Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՐՁԱԿՈՒՄ «ԱՌԱՎՈՏԻ» ԼՐԱԳՐՈՂԻ ՎՐԱ

Հոկտեմբեր 12,2007 00:00

\"\"

Երեկ ցերեկը «Առավոտի» խմբագրություն էր ներխուժել կանանց եւ տղամարդկանց մի խումբ եւ հարձակվել թերթի լրագրող Ռուզան Մինասյանի վրա: Նրանք փորձում էին հաշվեհարդար տեսնել լրագրողի նկատմամբ՝ դժգոհ լինելով մեր թերթի նախորդ օրվա հրապարակումից: Հարձակվողները 2002 թվականի հունիսի 24-ին սպանվածների հարազատներն էին եւ իրենց վայրագությունը «բացատրում էին» նրանով, որ «Առավոտը», իրենց կարծիքով, իրավունք չուներ հրապարակել այն սպանությունների համար դատապարտվածի նամակը, որտեղ նա պնդում էր իր անմեղությունը: Քանի որ ջարդարարները չէին հանդարտվում, սեռական հայհոյանքները (նաեւ կանանց շուրթերից) եւ քաշքշուկը շարունակվում էին, թերթի աշխատակիցները դիմել էին Կենտրոնի ոստիկանություն, որի ներկայացուցիչները օպերատիվ կերպով արձագանքեցին ահազանգին եւ հարձակվողներին կարգի հրավիրեցին: Հարուցվել է քրեական գործ՝ 164-րդ հոդվածով՝ «մի խումբ անձանց կողմից լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը՝ զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով»: Սակայն հարձակվողները սպառնալիքներով չէին սահմանափակվում եւ վնասվածք են հասցրել Ռուզանին, որն այսօր այցելելու է դատական բժշկի: Լուսանկարում՝ լրագրողի աշխատասենյակը հարձակումից հետո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել