Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԵՌԱԾԻՑ ՓՈՂ ՉԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հոկտեմբեր 11,2007 00:00

Գտնվելով Ուկրաինայում՝ սպանել է Հայաստանո՞ւմ

Երկու ամիս խորհրդակցական սենյակում մնալուց հետո՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանը (լուսանկարում) հրապարակեց Ուկրաինայի քաղաքացի, տնտեսագիտության թեկնածու Արարատ Մուրադխանյանի դատավճիռը: Վերջինս դատապարտվեց ցմահ ազատազրկման:

1 տարի 4 ամիս դատաքննությունն ընթացավ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի թիվ 1 դահլիճում: Նշենք, որ այս քրեական գործը մեկ անգամ էլ լսվել է Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում, որը 2005թ. հոկտեմբերի 14-ին գործն ուղարկել է լրացուցիչ նախաքննության՝ «նախաքննական մարմինը չի պարզել մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող հանգամանքները» պատճառաբանությամբ:

Ուկրաինայի Պոլտավա քաղաքում Արարատ Մուրադխանյանը զբաղվել է տնտեսական գործունեությամբ՝ շաքարավազ, պարենային ապրանքներ Հայաստան ներկրելով: Նրա բիզնեսն այնքան էր ծաղկել, որ թե իր ընտանիքը, թե իր եղբայրների ընտանիքները Նոյեմբերյանի Կոթի գյուղից տեղափոխվեցին Պոլտավա: Գործարքներից մեկի արդյունքում նա պետք է ստանար 700.000 ԱՄՆ դոլար, բիզնես աշխարհը, որը սերտաճած էր հանցաշխարհի հետ, հրաժարվեց Մուրադխանյանին վճարել իր հասանելիքը:

«Հրաժարվողներից» էր «Օլիմպիյսկի Լյովիկ» մականունով Լյովա Մեհրաբյանը: 2002-ի հունիսի 24-ին, ժամը 23-ի սահմաններում, Տիգրան Մեծի փողոցի 3-րդ նրբանցքի 50 տան բակում խնջույքի սեղանի դիմաց ՏՏ ատրճանակով սպանվեցին այդ պահին Հայաստանում գտնվող Լյովա Մեհրաբյանը, նրա հայրն ու եղբայրը՝ Վազգեն եւ Ռուբեն Մեհրաբյանները, քեռին՝ Սուրեն Հասրաթյանը: Հրազենային վնասվածքներ ստացան Լյովայի քույրը՝ Քնարիկը եւ քեռու տղան՝ Արմեն Հասրաթյանը: Մեղադրանքը, որը պաշտպանում էին գլխավոր դատախազությունից Ա. Աշրաֆյանը, Գ. Երեմյանն ու Ա. Ամիրզադյանը, ուղղվեց Արարատ Մուրադխանյանի դեմ: 2003թ. հունվարի 24-ին նա ձերբակալվեց, էքստրադիցիայի ենթարկվեց 2004թ. մայիսի 18-ին:

Ըստ մեղադրանքի, Ա. Մուրադխանյանը «չստանալով իրեն պատկանող առանձնապես խոշոր չափի գումարները, թշնամաբար է տրամադրվել Լ. Մեհրաբյանի նկատմամբ, որոշել է վերժխնդիր լինել, սպանել նրան»:

Ա. Մուրադխանյանը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ժամանակ պնդել է, որ դեպքի օրը ինքը Երեւանում չի գտնվել, եղել է Ուկրաինայում: Որ Մուրադխանյանը չի գտնվել Հայաստանում, թերեւս կարող էր հաստատվել գործում առկա Նոյեմբերյանի ոստիկանության բաժնի նախկին պետ Էդիկ Մեջինյանի ցուցմունքով. «2002թ. հունիսի վերջին Արարատ Մուրադխանյանի՝ Կոթի գյուղի հայրական տանը եւ Մրմաձոր կոչվող հանդամասի վագոն-տնակում կատարած խուզարկությամբ հայտնաբերվել է զենք-զինամթերք: Մի քանի օր հետո զանգահարել է Արարատ Մուրադխանյանը, հայտնել, որ զանգում է Բրյանսկ քաղաքից եւ վրդովմունք հայտնեց խուզարկություն կատարելու կապակցությամբ: Նրան տեղեկացրի, որ կասկածվում է Լ. Մեհրաբյանի եւ նրա հարազատների սպանության մեջ, առաջարկեցի վերադառնալ Հայաստան»:

Գործով վկա տաքսու վարորդ Սիրակ Դարբինյանն էլ հայտնել է, որ «ՍԻԼ» հյուրանոցի մոտից իր մեքենան է նստել «նիհարավուն, երկար դեմքով մոտ 40 տարեկան ատլետիկ կառուցվածքով անծանոթ տղա», վարորդից պահանջել է կանգնեցնել մեքենան, բացել է ավտոմեքենայի դուռը, կռացած անցել մեքենայի հետնամաս, կրակոցներն արձակելուց հետո հեռացել է: «Ատլետիկ» բնութագիրը, որը բնորոշ չէր Արարատին եւ առարկվեց նրա կողմից, պատճառ դարձավ, որ վարորդին ենթարկեն դատահոգեբանական փորձաքննության: Ըստ փորձագետների՝ «վարորդի ընկալման, մտապահման, վերարտադրման ընդունակությունն ընտրովի է: Սոցիալական դիրքորոշման գերակայությունը խոչընդոտում է լիարժեքորեն գնահատել ցուցմունքների կարեւորությունն ու հետեւանքները»:

«Առավոտին» ուղարկած 100 էջանոց նամակում նա գրում է, որ իրեն ձեռնտու չէր, որպեսզի Մեհրաբյանը զրկվի կյանքից, «որովհետեւ իմ պահանջները կբավարարվեր նրա կենդանության պայմաններում, մեռածը փող չի վերադարձնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031