Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 12,2007 00:00

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՆԵՐԻ ԴԵՄ ՈՉ ՄԻ «ՏԵՌՈՐ» ԷԼ ՉԿԱ

\"\"Երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում վստահեցնում էր Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը

Թեեւ Շիրակի նորանշանակ մարզպետ Լիդա Նանյանի պաշտոնավարման 100 օրը լրանալու է միայն հոկտեմբերի 19-ին, բայց անցած ամիսների ընթացքում հայաստանյան մամուլը շուրջ տասնյակի հասնող հրապարակումներով անդրադարձել է մարզպետի պաշտոնում նրա գործունեությանն ու դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումներին: Քննադատության թիրախը առաջին հերթին վերջին շրջանում Լ. Նանյանի կողմից վարած կադրային քաղաքականությունն է: Շիրակում կարծում են, որ այդ քաղաքականությունն ուղղակի «տեռոր» է որեւէ պաշտոն զբաղեցնող ՀՅԴ-ականի դեմ, որովհետեւ վերջին շրջանում նորանշանակ մարզպետը հե՛նց նրանցից՝ «ռոմիկականներից» է սկսել ազատվել: Հիշեցնենք, որ մինչ այդ Շիրակի մարզպետը ՀՅԴ ներկայացուցիչ Ռոմիկ Մանուկյանն էր: Տիկին Նանյանի առաջին «զոհը» եղել էր նախկին ու ներկա մարզպետի օգնական, ՀՅԴ անդամ Մեսրոպ Ղալաչյանը, որը փորձում է դատական կարգով վիճարկել իր ազատման օրինականությունը: Երեկ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Լ. Նանյանը վստահեցնում էր, թե մարզպետարանում, դպրոցներում եւ մարզի առողջապահության համակարգում Դաշնակցության անդամների հետ կապված որեւէ քաղաքական խնդիր չկա: «Այսօր էլ մարզպետարանի վարչության պետերի մեծ մասը ՀՅԴ անդամներ են, եւ ես նրանց հետ շատ նորմալ աշխատում եմ, եթե, իհարկե, նրանք կարողանում են լավ աշխատել: Այդ աղմուկը սկսվեց այն բանից հետո, երբ ես աշխատանքից ազատեցի Մ. Ղալաչյանին: Վստահեցնում եմ՝ դա եղել է զուտ աշխատանքային խնդիր»,- փաստեց մարզպետն ու ցույց տվեց իր նախկին օգնականի աշխատանքային պայմանագիրը: Լ. Նանյանը միաժամանակ նշեց, որ Մ. Ղալաչյանի հետ աշխատանքային պայմանագիրը իրականում կնքվել է հետին թվով եւ, սահմանված կարգի խախտմամբ, կնքված չի եղել: Մ. Ղալաչյանի ներկայացրած աշխատանքային պայմանագիրը, իբր, կնքված է եղել 2007թ. հունվարի 15-ի ամսաթվով, մինչդեռ մարզպետարանի կադրերի վարչության կողմից ներկայացված գրության համաձայն, իրականում այն ձեւակերպվել է հունիսի 11-ին՝ նախկին մարզպետ Ռ. Մանուկյանի ազատումից 3 օր առաջ: «Ես նրան ազատել եմ իր հանդեպ ունեցած իմ անվստահության պատճառով, որովհետեւ եթե իմ օգնականն ինձ հետ անկեղծ չի եւ ճիշտ չի խոսում, ես գտնում եմ, որ նման օգնականի հետ չի կարելի աշխատել: Ես հասկացա, որ եթե նա կարող է ինձ խաբել իր աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետի մասին, կարող է ոչ ճիշտ աշխատել նաեւ այլ հարցերում: Դա է եղել նրա ազատման պատճառը, որը փորձ է արվում քաղաքականացնել, ինչի համար ցավում եմ: Ի դեպ, Ղալաչյանին առաջարկվել է այլ աշխատանք, բայց նա չի համաձայնել ու ավելի բարձր պաշտոն է պահանջել, ինչը չի բավարարվել»,- ասաց տիկին Նանյանը:

Մամուլում գրվեց նաեւ, թե նա աշխատանքից ազատել է նաեւ Գյումրիի թիվ 37, 41 եւ 27, Սիզավետ, Հառիջ, Բաֆրայ եւ Հայկաձոր գյուղերի դպրոցների ՀՅԴ-ական տնօրեններին: Մարզպետի ասելով, ինչը, ի դեպ, նա փաստարկեց մեզ ներկայացված համապատասխան փաստաթղթերով, այդ դպրոցների տնօրենների մեծ մասը զբաղեցրած պաշտոններից ազատվել է պաշտոնավարման պայմանագրի ժամկետի ավարտման կապակցությամբ: «Այդ բոլոր դպրոցներում առայժմ նշանակվել են տնօրենի պաշտոնակատարներ: Առաջիկայում տնօրենի պաշտոնի համար մրցույթ կլինի, որին կարող են մասնակցել նաեւ ազատված տնօրենները: Հավատացեք, ես չգիտեմ էլ, թե ազատված տնօրեններից ով ինչ կուսակցության անդամ է»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Գյումրիի թիվ 41 դպրոցի տնօրեն Արտակ Ավետիսյանին, որը վերջերս մարզի «Շիրակ» հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել էր, թե՝ «Դաշնակցության հետ էդ ձեռագրով չեն խոսում», ապա տիկին Նանյանի ասելով, նա հեռացված չէ, թեեւ, իր տեղեկություններով, նրա աշխատանքային պայմանագրի ժամկետն էլ է ավարտվել: Մարզպետի մատուցմամբ, Ա. Ավետիսյանը մարզպետարանում կադրային գործ՝ անձնական թերթիկ չունի, ինչը պահանջվում է բոլոր նորմալ հիմնարկներում: «Մենք նրան դեռ սեպտեմբերի 28-ին ենք գրավոր ծանուցագիր ուղարկել՝ խնդրելով ներկայացնել իր գործը, որ գոնե տեսնենք, թե իր աշխատանքային պայմանագրի ժամկետը ե՞րբ է լրանում, բայց մինչ օրս չի էլ բերել: Ընդ որում, այդ պահանջը բոլոր տնօրեններին է ներկայացվել, ու նրանց մեծ մասը ներկայացրել են պահանջվող փաստաթղթերը: Իսկ զտման խնդիր չկա, դա բացառվում է: Եթե կուսակցական պատկանելությամբ մարդկանց ազատեի, ուրեմն մարզպետարանի վարչության պետերին էլ, որոնք հիմա աշխատում են, պիտի ազատած լինեի»,- պնդում էր Լ. Նանյանը:

Ասում են նաեւ, որ նորանշանակ մարզպետի կողմից կազմակերպված մարզխորհրդի առաջին նիստում նա դժգոհել է համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշից, որոնք կատարվել են ընդամենը 49,5%-ով: Լ. Նանյանը դա հաստատեց. «Սա առաջին ու միակ մարզն է, որ նախկին տարիների աշխատավարձերի կուտակված ահռելի պարտքեր ունի, այնքան մեծ, որ չեմ էլ ուզում թիվը հրապարակել: Կան համայնքներ, որոնք ընդամենը 30-40 տնտեսություն ունեն, բայց իրենց աշխատակիցների նախկին տարիների պարտքերը կազմում են 13 մլն դրամ: Դա խոսում է թողտվության մասին: Ես չեմ կարող ասել՝ այդտեղ քրեական տարրեր կա՞ն, թե՞ չէ, բայց այսօր մենք աշխատում ենք համայնքների ղեկավարներին հասկացնել, որ պետք է փակել այդ պարտքերը: Խնդիրն այն է, որ պետք էր մտածել՝ եթե եկամուտ իրականում չեն ունեցել, ինչո՞ւ էին աշխատավարձ հաշվարկել: Դա նույնն է, որ դուք չաշխատեք, բայց աշխատավարձի պարտք հաշվարկեք, տարիներով կուտակեք, որ հետո պետությունից ստանաք: Ինձ չի բավարարում հավաքագրման ցուցանիշը: Նախատեսված գումարների հավաքագրում հնարավոր է: Ես հետամուտ եմ լինելու այդ խնդրին, ու երեւի նաեւ այդ է պատճառը, որ ինձ հետ կապված նման խնդիրներ են առաջանում»:

Խոսվում էր նաեւ, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու համար նախ պետք է 350-400 հազար դոլար վճարել համապատասխան պաշտոնյաներին: «Ես երբեւէ ցանկություն չեմ ունեցել մարզպետի պաշտոնը զբաղեցնել, առավել եւս, որ աշխատանք եմ ունեցել եւ չեմ էլ պատկերացրել, որ կարող է մի օր այս կառույցում աշխատեմ: Երբ ինձ կանչեցին եւ առաջարկեցին աշխատել այս պաշտոնում՝ խիստ զարմացա»,- ներկայացրեց Լ. Նանյանը: Այդուհանդերձ, նրան, իր ասելով, համոզել էին. «Ես չեմ հասկանում, թե ինչու այնտեղ (մարզի հարկային ծառայության պետի պաշտոնը) պիտի թողնեի, դեռ փող էլ տայի, որ գայի էստեղ աշխատելու»:

Նա հաստատեց նաեւ, որ մարզպետարանի վարչության ու բաժնի պետերին հրահանգել է աշխատավայրում մնալ այնքան, որքան ինքը կմնա, եթե անգամ դա լինի մինչեւ ժամը 23-ը, ու մոռանալ շաբաթ օրվա հանգստի մասին: «Իսկ ի՞նչ անենք: Մարդիկ մեզ դիմում են, խնդիրների լուծում են պահանջում: Պիտի հասցնենք: Ասացի արդեն՝ մեր աշխատողների կադրային գործերը չկային: Ինչո՞ւ չկային, պիտի՞ արվի այդ գործը՝ պիտի արվի: Իսկ մարզպետարանի միջանցքներում, իբր, տեղադրվելիք տեսախցիկների մասին տեղեկությունների վերաբերյալ ինքներդ դատեք»,- ասաց տիկին մարզպետը: Մարզպետարանի ներսում որեւէ տեսախցիկ չկար: Կար միայն ընդունարանում, որը տեղադրել էր դեռ նախորդ մարզպետը:

Այն, որ մարզի մայրաքաղաք Գյումրիում կանաչ տարածքներ գրեթե չեն մնացել՝ Լ. Նանյանը ընդունեց եւ հայտարարեց, թե պատրաստ է կանխել մասնավորապես կանաչ գոտիներում ապօրինի օբյեկտաշինությունն ու շինություններն ընդհանրապես, բայց ձեռնպահ մնաց ասելու՝ դա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՞ն էլ, թե՞ ոչ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել