Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կհանդիպեն հայրենիքում

Հոկտեմբեր 13,2007 00:00

Նոյեմբերին Երեւանում տեղի կունենա ՀՅԴ-ռամկավարներ համատեղ համաժողով

Ամիսներ առաջ Դաշնակցության առաջարկությամբ Փարիզում կայացավ Սփյուռքում գործող հայկական երեք ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումը՝ «Սփյուռքում համաձայնեցված գործունեություն ծավալելու» օրակարգով: Արդյունքում՝ հաջորդ հանդիպման ժամանակ Դաշնակցության կողմից առաջարկ է ներկայացվել աշնանը Հայաստանում համատեղ համագումար գումարել եւ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերել: Այդ համագումարը կգումարվի արդեն նոյեմբերի 1-7-ը ընկած ժամանակահատվածում: Մեր աղբյուրի փոխանցմամբ, Դաշնակցության իրական նպատակն է առաջիկա նախագահական ընտրությունների ֆոնի վրա Հայաստանում ՀՅԴ-ին ներկայացնել առանցքային՝ շրջապատված մյուս երկու ավանդական կուսակցություններով: Մեր տեղեկություններով, հնչակյանները միանգամից հրաժարվել են այդ ձեւաչափում համագործակցել, մինչդեռ ռամկավարները սիրով են համաձայնել: Այս հանգամանքը շատերը բացատրում են նրանով, որ ՌԱԿ կենտրոնական վարչության ատենապետ Մայք Խարապեանն «այդքան էլ քաղաքական մարդ չէ», իսկ ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն էլ այդ համագործակցությամբ փորձելու է հայաստանյան քաղաքական դաշտում իր դիրքերն ամրապնդել: Մանավանդ որ՝ վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, թե ՀՌԱԿ-ի եւ «Դաշինք»-ի միաձուլումից հետո կուսակցության ատենապետի աթոռը զբաղեցնելու է Սամվել Բաբայանը:

Այս առիթով ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանն «Առավոտին» ասաց.

– Կլինի համաժողով՝ առանց օրակարգի, ազատ, հայրենիքում նստելու ենք ու քննարկենք եկեղեցու, ավանդական կուսակցությունների հետ կապված հարցեր, կուսակցությունների հզորացման… Ինչու չէ, նաեւ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Մենք սիրով միշտ Սփյուռքի խորհուրդները լսել ենք:

– Դա նշանակո՞ւմ է, արդյոք, որ ՀՌԱԿ-ը կպաշտպանի ՀՅԴ-ի թեկնածուին:

– Ոչ, չի նշանակում, եւ հեռանկարում նման միրաժ էլ ես չեմ տեսնում:

– Ճի՞շտ է, որ Սամվել Բաբայանը ՀՌԱԿ-ի համար քաղաքի կենտրոնում գրասենյակ է գնել եւ մեծ ներդրումներ է պատրաստվում անել՝ պայմանով, որ կուսակցության ատենապետ է դառնալու ինքը:

– Ես չգիտեմ՝ Սամվել Բաբայանն ինչ է գնել, բայց ՀՌԱԿ-ը վարձակալում է իր գրասենյակը: Իսկ ատենապետ ով կդառնա՝ կորոշի համագումարը: Եթե ինքը դառնա, ես ցավագին չեմ տանի: Ես միշտ եղել եմ թիմային աշխատանքի կողմնակից: Չորս ու կես տարի առաջ էլ ես ինձ չեմ ճղել ատենապետ դառնալու համար, բայց երբ եղավ վստահություն՝ պատասխանատվությունից չխուսափեցի:

Ավանդական կուսակցությունների հետ համագործակցելուց իրենց «հրաժարականը» ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն այսպես հիմնավորեց. «Եթե դա պիտի լինի Սփյուռքին առնչվող խնդիրների շուրջ՝ Հայ դատի, գրասենյակների պահպանման եւ այլն, ինչպես ներկայացվեց մեզ՝ Հայաստանում անցկացնելու իմաստը ո՞րն է: Նեյտրալ որեւէ երկրում կարող էր լինել: Այսօր ՀՅԴ-ն իշխանություն է, ՍԴՀԿ-ն՝ ընդդիմություն. Հայաստանում այդ պրոցեսին մասնակցելն արդեն ներքաղաքական ենթատեքստ ունի»,- բազմանշանակ եզրափակեց տիկին Սարգսյանը:

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չցանկացավ խոսել այդ թեմայի շուրջ: «Կլինի՝ կասենք»,- «Առավոտի» բոլոր հարցերին մեկ պատասխան հնչեցրեց նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել