Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայելի» ակումբը բանավեճի ձեւաչափը չի փոխելու

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Հավաստիացնում է արդեն երկամյա ակումբի նախագահ Անժելա Թովմասյանը

Հոկտեմբերի 15-ին կնշվի «Հայելի» բանավեճի ակումբի հիմնադրման երկու տարին: Ակումբի նախագահ եւ վարող Անժելա Թովմասյանը հայտարարում է, որ «Հայելին», ինչքան էլ դժվար լինի, շարունակելու է գործել նույն՝ բանավեճի ձեւաչափով ու առանց թեմատիկ սահմանափակումների բարձրացնելու է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային հարցեր: Արդեն գործում է hayeli.am կայք-էջը, որտեղից կարելի է տեղեկանալ ոչ միայն հրավիրվելիք գործիչների, այլեւ արդեն կայացած բանավեճերի ու անցկացված սոցհարցումների մասին: «Գաղտնիք չէ, թե ինչքան դժվար է բանավեճի հրավիրել տարբեր կերպ մտածող երկու գործչի: Պատահում է, ոմանց ակումբ բերելու համար անգամ ամիսներ են պահանջվում»,- փաստեց Ա. Թովմասյանը: «Մի անգամ քննադատություն հնչեց, թե մեր ակումբում միշտ նույն քաղաքական դեմքերն են հյուրընկալվում: Համամիտ չեմ՝ մեզ մոտ բոլոր ոլորտների ներկայացուցիչներն էլ հանդես են գալիս իրենց տեսակետներով ու բանավիճում: Ցավոք, մեր հանրապետությունում բոլորը քաղաքականացված են, ուստի ավելի շատ քաղաքական գործիչների են ուզում տեսնել ու լսել: Կարեւոր պոստեր զբաղեցնող պաշտոնյաների էլ ենք հրավիրում, բայց հաջորդ անգամ շատերը չեն կամենում մեր հյուրը լինել: Ոմանք մասնավոր զրույցների ժամանակ խոստովանում են, թե բանավեճից հետո ինչ-ինչ խնդիրներ են ունենում: Ակումբներ կան, որ միայն իշխանամետ գործիչների են հրավիրում, ի տարբերություն նրանց, մեզանով ընդդիմադիր թեւն էլ է երեւում»,- նշեց Ա. Թովմասյանը: Նա պատմեց, որ քիչ չեն դեպքերը, երբ մթնոլորտն ահավոր շիկանում է բանավեճի ժամանակ, ուստի երբեմն հումորով փորձում է մեղմել լարվածությունը. «Օրինակ, մի անգամ Գալուստ Սահակյանին ու Դավիթ Շահնազարյանին էի հրավիրել, հաճոյախոսություններ արեցի: Ասացի, որ այսօրվա մեր հյուրերն են նախկին եւ ներկա իշխանությունների ամենագեղեցիկ տղամարդիկ: Մեկը լուրջ ընդունեց, մեկը՝ հումորով, կարեւորը լարվածությունն անցավ»: «Հայելի» ակումբը նաեւ մրցանակներ է շնորհում: Օրինակ, վերջերս կին լրագրողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզել է արժանավայել կեցվածքով քաղաքական գործչին եւ գործարարին: 2-ամյակի օրը եւս «Հայելի» ակումբը 3 մրցանակ կհանձնի «Ամենացանկալի հյուրին», «Ամենաինտելեկտուալին» եւ «Ամենաանկանխատեսելի բանավիճողին»: Տիկ. Թովմասյանը մրցանակակիրների անունները չհրապարակեց. «Թող անակնկալ լինի»:

Առաջիկայում ակումբը մտադիր է նոր անվանակարգերում էլ մրցանակներ շնորհել՝ կառանձնացվեն ամենասակավախոս բանավիճողը, ամենախուսափողը, իսկ բանավեճից իսպառ հրաժարվողները կհայտնվեն «Հայելի» ակումբի «սեւ» ցուցակում: Խոսելով իրենց ակումբում հյուրընկալված որոշ գործիչների մասին, «Առավոտի» հետ զրույցի ավարտին Ա. Թովմասյանն ավելացրեց. «Երբ Տիգրան Կարապետյանն է հյուրը լինում, շատ հետաքրքիր է անցնում բանավեճը, միշտ անակնկալներ են լինում: Մարքսիստ Դավիթ Հակոբյանը շատ բծախնդիր է, ամեն մեկի հետ չի ուզում բանավիճել, երբ անուններ եմ տալիս, շատերին անխելք է անվանում: Ըստ իս՝ ամենահետաքրքիր բանավեճերից էին Շավարշ Քոչարյան-Հրանտ Բագրատյան, Վազգեն Մանուկյան-Խաչատուր Սուքիասյան հանդիպումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել