Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պայթյուններից մարդիկ լեղապատառ են լինում

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"«էլիտար» շենքի կառուցապատման պատճառով հարեւան շենքերի բնակիչներն ամեն օր սրտի կաթիլներ են խմում, որ հանգստանան:

«Մենք ամեն օր վեր ենք թռնում ձայներից: Էնպիսի պայթյուններ են լինում, որ թվում է՝ շենքն ուր որ է փուլ է գալու: Եթե պայթյունի ժամանակ դրսում ենք լինում՝ ինչ ասես, որ գլխներիս չի թափվում՝ էլ քարեր, փոշի, մանր-մունր շինարարական թափոններ»,- «Առավոտին» բողոքեցին Զեյթուն համայնքի Պարյուր Սեւակի 7-րդ եւ 9-րդ շենքերի բնակիչները: Այդ երկու շենքերի հարեւանությամբ 12 հարկանի բնակելի շենք է եղել, որը խորհրդային տարիներին է կառուցվել ու շինարարությունը կիսատ է մնացել: Այժմ այդ կիսակառույցի նոր սեփականատերն ուզում է այն քանդել եւ այդ տարածքում նոր «էլիտար» շենք կառուցել: Սակայն պարզվում է՝ կիսակառույցի նկուղը նախկինում նախատեսված է եղել ծառայելու որպես գազապաստարան եւ կառուցվել է շատ ամուր պատերով, ուստի, քանի որ այն սովորական շինտեխնիկայով հնարավոր չէ քանդել՝ կառուցապատողները դիմել են պայթուցիչների օգնությանը: «Օրումեջ շենքն էլ, մեզ էլ հետը գմփացնում են: Մենք ամեն պայթյունից լեղապատառ ենք լինում: Մեր ինստիտուտի պատուհաններից մի քանիսն այդ չարաբաստիկ շենքի կողմն են ընկնում եւ շուտով դրանց վրա ապակի չի մնալու: Աստված չանի, պայթյունի պահին պատուհանի մոտ կամ ինստիտուտի բակում լինես՝ ողջ չես մնա: Փաստորեն, մեր անվտանգության եւ առողջության հաշվին շինարարություն են անում»,- «Առավոտին» բողոքեցին Կենդանաբանության ինստիտուտի աշխատակիցները: Կենդանաբանության ինստիտուտի շենքը Պարույր Սեւակի 7 հասցեում է տեղակայված: Ինստիտուտի շենքում է գտնվում նաեւ Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանության կենտրոնը, որի տնօրեն Գագիկ Սարկիսովի խոսքերով՝ իրենք արդեն մեկ ամսից ավելի է՝ հանգիստ չունեն. «Մոտ 60 աշխատակից ունենք, որոնց մեծ մասը միջին տարիքի են եւ ամեն պայթյունից հետո սրտի կաթիլներ են խմում, որ հանգստանան»:

Նոր կառուցվող «էլիտար» շենքի հարեւանությամբ գործում է նաեւ համայնքի թիվ 7 մանկապարտեզը, որտեղ մոտ 50 երեխա է հաճախում: Այս մանկապարտեզի տնօրեն Արփինե Խաչատրյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ պայթյունները հաճախ համընկնում են երեխաների քնի ժամին. «Մեր դաստիարակները երեխաներին ստիպված խաբում են, շեղում, ասում են, որ դրսում հրավառություն է, դրա համար էլ այդքան ուժգին ձայներ են գալիս»:

Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Գեւորգ Բոյախչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ պայթյունների խնդրով բազմիցս դիմել են Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարան, որտեղից խոստացել են բողոքը փոխանցել Երեւանի քաղաքապետարան:

Քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Գագիկ Մկրտչյանն «Առավոտին» պարզաբանեց, որ կառուցապատողներն իրավունք ունեին այնտեղ պայթյունների միջոցով նախկին կիսակառույցը քանդելու, քանի որ դրա համար լիցենզիա են ստացել. «Սակայն հաշվի առնելով, որ պայթյունները խանգարել են բնակիչներին՝ առայժմ ժամանակավորապես արգելվել է այդ տարբերակով շենքի քանդումը, մինչեւ տարածքում մասնագետները հավելյալ ուսումնասիրություններ կատարեն՝ կամ թույլատրեն պայթեցնել, կամ՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել