Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՎՈՐ Է ԱԶԳԸ ՄԻԱԲԱՆՈՂ ԾՐԱԳԻՐ

Հոկտեմբեր 13,2007 00:00

«Առավոտի» հարցին՝ որքանո՞վ է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը հավանական համարում Ռոբերտ Քոչարյանի՝ ՀՀ վարչապետ դառնալը պուտինյան ճանապարհով, պարոն Գեղամյանը պատասխանեց իրեն հատուկ ոճով:

Ըստ մեր զրուցակցի՝ «Վլադիմիր Պուտինը իր իշխանավարության տարիներին հնարավոր նման հանգուցալուծման համար կատարել է տրամաբանական մի շարք քայլեր. ասենք՝ ՌԴ Պետդումային 8 անգամ ուղերձ է հղել: Դրանց հանրագումարում ծնվեց եռամյա բյուջեի գաղափարը, որը հաստատման փուլում է, մշակվել, պետականորեն հաստատվել ու գործի են դրվել ազգային ծրագրեր, որոնք խիստ կենսական ու հեռանկարային ուղղվածություն ունեն: Այդ ամենում արդեն պարզորոշ ուրվագծված են երկրի զարգացման հեռանկարային հիմնական ուղղությունները, տասնամյակներին միտված երկրի զարգացումները: Եվ շատ կարեւոր է, որ այդ ծրագրերը հավանության են արժանացել ՌԴ բնակչության կողմից, իսկ դրանց հեղինակն էլ աննախադեպ բարձր վարկանիշ ունի: Եվ ժողովուրդը, ում գլխով մինչեւ Պուտինի իշխանության գալը շատ ու շատ փորձություններ են անցել, հիմա աչքի լույսի պես ձգտում է պահպանել այդ ամենը, որ հանկարծ իշխանափոխության արդյունքում նշմարվող ձեռքբերումները հօդս չցնդեն: Հենց այդ պատճառով էլ ժողովուրդն է շահագրգռված, որ Ռուսաստանում պահպանվի իշխանության հաջորդայնությունը: Մեզանում, ցավոք, եթե կա, ապա դա կառավարության մեկ տարվա ծրագիրն է: Իսկ ժողովրդի սեփականությունը դարձած, հույս ու հավատ ներշնչող եւ ոչ մի ծրագրային փաստաթուղթ հրապարակում ընդհանրապես չկա, մինչդեռ վաղուց այն խիստ պահանջված է: Եվ եթե լինեին ազգը միաբանող նման ծրագրեր, ինչո՞ւ չէ, գուցե մենք էլ ձեզ հետ միասին ասեինք, որ ստեղծված իրավիճակում, անկախ մինչ օրս եղած քաղաքական լուրջ տարաձայնություններից, երկրի համար չարյաց փոքրագույնը կլիներ, որ Ռուսաստանում ընթացող գործընթացների օրինակով նման զարգացումներ ընթանային նաեւ Հայաստանում: Ավա՜ղ, այդ ամենը չկա: Ուրիշ բան, որ դրան մենք պետք է գանք եւ ինչքան շուտ, այնքան լավ, թեկուզ եւ իշխանությունների հետ համագործակցությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել