Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ ԵՐԵՎԱՆԻՆ

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Մեկնարկեցին մայրաքաղաքի օրվան նվիրված միջոցառումները

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում «Երեւանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումով մեկնարկեց «Երեւանի օր» տոնակատարությունների շարքը: Մոռացված այս տոնը արդեն մի քանի տարի է, ինչ վերականգնվել է եւ նշվում է հավուր պատշաճի ու կրկին դարձել է ավանդական: Ցուցահանդեսին հետեւեց Երեւանի 2789-ամյակին նվիրված տոնական համերգը՝ Հայաստանի հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ, որին ներկա էր հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը: Համերգի ընթացքում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին եւ գրող-հրապարակախոս Աղասի Այվազյանին շնորհվեցին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում: Տարբեր ոլորտներում աշխատանքային երկարատեւ փորձ եւ մեծ ներդրում ունեցող 8 այլ երեւանցիներ ստացան հուշանվերներ: «Քիչ երկրներ կան աշխարհում, որոնց մայրաքաղաքը ունի այնպիսի մեծ նշանակություն երկրի համար, ինչպես Երեւանն է: Այն ներկայացնում է հանրապետության բնակչության մեկ-երրորդը, արտադրության շուրջ կեսը, մշակույթի, գիտության, գործարարության զգալի հատվածը: Նրա զարգացումը ուղղակի ազդեցություն ունի ողջ հանրապետության վրա ոչ միայն որպես խոշորագույն ադմինիստրատիվ, մտավոր եւ գործարար կենտրոն, այլեւ որպես արտադրության, սպառման եւ ռեսուրսների բաշխման հիմնական միավոր: Իր գրեթե երեքհազարամյա պատմության մեջ նա թերեւս երբեք այնքան ծանրակշիռ եւ պատասխանատու տեղ չի զբաղեցրել մեր ազգի կյանքում, ինչ այս տարիներին»,- այսպես սկսեց իր խոսքը օրվա հիմնական բանախոս, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Նշելով, որ հասարակարգի փոփոխությունից հետո Երեւանի զարգացման վերականգնումը վերջնական գործընթաց դարձավ միայն 21-րդ դարում եւ համընկավ երկրի կայուն, խաղաղ զարգացման վերջին շրջանին, քաղաքապետը նկատեց, որ մայրաքաղաքում իրականացվող վերափոխումների առավել աչքի ընկնող հատվածը քաղաքաշինությունն է, որը զարգանում է՝ արդարացնելով մեր ժողովրդի լավագույն սպասելիքները: «2003 թվականին ընդունվեց Երեւան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման 2004-2007 թթ. ծրագիրը, որը ավարտվում է այս տարի: Այն արդեն կատարվել է ամբողջությամբ, իր բոլոր ուղղություններով: 2006 թվականից սկսեց գործել Երեւան քաղաքի գլխավոր հատակագիծը։ Այս փաստաթղթով սկիզբ դրվեց մայրաքաղաքի զարգացման նոր շրջանին: Պատրաստվում են գոտիականացման նախագծերը, որոնք ավելի հասցեական կդարձնեն քաղաքի զարգացման եւ բոլոր կարգի փոփոխությունների վերահսկումն ու կառավարումը: Անցած երկու տարիները վստահորեն ապացուցեցին, որ Երեւանի գլխավոր հատակագիծը կազմված է ամբողջությամբ իրատեսական հիմքի վրա եւ քաղաքաշինության այս տեմպերի պայմաններում նրա բոլոր կանխանշումները կարող են իրականացվել նույնիսկ նշվող ժամկետներից շուտ: Այս տարի ավարտվում է Անկախության շրջանում իրականացված Երեւանի ամենանշանակալի եւ ամենածավալուն քաղաքաշինական ծրագրի՝ Հյուսիսային պողոտայի կառուցումը: Զուգահեռաբար ամբողջանում է մյուս՝ Գլխավոր պողոտայի կառուցապատման համալիր ծրագիրը: Թամանյանական այս երկու նախագծերի իրագործումը, որին մեր քաղաքը սպասել է շուրջ 8 տասնամյակ, ամբողջովին վերափոխելու է մայրաքաղաքի կենտրոնի տեսքը՝ ստեղծելով քաղաքաշինական ավարտուն եւ գրավիչ մի միջավայր՝ տարածությունների ռացիոնալ օգտագործմամբ, կատարման ժամանակակից լուծումներով եւ կենցաղավարման նոր որակով»,- հայտարարեց Երվանդ Զախարյանը:

Նա նշեց նաեւ, որ այս տարի 4-րդ աստիճանի վթարայնության փլուզվող շենքերի բնակիչներին փոխհատուցելու նպատակով պետական բյուջեի միջոցներով կառուցվող շենքերի քանակը կրկնապատկվել է, իսկ առաջիկա երեք տարում նախատեսված է ապահովել այս կարգի բոլոր 14 շենքերի բնակիչներին եւ հիմնանորոգել ու ամրացնել 3-րդ աստիճանի վթարայնության մնացած 54 շենքերը:

Քաղաքապետն անդրադարձավ նաեւ մայրաքաղաքում բնապահպանության, տրանսպորտային համակարգի եւ հաղորդուղիների, հանրային փոխադրամիջոցների, ճանապարհաշինության, կրթական, առողջապահության ոլորտներում իրականացված եւ իրականացվելիք աշխատանքներին՝ ընդգծելով, որ այդ ամենն իրականացնելը կլիներ անհնար, եթե պետությունը չլիներ մայրաքաղաքի զարգացման գլխավոր երաշխավորը: Այդ համատեքստում քաղաքապետը նկատեց, որ մայրաքաղաքին վերաբերող բոլոր խնդիրներում միշտ զգացվել է պետական հաստատուն օժանդակություն՝ հանրապետության նախագահի եւ վարչապետի առանձնահատուկ ուշադրությունը մայրաքաղաքի խնդիրների նկատմամբ:

«Մեր մայրաքաղաքը ժառանգել է մեծ պատմություն եւ մեծ ապագա ունի իր ժողովրդի հետ միասին: Հավերժություն եւ բարգավաճում մաղթենք նրան»,- ամփոփեց քաղաքապետը:

Հ. Գ. Ավելի ուշ Ազատության հրապարակում տեղի ունեցավ դիսկոտեկ՝ հայտնի դիջեյների մասնակցությամբ, որին հաջորդեց հրավառություն: Տոնական միջոցառումները կշարունակվեն եւս երկու օր: Իսկ տոնակատարությունները կավարտվեն մայրաքաղաքի բոլոր համայնքներում՝ միաժամանակյա հրավառությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել