Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գումարները գրպանե՞լ է

Հոկտեմբեր 12,2007 00:00

«Սեւակ» համատիրության նախագահը բնակվարձերը գանձում է ու չի գրանցում

«11 տարի է՝ համատիրությանը պարտաճանաչ մուծումներ եմ անում, բայց այսօր մի տեղեկանք եմ ուզում՝ չեն տալիս, կոյուղու խողովակները մաքրելը եւս համատիրության պարտականությունն է, ինչը նույնպես անտեսվում է: Արդեն 10 տարուց ավելի է՝ ոչ մի անգամ չեն մաքրել, ինչի հետեւանքով մեր բնակարաններից գարշահոտ է գալիս»,- «Սեւակ» համատիրության վատ աշխատանքից օրերս «Առավոտին» դժգոհեց Շենգավիթ համայնքի Եղիշե Թադեւոսյան թիվ 17 շենքի բնակիչ Հռիփսիմե Դավթյանը: Նրա վստահմամբ, իրենց համատիրության նախագահ Աշոտ Միքայելյանը ոչ միայն իր պարտականությունները չի կատարում, այլեւ բնակիչների վճարած գումարները գրպանում է: Ըստ Հ. Դավթյանի, ինքն այս անօրինականությունները պարզել է, երբ թաղապետարանի աշխատակիցների ներկայությամբ ստուգել է վարձավճարների մատյանները. «Ես այս տարիների ընթացքում 17.000 դրամ եմ վճարել, իսկ իմ անվան դիմաց ընդամենը 2000 դրամ էր գրած: Ես իմ վճարած վարձերի բոլոր կտրոններն ունեմ»:

Հ. Դավթյանի վստահեցմամբ, մինչ ջրաչափ տեղադրելը, դիմել է համատիրության նախագահին, որպեսզի տեղեկանք ստանա ծնողների՝ հանրապետությունից բացակայելու մասին, ինչը պետք է նրան ազատեր հավելյալ ջրի վարձ մուծելուց: Սակայն մերժվել է, ինչի հետեւանքով ջրմուղին 57 000 դրամի պարտք է կուտակել: Տիկին Դավթյանի ներկայացմամբ, համատիրության նախագահ Ա. Միքայելյանից բողոքել է Շենգավիթի թաղապետարան, ինչի հիման վրա թաղապետարանը համատիրության նախագահի նոր ընտրություն է կազմակերպել: «Այդ ընտրությունից առաջ Աշոտը տները ընկած բնակիչներին համոզում էր, որ իրա դեմ չխոսեն: Իրենք իրենց մարդկանցով հավաքվեցին ընտրություն արին, ինձ էլ Աշոտը սպառնաց, թե՝ տես գլխիդ ինչ եմ անելու: Անգամ վեճ եղավ, մի երիտասարդ էլ ինձ խփեց»,- պատմեց Հ. Դավթյանը: Տիկնոջ պատմելով, Աշոտ Միքայելյանի թիկունքում թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Գրիգոր Մարգարյանն է (Բելաջոյի Գրիշ) կանգնած: Հ. Դավթյանը հարցին լուծում տալու համար դիմել է Գ. Մարգարյանին: Սակայն տիկնոջը պատասխանել է պատգամավորի եղբայրը, ասելով՝ «Աշոտը մեր ընկերն ա, ինքը պիտի մնա, ինչ հարց ունես ասա՝ մենք կլուծենք»: «Սեւակ» համատիրության նախագահ Աշոտ Միքայելյանը մեզ հետ զրույցում ուրացավ Մարգարյանների հետ իր մտերմությունը. «Ես Գրիշայի հետ անձնական շփում չունեմ, միայն գաղափարական է: Երբ մեր թաղամասում որոշ հարցեր են ծագում, մենք դիմում ենք նրան, որ օգնի, նա մեր խնդիրներին ընթացք է տալիս, ու շատ նորմալ ռեզոնանս է առաջանում բնակիչ-դեպուտատ առումով, ինչ վերաբերում է կոյուղագծերին, այդ շենքերը 60-ականների շենքեր են, կոյուղու գծերը գետնի տակով են անցնում, դա նշանակում է՝ պիտի գետինը քանդենք, որ նոր խողովակներ անցկացնենք, իսկ դրա հնարավորությունը չունենք»:

Շենգավիթի թաղապետի տեղակալ Տիգրան Սահակյանն էլ «Առավոտին» պարզաբանեց. «Մենք լծակ չունենք, որ վերահսկենք համատիրությանը, հենց դա էլ օրենքի բացն է: Համատիրության ղեկավարները հաշվետու են միայն իրենց ընտրողների առջեւ: Մենք Հ. Դավթյանի բողոքի հիման վրա Աշոտ Միքայելյանից պահանջել ենք բոլոր փաստաթղթերը, սակայն նա հրաժարվել է ներկայացնել, ինչի հետեւանքով էլ դիմել ենք դատախազություն»: Շենգավիթի դատախազի տեղակալ Մեսրոպ Մանրիկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Աշոտ Միքայելյանից պահանջելու ենք փաստաթղթերը, եթե ինչ-որ բան հայտնաբերվի, ապա համապատասխան գործողությունների կդիմենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել