Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոմունիստնե՞րը կդառնան առաջադիմական

Հոկտեմբեր 12,2007 00:00

ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանի հրաժարականից հետո այդ կուսակցությունը կարող է համալրվել:

«Տաշած քարը գետնին չի մնա». այս կարծիքին է Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) վարչության անդամ Յուրի Մելիք- Օհանջանյանը կուսակցության ղեկավար պոստը թողած Տիգրան Ուրիխանյանի մասին, որը օրերս պաշտոնապես ներկայացրել է իր հրաժարականը կուսակցության վարչությանը: Ինքը՝ Ուրիխանյանը, վարչության նիստին ներկա չի եղել: Վարչությունը պարզապես «ի գիտություն» է ընդունել նախագահի տեղակալ Ռոբերտ Ահարոնյանի զեկուցումը՝ Ուրիխանյանի հրաժարականի մասին: Կուսակցության նախագահի պարտականությունները ժամանակավորապես կկատարի հակաուրիխանյանական Ռ. Ահարոնյանը, իսկ նոյեմբերի 3-ի համագումարից հետո պաշտոնապես կստանձնի այդ ղեկը:

«Ի տարբերություն հայաստանյան մնացյալ կուսակցությունների, մենք բոլորս հասկանում ենք, որ եթե կիսվեց մեր ունեցած միակ կիսելու բանը (նկատի ունի ղեկավարի պաշտոնը- Ն. Գ.), ուրեմն էլ չի լինի ոչ մի հետաքրքրություն եւ նպատակ: Եվ հանուն կուսակցության առողջացման, զարգացման, բարգավաճման, ընդլայնման ու առաջադիմության՝ հարկավոր է այս փոփոխությունը կատարել: Քաղաքակիրթ, պարկեշտ՝ քաղաքական, ներկուսակցական սերնդափոխություն: Որովհետեւ ես միշտ էլ ընդունել եմ իմ կուսակցական ընկերների կողմից հնչեցրած մեղադրանքները: Այո, ես գնացել եմ կուսակցության թափը, գործունեությունը նվազեցնելու ճանապարհով: Եթե նախագահի պաշտոնից իմ հեռանալը կնպաստի հակառակին՝ ես պատրաստ եմ»,- այսպես գնահատեց Ուրիխանյանը վարչության վերաբերմունքը իր հրաժարականին: Նա հույս ունի, որ այսպիսով կկոտրվի նաեւ այն կարծրատիպը, թե ՀԱԿ-ը մեկ մարդու, այն էլ իշխանության դրածոյի կուսակցություն է: Իսկ «տաշած քարի» մասին «Առավոտի» դիտարկմանն այսպես արձագանքեց. «Ես որեւէ առաջարկ այս պահին չունեմ: Կարող է եւ լինի այդպիսի բան: Ես միշտ համարել եմ, որ այս երկրին պետք եմ ավելի շատ, քան ինձ է որեւէ բան պետք երկրից: Եթե որեւէ մեկը կգնահատի իմ կարողությունները՝ ես կմտածեմ»: Իսկ Ռ. Ահարոնյանին համարում է պարկեշտ, փորձառու եւ ճանապարհ անցած քաղաքական գործիչ: Հիշեցնենք, որ վերջինս իր քաղաքական գործունեությունը սկսել է մայր կոմունիստական կուսակցությունից՝ ՀԿԿ-ից, մինչեւ վերջերս էլ Միավորված կոմկուսի ղեկավարի աջ թեւն էր:

Ռոբերտ Ահարոնյանը չհերքեց «Առավոտի» տեղեկությունը, որ մի շարք նախկին կոմունիստներ, ովքեր այսօր տարբեր կոմկուսներում են, առաջիկայում կհամալրեն ՀԱԿ շարքերը: Ավելին, նկատեց, որ առաջարկներ արդեն կան, բայց չցանկացավ ժամանակից առաջ ընկնել: Արդյոք այս ամենն արվեց բոլոր տեսակի կոմունիստներին, ի վերջո, մեկ տեղում հավաքելո՞ւ համար: Նկատենք, որ ժամանակին կոմկուսների միավորման բոլոր փորձերն իրականացվում էին ՀԱԿ-ի եւ Տ. Ուրիխանյանի քավորությամբ՝ «Առավոտի» դիտարկման արձագանքը Ռ. Ահարոնյանի կողմից եղավ. «Կտեսնենք, ես չեմ ուզում ժամանակից առաջ անցնել»: Իսկ Ուրիխանյանն էլ հավելեց. «Մարդը, ում մի շարք կանխագուշակումները իրականություն են դարձել, իրավունք ունի մտածել, որ դա եւս կարող է իրականանալ»: Կոմունիստներին պերմանենտ, առայժմ, սակայն, անարդյունք միավորող Յուրի Մանուկյանը որեւէ խնդիր չի տեսնում: «Թող իրենց համագումարը լինի, Ահարոնյանը համագումարով հաստատվի՝ կտեսնենք»: Իսկ «մայր կոմկուսի» առաջին դեմքն անդրդվելի է. «Միավորում կարող է լինել միայն կուսակցության կանոնադրությունից բխող: Ասել է թե՝ ՀԿԿ-ի շուրջ: Բանաստեղծություն կա՝ թռի-վռի մի ճպուռ…,- Ռ. Ահարոնյանի անցած քաղաքական ուղին ակնարկելով՝ ասաց ընկեր Թովմասյանը,- այդպիսի մարդիկ քաղաքականությանը տոն են տալիս, ուզում են, որ իրենց հետ էլ հույսեր կապվեն: Մարդը պիտի մի կերպար ունենա եւ դրան ծառայի»: Մինչդեռ, մեր տեղեկություններով, մի շարք ազդեցիկ ՀԿԿ-ականներ ոգեւորված են այդ փոփոխությամբ եւ չի բացառվում, որ համալրեն ՀԱԿ շարքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել