Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լինե՞լ, թե՞ չլինել. սա չէ խնդիրը

Հոկտեմբեր 12,2007 00:00

Այլ այսօր եւ այսու խնդիրն այն է, թե ինչպես լինել, ում համար լինել եւ հանուն ինչի լինել. երբ դատավոր չես, բայց ուզում ես դատողություններ անել, ու երբ քո խիղճը մաքուր է, քո առջեւ բացվում են ամենապարզ ճշմարտությունները, որոնք անհասու են քեզ, եթե շահն է առաջնորդում, եւ երբ տեսնում ես քո երկրի արդեն նշմարվող հաջորդ նախագահին, որը պատրաստվում է գալ տիրակալության՝ ձեռքին ունենալով դատաստանի նշանը, որն այսօր ընդամենը չգրված թուղթ է՝ մաքուր ու սպիտակ, որին կարելի է հանձնել սիրո նամակ կամ մահվան դատավճիռ… Եվ դառնալով հատուկ անուն՝ մյուսներին չես նայում որպես հասարակ անունների եւ ընտրապայքարը հաղթելուց հետո չես լինի վրեժխնդիր նրանց հանդեպ, ովքեր քո դեմ էին պայքարում, այլ կմտածես, որ հաղթել ես քո հայրենակցին, քո ընկերոջը, ինչպես հաճախ շախմատում է լինում, եւ ամենակարեւորը՝ չես արհամարհի, այլ կհարգես նրա պարտությունը, քանի որ առաջնորդը նա է, ով բարեկրթության օրինակ է եւ չի մոռանում ներքեւում գտնվողներին, որոնց ձայնով եւ ձեռքերի վրա է բարձրացել ինքը: Առաջնորդը երախտագիտության օրինակ է, կենդանի ջուր, ապա եթե ոչ՝ ընդամենը անձնապաստան մենակության քարե արձան: Այո՛, թերեւս, իմաստ ունի լինել, եթե հայրենիքը որպես զգեստ հագած մարդ ես, եթե ճանաչում ես քո ժողովրդին, գիտես նրա անցյալը եւ քեզ տեսանելի է քայլը հաջորդ, եւ ամենակարեւորը, որ քո ժողովրդի մեջ տեսնում ու ճանաչում ես նաեւ ինքդ քեզ: Հույները ինչ գիտեին իրենց մասին, ասօր մոռացել են, նրանց պատմությունը հիշում են այլ ազգեր: Հույները, ցավոք, պատմության մեջ ապրող ժողովուրդ են: Մի բան, որը կարծում եմ՝ մեր դեպքում սխալ կլիներ, որ մենք էլ պատմությամբ ապրեինք, քանի որ մենք մեր ոսկե դարին դեռ չենք հասել. այն մեր դիմաց է: Ուստի՝ մենք չպիտի փորձենք ներանձնանալ ու փրկվել աշխարհաքաղաքական փախուստով: Այո՛, արժե լինել, եթե քո դիմաց կա տեսանելի խորհուրդը, որտեղ քեզ սպասում են վտանգավոր սպիտակ թուղթը եւ արդարության ու խղճի քարագիր գրիչը, որով դու կարող ես երկրից հեռացնել վախի, անտերության, անօրինության ահագնացող շունչը…Թեեւ կռահում եմ, բայց, միեւնույնն է, զարմանալի է, թե ով է նախաստեղծ մարդուն սովորեցրել, որ ծնված երեխայի պորտալարը պետք է կապել, որ նա կարողանա ապրել, հասակ առնել, հզորանալ: Այո՛, արժե ընտրվել, եթե գիտես, թե ինչպես ես կապելու նորաստեղծ պետության պորտալարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել