Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԸՆԹԱՑՔԸ ՎԱԶՈՂԻՆԸ ՉԷ

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"«Առավոտի» հյուրն է շախմատի ՀՀ վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանը

– Պարոն Խալիկյան, «Առավոտը» շնորհավորում է Ձեր վերջին փայլուն ելույթը Գմունդենում (Ավստրիա) ավարտված խոշոր շախմատային մրցաշարում:

– Մրցաշարը խոշոր չի կարելի որակել, բայց նման կարգի բարձրակարգ մրցաշարում 7 հնարավորությունից՝ 6 միավոր, առանց պարտության, ինձ համար շար պատվաբեր է:

– Դուք շուրջ 20 տարի շախմատ չեք խաղացել, ինչո՞վ եք բացատրում այդ հաջողությունը:

– Արեւելքի փիլիսոփայությամբ:

Իրոք, մոտ 20 տարի ես շախմատ չեմ խաղացել, չհաշված թեթեւ պարտիաները վարչապետ Սերժ Սարգսյանի եւ պրոֆեսոր Համլետ Միքայելյանի հետ, եւ այդ տեւական ժամանակահատվածում բավական հետ եմ մնացել, սակայն այն վարպետությունը եւ հմտությունը, որ ես ձեռք եմ բերել երիտասարդ տարիներին, իրենց ակտուալությունը չեն կորցրել, դեռ ավելին: Մեր մեծերը մեզ ուսանում էին շախմատի փիլիսոփայությունը, տեխնիկան՝ մենք ձեռք էինք բերում քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նախկինում շախմատիստները բազմակողմանի զարգացած մարդիկ էին, օրինակ՝ Լասկերը խաղերի տեսության մասնագետ էր, Բոտվիննիկը՝ մաթեմատիկայի դոկտոր, Սմիսլովը օպերային երգիչ էր, Տայմանովը՝ դաշնակահար, Հյուբները՝ պատմական գիտությունների դոկտոր, Պետրոսյանը՝ փիլիսոփա, մասնավորապես՝ շատ ուսանելի է նրա «Շախմատը եւ փիլիսոփայությունը» գիրքը: Այսօրվա շախմատիստները հիմնականում տոտալ շախմատ են խաղում, ինչպես նրանց ժամանակին անվանում էր Միխայիլ Բոտվիննիկը (ինֆորմատորի բալիկներ)։ Արեւմուտքը իմաստուն խաղը սպորտի է վերածել, շոուի, որի արդյունքում շախմատը կորցրել է իր երբեմնի հմայքը։ Բավական է եվրոպացի պրոֆեսիոնալին շեղել տեսական գիտելիքներից, տանել ստեղծագործական դաշտ եւ նա արդեն քո ձեռքում է:

– Եթե ընդհանրացնենք, չափազանց պատասխանատու միտք եք արտահայտում:

– Ես կասեի՝ նաեւ վտանգավոր: Այսօր արդեն տեսանելի է արեւելք֊ արեւմուտք քաղաքակրթությունների բախումը։ Պահպանողական իմաստուն արեւելքը արդեն տնտեսական պայքարի նժարը իր կողմ է թեքում եւ կարծես թե արեւմուտքը պատասխան չունի: Այդ հակադրության մեջ հայը իր արեւելյան հոգեբանությամբ եւ արեւմտյան պահվածքով կարող է միջնորդի առաքելությամբ հանդես գալ: Ոչ զենքով, ոչ փողով, այլ հայը աշխարհին կարող է ներկայանալ մտքի ներուժով:

Մենք պետք է վերականգնենք հոգեւորի եւ մտքի մետաքսի ճանապարհը:

– Ի՞նչ եք հասկանում հայ ասելով:

– Ինձ համար հայը դա հոգեվիճակ է՝ ամրագրված լեզվով, կրոնով, տարածքով:

Լեզուն կրթության, գիտության, մշակույթի կրողն է, կրոնը՝ հոգեւոր պոտենցիալի եւ ապրելակերպի, իսկ տարածքը՝ արմատների եւ ունեցվածքի:

– Վերադառնանք շախմատին: Ինչո՞վ եք բացատրում Արոնյանի անհաջող ելույթը:

– Մենք դեռ լիովին չենք ընկալում՝ ինչ է նշանակում հայը աշխարհի չեմպիոն, այն էլ շախմատում:

֊ Գուցե մանրամասնեք:

– Մենք պետք է սովորենք յուրաքանչյուր հաջողություն մեր մեջ տեսնել, ոչ թե մեզ փնտրել հաջողության մեջ: Ցանկացած բնագավառում հայի հաջողությունը դա ազգային արժեք է եւ պատկանում է բոլորիս: Մենք պետք է սովորենք հաջողությամբ չհպարտանալու եւ անհաջողությամբ չընկճվելու արվեստը:

Լեւոն Արոնյանը լավագույն մարզավիճակում չներկայացավ աշխարհի թիվ 1 մրցաշարին: Նախ, նա վատառողջ էր: Սա շատ էական է, բայց որ հիմա արդեն կարող ենք ասել՝ հայ շախմատիստը որոշ առումներով իր տեսական պատրաստականությամբ, սկզբնախաղային ճկուն ցանկով նույնպես չէր գերազանցում իր հիմնական հակառակորդներին, սա արդեն ամենակարեւորն է: Կային նաեւ հոգեբանական բարդույթներ: Լեւոնի շուրջ պետք է համախմբվի ողջ հայկական շախմատային պոտենցիալը, նա պետք է մշտապես գտնվի բժիշկների եւ հոգեբանների հսկողության ներքո եւ էլի շատ բաներ: Միայն այդ ճանապարհով կարելի է նվաճել բաղձալի բարձունքը:

Հիշում եմ, երբ Տիգրան Պետրոսյանը գնում էր հերթական խաղին, նրա կողքով քայլում էր Սերգո Համբարձումյանը: Բոլորս էլ գիտեինք, որ ճանապարհին որեւէ մեկը Պետրոսյանին չէր ծեծելու, այդ վտանգը չկար, բայցեւայնպես՝ հաճելի էր: Արեւելքի լավագույն շախմատիստ հնդիկ Անանդը այսօր արդեն լավագույնն է աշխարհում եւ դա շատ օրինաչափ է: Կարծում եմ, մենք դասեր քաղելու ժամանակ ունենք եւ աշխարհի առաջնության հաջորդ փուլին Լեւոն Արոնյանը բոլոր հիմքերն ունի լավագույն ձեւով ներկայանալու:

– Պարոն Խալիկյան, օգտվելով առիթից, հետաքրքիր կլիներ իմանալ Ձեր կարծիքը առաջիկա նախագահական ընտրությունների մասին:

– Մեզ ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ նախագահ է պետք: Մեզ խոսքի տեր առաջնորդ է պետք, առաջնորդ, որի ձեռքը չդողա Աստվածաշնչի առջեւ երդվելիս, որը չկակազի ժողովրդին խոստումներ տալիս, որը հարգի երկրի օրենքները եւ դառնա նրանց կիրառման երաշխավորը:

Փառք Աստծո, մենք տեր ունենք, մեզ ծառա է պետք, մեր հոգսերը հասկացող, ունեցվածքը պահպանող, ճանապարհը կիսատ չթողնող:

Մենք մի ընտանիք ենք, մեզ հենասյուն է պետք:

Միտքս ավարտեմ մեծն Կամֆուցիի խոսքերով. «Հայրը պիտի լինի հայր, որդին՝ որդի, կինը՝ կին»:

Մեզ իր անցյալը վերհիշելիս չկարմրող, ապագան տեսնող նախագահ է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել