Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՍԵՆՈՖՈԲԻԱՆ ԽԱՅՏԱՌԱԿ ԵՐԵՎՈՒՅԹ Է»

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"Չնայած սրան, Ռուսաստանի ԱԳՆ-ին առընթեր միջազգային կենտրոնի ներկայացուցիչ Անատոլի Նիկոլաեւը երկու երկրների հարաբերությունները դրական է գնահատում:

Երեկ Երեւանի «Մոսկվայի տանը» հրավիրվեց «Ռուսաստան եւ Հայաստան. ներքին քաղաքականության ազդեցությունը երկու երկրների փոխհարաբերությունների վրա տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում» թեմայով կլոր սեղան: Քննարկմանը մասնակցում էին հայ փորձագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության ներկայացուցիչներ: Կլոր սեղանի մասնակիցները կարծիքների փոխանակման ժամանակ փորձեցին պարզել, արդյոք Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին քաղաքականությունն իր ազդեցությունը թողնո՞ւմ է երկու երկրների՝ միմյանց հետ ունեցած փոխհարաբերությունների վրա: Այս հարցի վերաբերյալ քաղաքագետների մոտ տարակարծություններ ի հայտ եկան: Օրինակ՝ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը համոզված է. «Արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է»: Այլ էր «Նոյյան տապան» գործակալության խմբագիր, վերլուծաբան Հարություն Խաչատրյանի կարծիքը. «Հայ-ռուսական հարաբերությունները քիչ են կախված երկու երկրներում գոյություն ունեցող ներքաղաքական գործոններից»: Ներքին քաղաքականություն-արտաքին քաղաքականություն հարաբերությունների հստակեցումից բացի, քաղաքագետները փորձեցին պարզել, թե զարգացման ինչպիսի ճանապարհն է այժմ Հայաստանի համար նպաստավոր: Շ. Քոչարյանը եվրաինտեգրման կողմնակիցն է. «Հայաստանը չի կարող Ռուսաստանի, Չինաստանի, Ճապոնիայի նման ինքնուրույն ընտրել իր զարգացման ճանապարհը: Մենք դեռ չունենք այդ պոտենցիալը՝ չունենք ռեսուրսներ: Այս առումով եվրաինտեգրումը մեր միակ պոտենցիալ ընտրությունն է: Դեմոկրատացումը եւս մեզ համար կենսական անհրաժեշտություն ունի: Հայաստանին այժմ անհրաժեշտ է Ռուսաստանի հետ ունեցած լավ հարաբերությունները պահպանել»: Եթե ԱԺԿ նախագահը եվրաինտեգրումը տեսնում է միայն ԵԽ անդամ դառնալով, ապա Հ. Խաչատրյանը դա քիչ է կարեւորում. «Եվրաինտեգրում ասելով հասկանում եմ գործընկեր երկրների հնարավորինս մոտ հարաբերությունների հաստատում, միմյանց առջեւ շուկաների բացում, բայց ոչ՝ պարտադիր Եվրամիությանն անդամագրում»:

«Նոյյան տապանի» խմբագիրը հիշեց նաեւ ապրիլին վարչապետ Սերժ Սարգսյանի արած «անեկդոտային» հայտարարությունը՝ «Ֆայնենշըլ թայմին» տված հարցազրույցում. «Դեմոկրատացումը շահավետ է Հայաստանի համար»: Հետո էլ Հ. Խաչատրյանը մեկնաբանեց. «Այսինքն՝ ընտրում ենք դեմոկրատացումը ոչ թե նրա համար, որ դրա ջատագովն ենք, այլ պարզապես այն մեզ համար շահավետ է, քանի որ շահավետ է նաեւ լավ հարաբերություններ ունենալը եվրոպական երկրների, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ»:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նկատեց. «Հայ-ռուսական հարաբերությունները վերջին շրջանում գտնվում են փոփոխությունների փուլում: Դրանք լավ կամ վատ որակել չեմ կարող, պարզապես կարծում եմ, որ մեր՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները բավականին նորմալ են: Երկու երկրներն էլ նախընտրական փուլում են, հնարավոր է սպասվող ներքաղաքական զարգացումները ազդեն այս երկրների արտաքին քաղաքականության վրա»: Ռուսաստանի արտգործնախարարությանն առընթեր գիտական եւ մշակութային փոխհամագործակցության ռուսաստանյան միջազգային կենտրոնի կովկասյան բաժնի հայաստանյան ներկայացուցիչ Անատոլի Նիկոլաեւից հետաքրքրվեցինք, թե ինքն ինչպե՞ս է բնորոշում հայ-ռուսական ներկայիս հարաբերությունները: «Դրանք այսօր էլ են դրական, ինչպես միշտ են եղել: Մենք Ռուսաստանում հիշում ենք, որ Հայաստանը մեր վաղեմի գործընկերն է, մեր նախնիները Կուլիկովյան ճակատամարտում միասին են կռվել, որ հայերը Հայրենական մեծ պատերազմի տարիներին 105 հերոս են տվել, հիշում ենք «Արարատ 73»-ի սխրագործությունը եւ այլն»,- ասաց Ա. Նիկոլաեւը: Հետո էլ հավելեց. «Որոշ ժամանակահատվածում հայ-ռուսական հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ գոյություն ունեին, որոնք հարթվում են: Այժմ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում մեծացել են 2 անգամ, իսկ ապրանքաշրջանառությունը շուտով կհասնի մեկ միլիարդ դոլարի»:

Պրն Նիկոլաեւը երեկ իրենց երկրում առկա քսենոֆոբիայի դրսեւորումները որակեց խայտառակ. «Այդ խնդիրն իրոք գոյություն ունի: Սակայն այն բնորոշ է ոչ միայն Ռուսաստանին: Դա մասամբ կարելի է բացատրել երիտասարդության անգործությամբ: Շատերը կյանքում իրենց տեղը չեն գտել եւ ցանկանում են ինչ-որ մեկի վրա թափել իրենց զայրույթը, մեկ՝ «Սպարտակի» հակառակորդների, մեկ՝ եկվորների վրա: Առավել եւս, որ ոմանք տեղյակ չեն Հայաստանի հետ մեր վաղեմի փոխհարաբերությունների մասին: Այդ ամոթալի երեւույթն արմատախիլ անելու նպատակով մեր կենտրոնը Ռուսաստան-Հայաստան բարեկամության միության հետ համատեղ հրատարակել է «Երկու հարյուր հարց՝ երկու հարյուր պատասխան Հայաստանի վերաբերյալ» գիրքը, որը, առաջին հերթին, նախատեսված է ոստիկանության աշխատակիցների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել