Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՎԱՔՎԵՑԻՆ

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"ՀՀ առաջին նախագահի համակիրները երեկ
հանդիպել են

Երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում հավաքվել էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրելու անհրաժեշտության շուրջ առանձին-առանձին տեսակետներ արտահայտած եւ նրա թեկնածությանն այլընտրանք չգտած քաղաքական թվով 10 ուժեր, նաեւ անհատ գործիչներ ու հասարակական մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանդիպմանը, մեր տեղեկություններով, ներկա են եղել նաեւ ՆԺԿ-ի նախկին երիտասարդական թեւի ղեկավարն ու ԱԺ նախկին պատգամավոր ու նախկին ԿԿ անդամ Խորեն Թռչունիչը: Հավաքի ժամանակ, որին Լ. Տեր-Պետրոսյանը չի մասնակցել, քննարկվել եւ մասամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ առաջին նախագահի թեկնածությանը սատարելու գործնական քայլերի շուրջ: Նախատեսվում է, որ Տեր-Պետրոսյանին աջակցող քաղաքական ուժերի եւ հ/կ-ների հետագա գործունեությունը կհամակարգի աշխատանքային ավելի փոքր մի խումբ, որովհետեւ Տեր-Պետրոսյանն առաջադրվելու է ոչ թե կոնկրետ կուսակցության կողմից, այլ քաղաքացիական նախաձեռնությամբ:

Հանդիպմանը մասնակցած գործիչներից մեկը՝ Գուրգեն Եղիազարյանն ասաց, թե հանդիպումն անցել է ավելի քան կառուցողական մթնոլորտում. «Կարծում եմ, նմանատիպ հանդիպումներն այսուհետ ավելի հաճախակի կլինեն: Իսկ հավաքի արդյունքն այն հաստատ գիտակցումն էր, որ երկրում առկա այս մղձավանջից դուրս գալու առաջին եւ վերջին երաշխիքը Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածության առաջադրումն ու նրա հաղթանակն է, որովհետեւ միայն նա կարող է երկիրը դուրս բերել այն վիճակից, որում հայտնվել է»: Գ. Եղիազարյանը նաեւ արձանագրեց, որ Լ. Տեր-Պետրոսյանը ՀՀ առաջին նախագահի պաշտոնը ստանձնել է այն ժամանակ, երբ «երկրի հյուսիսը քանդված էր երկրաշարժից, հարավը տուժել էր պատերազմից»: Ըստ նրա, այդուհանդերձ, առաջին նախագահին «մի կերպ հաջողվել էր երկիրը ոտքի կանգնեցնել, ինչը շատ հաջող օգտագործվեց գործող կլանի կողմից՝ թալանի համար»:

Երեկվա հանդիպմանը ներկա է եղել նաեւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա փոխանցմամբ, «հավաքվել էին մարդիկ, ովքեր ոչ միայն մտահոգ էին երկրի ապագայով, այլեւ, ի տարբերություն շատերի, գիտեն, թե ինչպես եւ ինչ պետք է անեն երկրի գահավիժող անկումը կասեցնելու համար, ու վստահ են, որ առաջիկա ընտրությունները որպես ինքնավերարտադրման միջոց օգտագործող հակաժողովրդական իշխանություններից հնարավոր կլինի ազատվել նախագահական ընտրություններում Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունն առաջադրելով եւ նրան պաշտպանելով: Որեւէ այլ թեկնածու, որի շուրջը հավաքվելով հնարավոր կլիներ հաղթել այս իշխանություններին, հավաքվածների ու իմ համոզմամբ՝ այսօր չկա: Եթե այդ ուժերը համախմբվեն, կարծում եմ, դա կլինի հենց ընդդիմադիր դաշտի ոչ թե ձեւական կամ մեկ-երկու քաղաքական ուժի, այլ մտածող ու մտահոգ մարդկանց միավորումը:

Որոշումներ հավաքի ժամանակ չեն կայացվել, խոսվել է առաջիկա անելիքների մասին: Բայց առաջիկայում հստակ որոշումներ եւ գործողություններ կլինեն»,- հավաստիացրեց Վ. Հարությունյանը:

Հանդիպմանը մասնակցած ՀՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի մատուցմամբ էլ, հավաքը դրական էր այն իմաստով, որ «մինչ այս պահը ընդդիմադիր կուսակցությունները, ովքեր հայտարարել էին միասնական թեկնածուի մասին՝ նկատի ունենալով Լ. Տեր-Պետրոսյանին, առիթ չէին ունեցել բոլորով միասին հավաքվելու, եւ դա արդեն տեղի ունեցավ»: «Մենք բոլորս համակարծիք էինք, որ երկիրը պետք է փրկել այս ռեժիմից, ուստի պատրաստակամ ենք՝ անկախ մեր բոլորիս գաղափարական տարակարծություններից, համախմբվել մեկ նպատակի շուրջ՝ ունենալ օրինական իշխանություններ եւ այնպիսի նախագահ, որն ընդունակ է երկիրն այս վիճակից դուրս բերել: Դա արդեն մեծ նպատակ է, որպեսզի մենք կարողանանք բոլոր մանր-մունր խնդիրները մի կողմ դնել ու չիք դարձնել իշխանությունների այն տեսակետը, թե ընդդիմությունը համախմբվելու ընդունակ չէ: Կարծում եմ, մոտ ապագայում ավելի ակտիվ կհամագործակցենք այդ նպատակի շուրջ»,- ասաց տիկին Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել