմանը փորձագետները չհասցրին պատասխանել, քանի որ քաղաքապետ Մ. Հովհաննիսյանին շատ վրդովեցրեց մեղրեցու այս խոսքերը եւ նա զայրացած պատասխանեց. «Դուք ե՞ք մտածում ձեր քաղաքի մասին: Ինչքան ասում եմ քաղաքը մաքուր պահեք՝ չի ստացվում: Դուք չէի՞ք, որ ամբողջ զբոսայգու ծառերը ոչնչացրիք, լուսավորությունը ջարդեցիք ու կաբելներն էլ տարաք: Իսկ էս մարդիկ եկել՝ ձեզ համար աշխատատեղի խնդիր են լուծում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել