Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՄԱՐԶԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 13,2007 00:00

«Հայփոստի» տնօրինությունը հիմա էլ կադրերի զանգվածային կրճատումներ է սկսել անել ընկերության մարզային մասնաճյուղերում:

Օրերս «Հայփոստի» հոլանդացի նոր ղեկավարները առանց որեւէ պատճառաբանության աշխատանքից ազատել էին ընկերության մոտ 270 աշխատակցի: Ընկերությունը նույնպիսի կադրային քաղաքականություն է իրականացնում նաեւ մարզերում: Միայն վերջին օրերին Գյումրիի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռվա մարզերի մասնաճյուղերում մի քանի տասնյակ աշխատակից է գործից ազատվել. ընկերության տնօրինությունը պարզապես հրաժարվել է այդ աշխատակիցների հետ նոր պայմանագիր կնքել: Նրանք, ովքեր դեռեւս շարունակում են «Հայփոստի» աշխատակիցներ համարվել, պայմանագիրը կնքել են ընդամենը եռամսյա ժամկետով, այսինքն՝ հունվարին նրանք նույնպես կարող են հայտնվել գործազուրկ դառնալու խնդրի առջեւ: Բացի այդ, ընկերությունում կադրային կրճատումներ անելով՝ «Հայփոստի» ղեկավարները նրանց աշխատանքային պարտականությունները դնում են մյուս հաստիքային աշխատողների վրա՝ առանց աշխատավարձը բարձրացնելու: Ուստի այդ աշխատակիցներն էլ, հրաժարվելով նույն աշխատավարձով ստանձնել լրացուցիչ պարտականություններ, ինքնակամ են դիմում գրում ու ազատվում աշխատանքից: Օրինակ՝ Չարենցավանի մասնաճյուղի տնօրեն Գնել Քոչարյանն ինքն է հրաժարվել աշխատել «Հայփոստում». «Նոր ղեկավարները ոչ պրոֆեսիոնալ են եւ ընդհանրապես տեղեկություն չունեն, թե ինչ բան է փոստային համակարգը: Բացի այդ, նրանց վերաբերմունքը մեր նկատմամբ անբարյացակամ է, նրանք վերեւից են նայում մեզ: Մինչդեռ կոնկրետ մեր մասնաճյուղը 3 տարվա մեջ կրկնակի ավելացրել է ընկերության եկամուտները, ընդ որում՝ այդ ընթացքում աշխատավարձերն էլ չեն բարձրացրել: Ո՛չ մասնագիտական առումով, ո՛չ էլ բարձրագույն կրթությամբ նրանք մեզնից ոչնչով ավելի չեն: Նման տնօրեններին լռեցնելու լավագույն միջոցը նրանց հետ պայմանագիր չկնքելն է»:

«Հայփոստի» տնօրինության կադրային քաղաքականությունը հունից հանել է հատկապես այն կրճատված մասնագետներին, որոնք հանրապետությունում եզակի են եւ իրենց ամբողջ կյանքը ներդրել են Հայաստանի փոստային կապի ոլորտում: Ընկերության ղեկավարությունը հրաժարվել է աշխատանքային պայմանագրեր կնքել «Վանաձոր» մասնաճյուղի 8 բարձրակարգ մասնագետների հետ: Իսկ երբ մասնաճյուղի տնօրեն Էդվարդ Խլղաթյանը միջնորդել է ընկերության ղեկավարությանը, որ գոնե 4 աշխատակցի վերականգնեն, քանի որ նրանք իրենց գործում իսկական պրոֆեսիոնալներ են՝ ընկերության ղեկավարությունը վերջինիս գրավոր պատասխանել է, որ այդուհետեւ Է. Խլղաթյանը նույնպես ազատված է աշխատանքից: «Վանաձոր» մասնաճյուղի կոլեկտիվը նախօրեին անց է կացրել ընդհանուր ժողով եւ կոլեկտիվի 145 անդամի համաձայնությամբ որոշել, որ հոկտեմբերի 16-ից ողջ աշխատակազմն այլեւս գործի չի գնա: Կոլեկտիվն իր ընդհանուր ժողովի արձանագրությունն ուղարկել է «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ տեղյակ պահելով գործադուլի մասին, հետեւանքների պատասխանատվությունը դնելով ընկերության ղեկավարության վրա: Արձանագրության մեջ նշվում է. «Ժողովականներն իրենց վրդովմունքն են հայտնում «Հայփոստի» ղեկավարության կադրային քաղաքականության վերաբերյալ, հատկապես մասնագետ եւ փոստին գիտակ աշխատակիցներին զանգվածաբար ազատելու համար»: Հարկ է նշել, որ այս մասնաճյուղը վերջին 5 տարիներին մեծ շահույթներ է բերել ընկերությանը: 2002-ի 2 մլն դրամ վնասի դիմաց 2006-ին տվել է 42 մլն դրամի շահույթ: Հնարավոր է, որ վանաձորցի գործադուլավորներին միանան նաեւ մարզի մյուս քաղաքների, մասնավորապես՝ Սպիտակի եւ Ստեփանավանի մասնաճյուղերի աշխատակիցները:

Աշխատանքային պայմանագիր չի կնքվել նաեւ Չարենցավանի, Աբովյանի եւ Վանաձորի մասնաճյուղերի տնօրենների հետ: «Հայփոստի» տնօրենն իրեն չգիտես ում տեղն է դրել: Նրա աշխատասենյակ մտնելու համար պետք է ամիսներով դիմում գրես, այն էլ հարց է՝ կբարեհաճի՞ զրուցել, խնդիրները քննարկել, թե՝ ոչ»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին կրճատված աշխատակիցները: Նրանց ներկայացմամբ՝ «Երբ որեւէ խնդիր ենք ուզում բարձրացնել գլխավոր տնօրենի մոտ, ապա նրա փոխարեն բոլոր հարցերին պատասխանում է գլխավոր տնօրենի տեղակալի օգնականի քարտուղարուհին, որը, մեր պատկերացմամբ, պետք է միայն գործավարի իր պարտականությունները կատարի»: Ըստ աշխատակիցների, «Հայփոստի» փոխտնօրեն Քըրք Օդաբաշյանը բացարձակապես անտեղյակ է թե՛ համակարգից եւ թե՛ առհասարակ Հայաստանի փոստային կապից. «Օդաբաշյանը չգիտի անգամ, թե որտեղ է Մեղրին եւ այնտեղ փոստային առաքումներն իրականացնելու համար որքան վառելիք է անհրաժեշտ, ուստի դա նույնպես մեր համակարգում դժվարություններ ու խնդիրներ էր ստեղծում»: Բացի այդ, «Հայփոստի» արդեն նախկին աշխատակիցները վստահեցրին, որ մարզային բաժանմունքներում ներդրումների մեծ կարիք կա, անհրաժեշտ է թարմացնել տեխնիկան, համակարգիչները, մեքենաները, մինչդեռ նման հարցերը նոր ղեկավարությանը չեն մտահոգում եւ նրանք ոչ մի ներդրում մարզերում չեն կատարում: Չկան պայմաններ նամակը եւ փոստային առաքումները ժամանակին տեղ հասցնելու համար, մինչդեռ դրանք կարող են լինել շատ հրատապ եւ մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող:

Հիշեցնենք, որ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը «Հայփոստում» կադրային կրճատումների հետ կապված խոստացել էր, որ տնօրեններից պարզաբանումներ ու բացատրություններ է պահանջելու: Երեկ մենք հետաքրքրվեցինք, թե ընկերությունից նախարարին ի՞նչ բացատրություն են տվել: Նախարարությունից խոստացան այդ մասին տեղեկատվություն տրամադրել առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել