Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎԵՆՔ, ԱՅԼԱՊԵՍ ՄԵԶ ՇԱՏ ՑԱՎՈՏ ԿԱՐԳԻ ԿՀՐԱՎԻՐԵՆ

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Այս նախազգուշացումը երեկ հնչեց նաեւ Թբիլիսիում՝ ԶԼՄ-ների հարավկովկասյան 4-րդ համաժողովում, որը նվիրված է ինքնակարգավորման խնդիրներին:

«Ինչպե՞ս կարող է այդ լրատվամիջոցն անկախ լինել, եթե նրա եկամուտների 100 տոկոսը ստացվում է գովազդից»,- Baltic News Service գործակալության լիտվական ծառայության ղեկավարն իր այս հարցադրումը վերջերս Վիլնյուս այցելած հայ լրագրողներիս բացատրեց այսպես, որ եթե եկամուտներդ այդ միջոցով ես ստանում՝ չես քննադատի հիմնական գովազդատուներիդ: Երեկ Թբիլիսիում համանման՝ մեզ համար բավական տարօրինակ հնչող դժգոհություն արտահայտեց նաեւ Բուլղարիայի ԶԼՄ-ների զարգացման կենտրոնի գործադիր տնօրեն Օգնյան Զլատեւը՝ նշելով, թե թերթերը շատ են կախված կրպակների միջոցով վաճառքից:

«Լրագրությունն իբրեւ բիզնես»՝ այսպես էր կոչվում ԶԼՄ-ների հարավկովկասյան 3-րդ համաժողովը: ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի հովանու ներքո անցկացվող այս համաժողովներից հերթականն այս տարի արդեն կոչվեց «Անկախ եւ պատասխանատու ԶԼՄ-ների ուղով»: Համաժողովի առանձին բանախոսների լսելով՝ մտաբերում էիր ռուսական հայտնի դարձվածը, որի հայերեն համարժեքը թերեւս հետեւյալն է՝ մեզ տային ձեր հոգսերը: Այդ դարձվածն, ասենք, մտաբերեցինք, երբ «France-2» հեռուստաալիքի նախկին օմբուդսմեն Ժան-Կլոդ Ալլանիկը մեջբերումներ արեց «Մոնդ» պարբերականի վարքականոնից, ըստ որի՝ լրագրողները պարտավորված են հրապարակավ չարտահայտել իրենց քաղաքական համակրանքները: Բացի այդ՝ չեն կարող նվերներ ընդունել, եթե դրանք գերազանցում են 700 եվրոն: Իսկ «France-2»-ի վարքականոնի համաձայն՝ լրագրողը կարող է նվերներ ընդունել, բայց ամենակարեւորն է, որ դա չազդի նրա անկախության վրա:

Սակայն այլ ելույթներից արդեն լիովին հայկական դարձվածի զուգադրություն էր առաջանում՝ «մի տնից չենք, մի հալի ենք»: Որպես ապացույց՝ մեջբերենք նույն Օգնյան Զլատեւի պատմածը, թե իրենց տարածաշրջանում լրատվամիջոցների «բումը» հանգեցրեց նրան, որ ոլորտ ներխուժեցին բազմաթիվ երիտասարդ լրագրողներ, որի հետեւանքով իջավ արհեստավարժության սանդղակը՝ նաեւ էթիկական նորմերի պահպանման իմաստով: Եվ լրագրողները ստիպված էին ինքնակարգավորման անցնել, հաստատել էթիկայի միասնական վարքականոն, որին միացավ բուլղարական լրատվամիջոցների 80 տոկոսը: Եվ այժմ՝ ով իրեն վիրավորված է զգում տվյալ հրապարակումից, կարող է բացատրություններ պահանջել լրագրողից:

Արդյոք խիստ «հարազատ» չէ՞ այն պատկերը, որ ներկայացրեց Վրաստանի Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման կովկասյան ինստիտուտի փորձագետ Թամարա Շամիլը, որն արձանագրեց՝ թերթերի նկատմամբ վստահությունը պակասել է, տպաքանակը՝ նվազել: Ըստ նրա՝ անհամադրելի են հանրապետական եւ մարզային թերթերի զարգացման աստիճանները: Նկատենք, սակայն, որ Վրաստանի մարզային թերթերն ունեն այնքան տպաքանակ, որքան Հայաստանի հանրապետական տարածում ունեցող առանձին թերթեր, այն է՝ 1500-2000: Ըստ Թամարա Շամիլի, դժվար է պատասխանել հարցին՝ վրացական մամուլն արդյոք գիտակցո՞ւմ է հանրության առջեւ իր դերը. թերթերը խիստ քաղաքականացված են, հեռուստաընկերությունների ետեւում այս կամ այն ֆինանսական կամ քաղաքական խմբերն են: «Իմեդի» եւ «Ռուսթավի» հեռուստաընկերությունները երկուսն էլ դարձել են դերակատարները, մասնակիցները քաղաքական պայքարի, որ անթույլատրելի է, եւ երկուսն էլ հավասարաչափ կողմնակալ են: ԶԼՄ-ները չեն հետաքրքրվում սոցիալ-տնտեսական խնդիրներով, հստակ սահմանազատում չկա դեղին եւ հեղինակավոր պարբերականների միջեւ, շատերն են օգտագործում «թշնամանքի լեզուն», եւ սովորական է դարձել փաստերը մեկնաբանություններով հրապարակելը: Նկատենք, սակայն, որ իր զեկույցի ընթացքում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հակադրվեց այն տեսակետին, թե փաստերը պիտի առանձնացված լինեն մեկնաբանություններից: Ըստ նրա՝ փաստերն ու մեկնաբանություններն ուղղակի պիտի լինեն համարժեք, եւ փաստն էլ մի ապրանք է, որ պիտի լինի փաթեթավորված:

Եթե վրացի լրագրողները նշում էին, թե ինքնակարգավորման իրենց մարմինը գրեթե դադարեցրել է իր գործունեությունը՝ Ադրբեջանի ԶԼՄ-ների խորհրդի ղեկավար Աֆլաթուն Աշամովն անթաքույց հպարտությամբ զեկուցեց՝ 4-5 տարում, ինչ գործում է ինքնակարգավորման իրենց մարմինը, 3 հազար գրավոր բողոք են ստացել՝ դեռ չհաշված բանավոր բողոքները: Ըստ նրա տվյալների՝ լրագրողները հիմնականում խախտում են նյութերի հավասարակշռվածության սկզբունքը, անհարգալից են վերաբերվում մասնավոր կյանքի իրավունքին, շատ հաճախ օգտագործում են ոչ պատշաճ բառեր եւ այլն: ԶԼՄ-ների խորհուրդը նման դեպքերում պարտադրում է ներողություն խնդրել: Եվ այն, որ առանձին լրատվամիջոցներ խորհրդի անդամ չեն՝ չի ազատում նրանց բարոյական պատասխանատվությունից: Աֆլաթուն Աշամովը նշեց. «Կարծում եմ, մեր փորձն օգտակար կլինի մեր հարեւաններին, որոնք նոր են սկսում նման խորհուրդների ձեւավորումը»:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի ավագ խորհրդական Ալեքսանդր Բոլդիրեւը հետաքրքրվեց՝ լրագրողական համքարությունը պատրա՞ստ է նման ինքնակարգավորման մարմինների ստեղծման, այլապես հենց ֆինանսական ներարկումները դադարում են՝ մեխանիզմը դադարում է գործել: Եվ Բորիս Նավասարդյանը նշեց, որ Հայաստանի ԶԼՄ-ներում էթիկայի հարցերի դիտորդ մարմինը սկսել է աշխատել առանց որեւէ ֆինանսավորման: Ըստ նրա՝ չի կարելի առանցքային դարձնել դրամաշնորհի խնդիրը, երբ ստեղծում ես քաղաքացիական կարեւոր ինստիտուտ, այլապես կհեղինակազրկվի այն, ինչպես հեղինակազրկվեց օմբուդսմենի ինստիտուտը, որ գոյություն չունի, կամ հանրային հեռուստաընկերության ինստիտուտը, որը նույնպես չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել