Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2789-ամյա Երեւանի օրը կտարբերվի

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"Թաղային բոլոր համայնքներում միաժամանակ հրավառություն կլինի

Երեկ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը ասուլիս էր հրավիրել՝ խոսելու «Երեւանի օր» տոնակատարության մասին: «Երեւանի օրվա» հանդիսավոր բացումը կկայանա այսօր՝ օպերային թատրոնում, այնուհետեւ միջոցառումները կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 13-ը: Փոխքաղաքապետը հավաստիացրեց, որ այս տարվա տոնակատարությունը նախորդներից տարբերվելու է կազմակերպվածությամբ եւ լինելու է առավել հետաքրքիր: Տոնական միջոցառումներ կկազմակերպվեն Երեւանի 12 համայնքներում, համայնքապետերը, պարզվում է, 108 ծրագիր են ներկայացրել: «Համայնքներում կլինեն մեծարման երեկոներ, մրցանակների հանձնում, պատանի ստեղծագործողների ցուցահանդեսներ, փողային նվագախմբի համերգներ, երեւանյան ուտեստների մրցույթ, ծառատունկ, ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, տիկնիկային ներկայացումներ, «Լավագույն աշնանային բերքառատ սեղան» մրցույթ, համայնքների նորապսակներին նվիրված ծրագրեր, այցելություն Էրեբունի թանգարան, լավագույն բակի, շենքի, պատշգամբի, խաղահրապարակի մրցույթներ եւ այլն»,- համայնքային ծրագիրը ներկայացրեց պրն Վարդանյանը:

Այսօր երեկոյան Ազատության հրապարակում կկայանա նաեւ համերգ-դիսկոտեկ, որին կմասնակցեն հայտնի DJ-ներ, իսկ վերջում կլինի ճոխ հրավառություն: Վաղը՝ կրկին Ազատության հրապարակում, կմեկնարկի շախմատի սիրողական մրցաշար, որին կմասնակցի ճանաչված շախմատիստ Միշա Խաչատրյանը: Նույն օրը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող հատվածում, Կիրովի եւ Անգլիական այգիներում կկազմակերպվեն մանկական տոնական միջոցառում, խաղեր, վիկտորինաներ, ելույթ կունենան մանկական համույթներ եւ անհատ կատարողներ: Հյուսիսային պողոտայում էլ «Մարաթուկ» համույթը հանդես կգա ազգագրական ծիսակատարություններով եւ կոխի ելույթներով: Ազատության հրապարակում կկայանա սուսերամարտի բլից մրցաշար, որին կմասնակցեն Երեւանի լավագույն սուսերամարտիկները: Հոկտեմբերի 12-ի միջոցառումները կեզրափակվեն Հանրապետության հրապարակի համերգային ծրագրով: Իսկ ամսի 13-ին Ազատության հրապարակում կլինի ֆուտբոլի պատանեկան բլից մրցաշար, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ ազգային փոքրամասնությունների կողմից կազմակերպված համերգ: Նույն օրը կլինի հեծանվավազք, ինչպես նաեւ հաշմանդամ մարզիկների մասնակցությամբ՝ սայլակավազք, ապա «Իմ Երեւանը» խորագրով կավճանկարների մրցույթ եւ տոնական համերգ: Քաղաքապետարանում նախատեսված է ընդունելություն, որի ընթացքում քաղաքապետ Երվանդ Զախարյանը տարբեր բնագավառների մի խումբ գործիչների կհանձնի պատվոգրեր, Երեւանի զինանշան, հուշամեդալ, ոսկե կրծքանշան: Երեկ Վ. Վարդանյանն ասաց նաեւ, որ քաղաքային միջոցառումների կազմակերպման իրավունքը ընձեռվել է «Շարմ» ընկերությանը: Տոնակատարության կապակցությամբ, ինչպես հանրապետության մարզերից ու Լեռնային Ղարաբաղից, այնպես էլ տարբեր երկրներից՝ այդ թվում՝ ՌԴ, Ուկրաինա, Իրան, Բելառուս, Ֆրանսիա, ԱՄՆ եւ այլն, կժամանի 14 պատվիրակություն: «Երեւանի օր» տոնակատարության ավարտին Երեւանի 12 համայնքներում միաժամանակ «կպայթի» հրավառությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել