Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Face control՝ բուհում

Հոկտեմբեր 11,2007 00:00

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանին չեն թույլատրում մուտք գործել բուհ:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախկին ուսանող Էդուարդ Հովհաննիսյանը անցյալ տարի ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով հեռացվել էր համալսարանից ու հետագայում դիմել՝ կրկին վերականգնվելու: «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքով՝ «Կրթությունն ընդհատած ուսանողն իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում»: «Ես էլ շարժվեցի ըստ ՀՀ գործող օրենքի, սակայն ամերիկյան համալսարանում պարզաբանեցին, որ այդ օրենքը սխալ եմ հասկացել, ես չեմ կարող վերականգնվել, դա վերաբերում է միայն կրթությունն ինքնուրույն ընդհատած ուսանողին: Դիմեցի ԿԳ նախարարություն, որտեղից ստացա պաշտոնական պարզաբանում այն մասին, որ օրենքը տարածվում է նաեւ հեռացված ուսանողների վրա: Այն հակառակ ձեւով մեկնաբանելը՝ նշանակում է կրթության իրավունքի խախտում»,- «Առավոտին» հայտնեց Էդ. Հովհաննիսյանը: Նա ճարահատյալ դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Ըստ վերջինիս վճռի՝ ամերիկյան համալսարանը գործել է իր կանոնադրության շրջանակներում՝ Էդուարդ Հովհաննիսյանին հեռացնելով: «Ե՛վ առաջին ատյանի դատարանը, ե՛ւ վերաքննիչը վճռեցին, որ ինձ ճիշտ են հեռացրել համալսարանից: Բայց ամբողջ հարցն այն է, որ ես չէի դիմել՝ դա իմանալու: Իմ խնդիրը վերականգնվելն էր, ես դիմել էի վերականգնվելու ակնկալիքով: Ի դեպ, վճռաբեկ դատարանն ընդհանրապես գործը չքննեց, պատճառաբանելով, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը բացակայում են»,- շարունակեց իր խնդիրը ներկայացնել ամերիկյան համալսարանի նախկին ուսանողը: Նա դատարանին 3 բուհերից՝ ԵՊՀ-ից, Բժշկական եւ Ճարտարագիտական համալսարաններից, թուղթ էր ներկայացրել այն մասին, թե ինչպես են բուհերը հասկանում կրթությունն ընդհատած ուսանողի՝ վերականգնվելու մասին օրենքը: Ըստ 3 բուհերից ստացված պատասխանների՝ հեռացված ուսանողը եւս կարող է վերականգնվել նույն բուհում: Էդ Հովհաննիսյանը դիմել է նաեւ ԿԳ նախարարության լեզվի պետական տեսչության պետ Լավրենտի Բարսեղյանին: Վերջինս հայոց լեզվի կանոնների համաձայն նաեւ հղում անելով Էդ. Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանին», պարզաբանել է, որ Էդ. Հովհաննիսյանը ճիշտ է ընկալել օրենքը, եւ հակառակ ձեւով մեկնաբանումը ենթադրում է հայերենի քերականական կանոնների խախտում: Նախկին ուսանողը տեղեկացրեց, որ նախկինում ըստ ամերիկյան համալսարանում գործող կարգի, հեռացված ուսանողը այլեւս իրավունք չուներ կրկին դիմելու համալսարանի որեւէ ֆակուլտետ, հետագայում են փոփոխություններ մտցվել կարգում, դրա համար էլ դիմել էր դատարան ոչ թե նորից ընդունվելու, այլ վերականգնվելու պահանջով: «Դատի ընթացքում ինձ ասացին, որ փոխել են օրենսդրությունը եւ առաջարկեցին նորից դիմել: Բայց հիմա էլ չեն թողնում մուտք գործեմ համալսարան, որպեսզի թղթերը հանձնեմ, անվտանգության աշխատակիցներին հրահանգված է՝ ինձ ներս չթողնել, նկարս էլ փակցված է պատին, վրան էլ ինչ-որ մեկը հավանաբար կատակով ավելացրել է` wanted: Դիմել եմ համալսարանի իրավաբան Սարգիս Կնյազյանին եւ պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանին, բայց պատասխան չեմ ստացել: Կատարյալ լռություն են պահպանում, հավանաբար սպասում են մինչեւ լրանա ժամկետը՝ հոկտեմբերի 12-ը, երբ այլեւս իրավունք չեմ ունենա դիմել»,- նեղսրտեց Էդ. Հովհաննսիյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավաբան Սարգիս Կնյազյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ Էդուարդ Հովհաննիսյանի հայտարարությունը՝ իրեն համալսարան ներս չթողնելու վերաբերյալ, զրպարտություն է. «Սա առաջին դեպքը չէ, որ նա զրպարտում է»: Ինչ վերաբերում է նախկին ուսանողի լուսանկարը համալսարանում՝ անվտանգության աշխատակիցների աչքի առաջ փակցված լինելուն, այս մասին էլ ասաց. «Առաջին անգամ ձեզանից եմ լսում»:

Համալսարանի պրոռեկտոր Լուսիկ Դանիելյանի հետ կապվել չհաջողվեց: Գործավարուհին երկար-բարակ հարցաքննելուց հետո դժկամությամբ ասաց. «Դոկտոր Դանիելյանը զբաղված է եւ ժամանակ գտնելու դեպքում կկապվի խմբագրության հետ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել