Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՍՅՈՒՆՅԱՑ ԱՐԾԻՎԸ» ԴԱՐՁԱՎ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"Այդ կազմակերպության նախագահ, ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանը, որը վերջերս դարձավ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, պատրաստ է լինել դժոխքի դարպասների պահակը։

– Ինչո՞ւ ցանկացաք չինովնիկ դառնալ:

– Նախ ասեմ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նորաստեղծ նախարարության ձեւավորումը ՀՀ կառավարության կողմից շատ իմաստուն քայլ էր, հատկապես գաղափարական առումով, այսինքն, ի՞նչ երիտասարդություն՝ առանց սպորտի եւ ի՞նչ սպորտ՝ առանց երիտասարդության: Ինչ վերաբերում է իմ նշանակմանը, դա միանշանակ քաղաքական որոշում էր՝ ՀՀԿ խորհրդի, խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից եւ, իհարկե, իմ ցանկությամբ՝ հաշվի առնելով հենց այն ոլորտը՝ սպորտը եւ երիտասարդությունը, որով զբաղվել եմ 1991-ից այս կողմ: Ինչ վերաբերում է «չինովնիկ» դառնալուն, ասեմ, որ դա իմ տեսակը չէ, ավելին, «ցեղակրոն տեսակ» ունեցող մարդը «չինովնիկ» չէ եւ չի կարող դառնալ «չինովնիկ»:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Գրիգորյանի, շատ վճռական է տրամադրված ՀՀ տարածքում եւ տարածքից դուրս ինչպես մասսայական սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի արմատավորման, այնպես էլ մեծ սպորտի հզորացման գործընթացներին:

– Ինչպե՞ս եք գնահատում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքականություն:

– Չեմ կարող շատ իշխանական եւ ընդդիմադիր գործիչների պես խոսել զգուշավոր, քաղաքական գույնզգույն մանեւրներով, ես կասեմ ճշմարտությունը, որը, ցավոք, միշտ էլ դաժան է լինում: Այո՛, Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի նորանկախ հանրապետության 1-ին նախագահն է եղել՝ իր դրական եւ բացասական կողմերով, ես չեմ շեշտում «հաղթանակած նախագահ» տերմինը, որովհետեւ նա իրականում չի եղել հաղթանակած նախագահ: Այո՛, Տեր-Պետրոսյանի նախագահ եղած ժամանակահատվածում Հայաստանն ունեցավ արցախյան փառավոր հերոսամարտ եւ հաղթանակեց, բայց սրիկայություն կլինի, եթե հաղթանակը մենք վերագրենք մեկ հոգու եւ ոչ թե անպարտելի հայ ժողովրդին, մասնավորապես՝ Վազգեն Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, հայրենապաշտ շատ գեներալների, զինվորների, երկրապահների, մտավորականների, հասարակ քաղաքացիների… Լեւոն Տեր-Պետրոսյանը, իհարկե, Նապոլեոն չէ, բայց Նապոլեոնն էլ փորձեց 2-րդ անգամ իշխանության գալ եւ վերջնականապես տապալվեց: Վստահ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, զորացրված շատ քաղաքական գործիչների հետ մուտք գործելով ՀՀ նախագահական ընտրությունների շեմը, վերջնականապես կբռնի պարտվողականության եւ տապալման ճանապարհը՝ շատ պարզ պատճառով. 2008-ը 90-ականներ չէ։ Կարծում եմ՝ վերջին 10 տարիների մեր պետության քաղաքականությունը դրական լուրջ հիմքեր է արմատավորել մեր պապերի երազած հզոր Հայաստանի համար: Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես երիտասարդ ընտանիքի հայր, որպես երիտասարդական հզոր կառույցի ղեկավար, չեմ կարող իմ ընտանիքի, հզոր կազմակերպության, Հայաստանի Հանրապետության ապագան վստահել մեկ մարդու, որը ժամանակին եղել է հայ ազգի, հայ տեսակի, ի՛մ տեսակի առաջնորդը, Հայաստանի 3-րդ Հանրապետության նախագահը, նախագահ, որն անկախ ճնշման ուղղություններից, տեսակներից, վախեցավ, ետ քաշվեց, հրաժարական տվեց, եւ այն դեպքում, երբ որ նա, լինելով առաջնորդը հայ ազգի, հայոց պետականության, առաջին հերթին, անհրաժեշտության դեպքում, իր կյանքի գնով պետք է պաշտպանը լիներ պետականության, հայ ժողովրդի, հայ հասարակության: Լեւոն Տեր-Պետրոսյանը, իմ խորին համոզմամբ, անցյալ է:

– Հետեւաբար, Հայաստանի ապագան ՀՀԿ նախագա՞հն է:

– Այո, իսկ ինչու՝ ոչ: Ես իմ երեխաների, իմ ընտանիքի, իմ ժողովրդի պայծառ ապագան ինչպե՞ս չվստահեմ այդ անհատականությանը՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Գործող քաղաքական դաշտում Դուք տեսնո՞ւմ եք որեւէ քաղաքական գործչի, ով պատրաստվում է հանդես գալ 2008-ի ՀՀ նախագահական ընտրություններում որպես թեկնածու, որը օժտված է նշածս չափանիշներից գոնե կեսով: Վարչապետ Սերժ Սարգսյանի առաջադրման մասին, որպես թեկնածու, պաշտոնապես կիմանանք նոյեմբերի 10-ին՝ ՀՀԿ-ի հերթական համագումարի ժամանակ: Բայց ես, որպես հայրենասեր երիտասարդ, ով պատրաստ է իր պետության, իր ժողովրդի անընդհատ հզորացման համար, անհրաժեշտության դեպքում, լինել դժոխքի դարպասների պահակը, կոչ եմ անում հայ հասարակությանը, հատկապես երիտասարդությանը, որ Սերժ Սարգսյանի առաջադրումը լինի ոչ միայն ՀՀԿ-ի համագումարի կողմից, ոչ միայն տարբեր քաղաքական, հասարակական կառույցների աջակցությամբ, այլեւ ամբողջ հայ հասարակության, առողջ հասարակության կողմից՝ հաշվի առնելով քաղաքական, պետական, ազգային գործչի՝ Սերժ Սարգսյանի անցած արժանապատիվ կենսագրությունը եւ ապագայի հանդեպ ունեցած նրա լավատեսության իրականացման վճռականությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել