Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՐԻ «ԿԵՂՏՈՏ ՍՊԻՏԱԿԵՂԵՆԸ»

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"Այնուամենայնիվ՝ չցուցադրե՞լ այն, թե՞ ուղղակի չունենալ

Լրագրողներն ու քաղաքական գործիչները հաճախ են լսում, թե չարժե սեփական Հայրենիքի թերությունների մասին խոսել օտարների ներկայությամբ, կամ՝ ինչպես ժամանակին կշտամբեցին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախկին պատվիրակության ընդդիմադիր պատգամավորներին՝ այլոց «ցուցադրել մեր կեղտոտ սպիտակեղենը»: Սակայն միշտ էլ գտնվում են անձինք, որոնք իրենց համոզմունքների ու տեսակետների մասին հայտնում են՝ անկախ քաղաքական կամ այլ նպատակահարմարությունից:

Երեկ Թբիլիսիում՝ ԶԼՄ-ների հարավկովկասյան 4-րդ համաժողովի ընթացքում ելույթ ունեցավ «Azadliq» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմատ Զախիդովը եւ մասնավորապես հայտարարեց, թե Ադրբեջանում չկա քաղաքական իշխանություն, ու կառավարման ղեկին են հայտնվել «քաղաքականացված գանգստերները»: Նրան անմիջապես հակահարված տվեց մինչ այդ լիակատար լռություն պահպանող Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Քյամրան Հասանովը՝ վրդովմունք արտահայտելով նման ձեւակերպումների կապակցությամբ: Վերջինիս ելույթին կանդրադառնանք քիչ հետո, իսկ մինչ այդ ներկայացնենք «Azadliq»-ի գլխավոր խմբագրի հետ մեր զրույցը: «Առավոտի» խնդրանքին՝ հիմնավորել իր գնահատականը՝ Գանիմատ Զախիդովը պատասխանեց. «Եթե երկրում գոյություն ունի ահռելի ծավալների կոռուպցիա, եթե լրագրողներին կալանավորում են հիմնականում քաղաքական դրդապատճառներով, ապա ես իրավունք ունեմ դա անվանել հենց այդպես՝ քաղաքականացված գանգստերություն»: Նշենք, որ «Azadliq»-ի գլխավոր խմբագրի եղբայրը, որն աշխատում էր նույն թերթում՝ այժմ բանտում է: Գանիմատ Զախիդովի պատմածի համաձայն՝ եղբոր մոտ, կոպիտ ասած, «պլան» էին գցել եւ դատապարտել թմրամոլության համար: Մեր հարցին՝ արդյոք մտավախություն չունի՞, որ իրեն եւս կարող են դատապարտել հրապարակային նման սուր գնահատականների պատճառով՝ «Azadliq»-ի գլխավոր խմբագիրը պատասխանեց. «Մտավախություն, չէ, չունեմ: Իսկ հավանականություն, այո, կա»: Ու Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի կոշտ հակազդեցության կապակցությամբ էլ ծիծաղելով ասաց. «Դե, ես պիտի ասեմ, իսկ նա պիտի հերքի»:

Հարավային Կովկասի ԶԼՄ-ներին առնչվող վերջին շրջանի իրադարձությունների շուրջ երեկվա քննարկման ընթացքում համաժողովում Ադրբեջանի պատվիրակության այլ ներկայացուցիչներ եւս դժգոհություններ էին արտահայտում: Ասենք, «Yeni Nasil» («Նոր սերունդ») հասարակական կազմակերպության ղեկավար Արիֆ Ալիեւը նշեց, թե իր համար դժվար է ներկայացնել իրավիճակը, քանի որ ժամանակ առ ժամանակ դադարում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր երկրում: Հիշատակեց, որ Ադրբեջանն ունի ամենաշատ կալանավորված լրագրողները՝ այս տարածաշրջանում: Ըստ Արիֆ Ալիեւի՝ չեն տեսնում իշխանությունների քաղաքական կամքը, որ ապաքրեականացվի զրպարտության եւ վիրավորանքի համար նախատեսվող պատասխանատվությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանում այժմ 7 լրագրող է բանտում, եւ համաժողովի մեկ այլ պատվիրակ՝ Ռեպորտյորների ազատության եւ անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ Ռասուլ Ջաֆարովը պատմեց արդեն 8-րդի ձերբակալման պատմությունը:

Այս ամենին հակահարված տվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Քյամրան Հասանովը՝ նշելով, թե իրենց լրատվամիջոցներում պատասխանատվության խնդիր կա. «Ադրբեջանում գրաքննության վերացումից հետո մեզ մոտ առաջացավ նոր խնդիր՝ շատ ԶԼՄ-ներ գրաքննության բացակայությունը գնահատեցին իբրեւ տարրական պատասխանատվության բացակայություն այն ամենի համար, ինչ գրում ես ու հրապարակում: Այն ժամանակ թերթերի էջերում սկիզբ առավ շանտաժի եւ վիրավորանքի հեղեղը: Սակայն խնդիրն այն է, որ նախկին նախագահ Հեյդար Ալիեւը ինքը երբեք դատարան չէր դիմում լրագրողների դեմ («Նրա եղբայրն էր դիմում»,- անմիջապես հիշեցրին տեղից.- Ա. Ի.): Նրա խորհրդով Ադրբեջանի շատ պաշտոնյաներ նույնպես չէին դիմում դատարան: Սա շարունակվում էր մի քանի տարի»: Ըստ պրն Հասանովի, երբ լրագրողներին նման երեւույթների համար չես ենթարկում պատասխանատվության՝ առավել անպատիժ են նրանք վիրավորում, ստում ու զրպարտում: Նկատենք, սակայն, որ Վրաստանում ապաքրեականացվել է զրպարտության ու վիրավորանքի համար պատասխանատվությունը: Ընդ որում՝ հրապարակման պատասխանատվությունն էլ կրում է ոչ թե լրագրողը, այլ հրատարակիչը: «Դրանից հետո չաճե՞ց զրպարտությունների քանակը»,- հետաքրքրվեց Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ավագ մասնագետ Էլշադ Ֆարզալիեւը: Վրացիները պատասխանեցին, թե ինչպես կար՝ այնպես էլ մնացել է: Այնուամենայնիվ, ըստ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի՝ բանտում գտնվող լրագրողների քանակը չի վկայում երկրի ժողովրդավարացման աստիճանի մասին: Եվ այս կապակցությամբ հիշեցրեց ԱՄՆ-ում մի լրագրողուհու հետ պատահածը, որին ձերբակալել էին տեղեկատվության աղբյուրը չհայտնելու համար: «Սա չի նշանակում, թե ԱՄՆ-ում չկա ժողովրդավարություն»,- ասաց Քյամրան Հասանովը:

Թող բնավ չթվա, որ մենք չարախնդում ենք այն կապակցությամբ, որ մեր հարեւան երկրում մամուլի ոլորտում վիճակն ավելի վատ է, քան Հայաստանում: Վստահ ենք՝ այդ համաժողովին ներկա լիներ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը՝ էլի նույն կարգի ելույթ կունենար, պնդելով, թե «Ա1+»-ը եւ «Նոյյան տապանը» ոչ թե փակել են, այլ այդ հեռուստաընկերությունները պարտվել են մրցույթում, որ Արման Բաբաջանյանին վաղաժամկետ չեն ազատում ոչ թե այն պատճառով, որ նա ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր է, այլ ինչ-որ մի այլ հիմնավորմամբ եւ այլն: Այս առումով մեր եւ Ադրբեջանի պաշտոնյաների միջեւ տարբերություններն առանձնապես էական չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել