Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատվաստումը գլխառա՞դ են անում

Հոկտեմբեր 11,2007 00:00

ԵՊՀ-ի ուսանողները պատվաստվում են հակահիգիենիկ պայմաններում

Ուսանողներին կարմրուկի եւ կարմրախտի դեմ պատվաստելու նպատակով օրերս Երեւանի պետական համալսարանի 7-րդ մասնաշենք է ժամանել բժիշկների եւ սանիտարների 4 հոգանոց խումբ: Չնայած առողջապահության նախարարության պատասխանատուները հավաստիացնում են, որ պատվաստում կատարող յուրաքանչյուր բուժաշխատող հատուկ վերապատրաստում է անցել եւ բավարար գիտելիքներ ունի պատվաստելու վերաբերյալ, ԵՊՀ-ում պատվաստումներն ընթանում են պահակների համար նախատեսված սենյակում, որտեղ իսպառ բացակայում են սանիտարահիգիենիկ պայմանները: Բժիշկները պատվաստանյութը ներարկում են բաց պատուհանի տակ, որտեղից հեշտությամբ կարող է ցանկացած մանրէ ներթափանցել։ Բացի այդ, սենյակի դուռը ողջ ընթացքում չի փակվում: Բժիշկը, ծխախոտը ձեռքին, անընդհատ ներս ու դուրս էր անում, իսկ ուսանողների հարցին էլ համառորեն հրաժարվում էր իր անուն-ազգանունն ասել ու խուսափում էր պատասխանել, թե իրենց խմբի անդամները որ բուժհիմնարկից են: Ուսանողները լուրջ կասկածներ ունեն, որ նրանք ոչ թե պոլիկլինիկայի՝ պատվաստանյութ ներարկելու համար վերապատրաստված բժիշկներ են, այլ սանէպիդծառայության աշխատակիցներ: Ուսանողներից ոմանք դժգոհում էին, որ ներարկումից հետո չեն կարողանում թեւերը շարժել, քանի որ սխալ ներարկելու հետեւանքով մկանները բռնվել են: Ոմանք էլ ցույց տվեցին, թե պատվաստումից հետո թեւերն ինչպես էին այտուցվել եւ կապտել։ Նկատենք, որ պատվաստանյութն այնքան վտանգ չի ներկայացնում, որքան սխալ ներարկում կատարելը: Մասնագետների հավաստմամբ, ներարկման կանոնները ճիշտ չպահպանելու դեպքում պատվաստումը կարող է անգամ շոկ առաջացնել: Իսկ այդ դեպքում բժիշկը պետք է պրոֆեսիոնալ լինի, որպեսզի կարողանա մարդուն այդ վիճակից հանել: Բժիշկներին ընդհանրապես չի հետաքրքրում, թե ուսանողները ջերմություն ունե՞ն, կամ գեղձերը, քիթ-կոկորդն ի՞նչ վիճակում են: Նրանք միայն հարցնում են ալերգիկ երեւույթների կամ հղիության մասին։ Նշենք նաեւ, որ ներարկումից հետո նրանք ուսանողին ընդամենը երկու րոպե են պահում իրենց մոտ: Մինչդեռ պատվաստումից հետո գոնե 20-25 րոպե պետք է լինել բժիշկների հսկողության տակ։ ԵՊՀ-ի շատ ուսանողներ տեսնելով բժիշկների այս խմբի թափթփված աշխատանքն ու անտարբեր վերաբերմունքը՝ հրաժարվում են պատվաստվել: Ուսանողների դժգոհություններին ի պատասխան՝ բժիշկները բորբոքված ասում են. «Փոխանակ դուք մեզ խնդրեք, որ ձեզ պատվաստենք, մի բան էլ հրաժարվո՞ւմ եք»:

Ավելին, նրանք այնպես են գոռում, որ ուսանողներից շատերը, վեճերից խուսափելու համար, ստիպված նստում են պատվաստման՝ վերջում բժշկին զգուշացնելով, որ ներարկած տեղը գոնե բամբակ դնեն՝ արյունահոսությունը դադարեցնելու համար։

Ուսանողներից շատերը այս ամենը տեսնելով՝ նախընտրում են պատվաստվել պոլիկլինիկաներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել