Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՐՈԶՈՆ 2008-Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴՐԱԿԱՆ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 12,2007 00:00

Հոկտեմբերի 10-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, թե ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը:

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսի» հատուկ թղթակիցը Բրյուսելից, Քոչարյանը նշել է, որ «պատմական անարդարության ճանաչումը չի կարող վնասել երկկողմ հարաբերություններին»: Նա հիշեցրել է, որ չնայած Ֆրանսիայում Ցեղասպանության ճանաչումից հետո ստեղծված լարվածությանը, ընդամենը մեկ տարի անց թուրք-ֆրանսիական ապրանքաշրջանառությունն աճել է 1,5 անգամ: Մեկնաբանելով Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման անհրաժեշտության մասին հայտարարությունները՝ Ռոբերտ Քոչարյանը կարծիք է հայտնել, որ «ամենահեշտ բանաձեւը կլիներ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը»: Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Երեւանն Անկարային առաջարկում է նմանատիպ երկխոսություն սկսել: Անդրադառնալով ԼՂ հարցին՝ Քոչարյանն ասել է, թե իրատեսական չի համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մինչեւ Հայաստանի 2008 թ. նախագահական ընտրությունները: «Բանակցային գործընթացում առկա ներկայիս դրությունը թույլ չի տալիս կարգավորման հույսեր փայփայել մինչեւ այդ ընտրությունների ավարտը»,- նշել է Քոչարյանը, հավելելով. «Վերջին մի քանի տարիներին մենք մեծ ճանապարհ ենք անցել եւ համաձայնության ենք եկել մի շարք սկզբունքային հարցերում»:

Իր հերթին, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն նշել է, որ Թուրքիան եւ Հայաստանը պետք է «կատարեն հաշտեցման իրական քայլեր»: Պատասխանելով ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումների հանդեպ Եվրահանձնաժողովի վերաբերմունքի մասին հարցին՝ Ժոզե Մանուել Բարոզոն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ մենք դեմ ենք զգայուն եւ ցավալի հարցերի քաղաքականացմանը»: Նա հայտարարել է, թե նման զգայուն խնդիրների միակ լուծումը հաշտեցումն է, որը, Բարոզոյի խոսքերով, եղել է եւ կա եվրոպական ինտեգրման քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկը: Բացի այդ, «մենք Թուրքիային միշտ ասում ենք բարիդրացիական հարաբերությունների հաստատման կարեւորության մասին»,- հավելել է նա:

Եվրոպական հանձնաժողովի նախագահը հայտարարել է նաեւ, որ Եվրոպական միությունն ընդունում է 2007թ. մայիսին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում գրանցված դրական փոփոխությունները: Բարոզոն ընդգծել է, որ Եվրամիությունն ակնկալում է «այդ միտման շարունակությունը 2008թ. փետրվարին կայանալիք՝ Հայաստանի նախագահական ընտրություններին»: Նա հույս է հայտնել, որ ընտրությունների նախօրեին հայկական կողմը հաշվի կառնի վերջին խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ եվրոպական դիտորդների առաջարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել