Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐՋ ԳՈՐԾՈ՞Ն

Հոկտեմբեր 12,2007 00:00

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը ԱԺ արտահերթի հերթական նիստն սկսելուց առաջ ՀՀ խորհրդարանականների անունից երախտագիտություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին՝ Ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու համար. «Ուզում եմ պատգամավորների անունից մեր երախտագիտությունը հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի մեր գործընկերներին, որոնք, դրսեւորելով բարձր բարոյական հատկանիշներ եւ չենթարկվելով տարատեսակ ճնշումների, կողմ քվեարկեցին Ցեղասպանության ճանաչման բանաձեւին»:

ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը իր հերթին, արդեն ԱԺ միջանցքում, պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից Ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւին հավանություն տալու կապակցությամբ ասել է, թե դա խոսում է այն մասին, որ հայությունը միջազգային քաղաքականության լուրջ գործոն է: «Կան լուրջ հիմքեր կարծելու, որ Կոնգրեսի լիագումար նիստը կընդունի այդ բանաձեւը, եւ մենք կարող ենք ապացուցել, որ հայությունը հանդիսանում է միջազգային քաղաքականության լուրջ գործոն»: Ըստ ԱԺ դաշնակցական փոխնախագահի, բանաձեւի ընդունումը իրապես կարող է հանդիսանալ հայ-թուրքական հարաբերության բարելավման լուրջ խթան: Վահան Հովհաննիսյանի խոսքով՝ «Այն թեզը, թե ցեղասպանության ճանաչումը կխոչընդոտի հայ-թուրքական հարաբերություններին, բացարձակապես կեղծ է, հակառակը՝ քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչված, Թուրքիան որեւէ շահագրգռություն չունի Հայաստանի եւ հայության հետ իր հարաբերությունները բարելավելու: Իսկ սա վերաբերում է բազմաթիվ հարցերի՝ ոչ միայն ցեղասպանության ճանաչմանը եւ դրանից բխող պատմական իրավունքների վերականգնման գործընթացին, այլ նաեւ այսօրվա հարցերին՝ ճանապարհի բացում, տնտեսական շրջափակման վերացում, հակահայկական քաղաքական պրոյեկտների կասեցում, օրինակ՝ Կարս-Ախալքալաք երկաթուղու բացարձակապես տնտեսական առումով անիմաստ նախագծի դիմաց կարող է պարզապես բացվել ճանապարհը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել