Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՆ ՑՆՑԵՑ ԵՎՐՈՊԱՇՏՊԱՆԻՆ

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"Նա ապշել էր, թե առանց բնակարանի ու ջրի՝ ինչպես կարելի է ապրել

Նախորդ օրը Եվրոպական խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը շրջայց կատարեց Շիրակի մարզի մի շարք կառույցներում, այդ թվում՝ Արթիկի քրեակատարողական հիմնարկ, ոստիկանություն, Գյումրիի քաղաքապետարան: Հանցագործությունների թվի, կալանավորների, փոքրամասնությունների ու ծերերի վիճակի մասին որոշակի տվյալներ հավաքագրելուց հետո հերթը հասավ գյումրեցի անօթեւաններին: Եվրոպաշտպանը որոշեց անձամբ այցելել նրանց, տնակների դռները թակել ու բնակիչների «քեֆ-հալը» հարցնել: Քաղաքապետարանի պաշտոնյաներն էլ որպես տնակային թաղամասի տիպիկ ու ամենավատ օրինակ նրան ցուցադրեցին Ավտոկայան թաղամասը: Եվրոպաշտպանին տեսնելն ու բնակիչների հուզվելը մեկ եղավ: «Պարոն եվրոպաշտպան, խնդրեմ, համեցեք մեր տնակ, կտեսնեք, որ կռիսները մեր տանն ավելի մեծ իրավունքներ ունեն, քան մենք: Եթե կարող եք՝ գոնե սրանցից մեզ փրկեք»,- վրդովված բղավում էին անօթեւան կանայք:

Գյումրեցիների ապրելակերպը այնպիսի սարսափելի տպավորություն թողեց Թոմաս Համմարբերգի վրա, որ վերջինս չթաքցրեց իր զարմանքը՝ ասելով, որ առնետներից ու անձրեւներից պաշտպանված ապրելը մարդու տարրական իրավունքներից մեկն է: Լրագրողների այն հարցին, թե իր այցն ինչո՞վ կօգնի գյումրեցիներին, մարդու իրավունքների պաշտպանը վստահորեն պատասխանեց. «Մեր զեկույցներն ու ներկայացրած առաջարկությունները Հայաստանի կառավարությանը կդրդեն, որպեսզի վերջինս հանձնաժողով ստեղծի ու մտածի, թե ինչ պետք է արվի: Կհանդիպենք վարչապետին ու կտեսնենք՝ նա հնարավորություն կունենա՞ ապահովել ֆինանսական որոշ միջոցներով»:

Իսկ թե ընդհանուր առմամբ ինչպիսի՞ բողոքներ կան Հայաստանից, Թոմաս Համմարբերգը մեկ առ մեկ թվարկեց. «Երեւանցիները բողոքում են քաղաքի կառուցապատման ծրագրերից, որի պատճառով իրենք փողոցներում են հայտնվել, քաղաքացիներից շատերը բողոքում են հայ ոստիկանների դաժան վերաբերմունքից, լրատվամիջոցները բողոքում են տեղեկատվության ազատության բացակայությունից, իսկ մարդիկ էլ բազմակարծության պակասից»:

Եվրոպաշտպանն էլ իր հերթին մարզի իշխանություններից հետաքրքրվեց, թե կառավարությունը հանրապետության երկրորդ քաղաքն արդյոք անտեսո՞ւմ է: Շրջայցի ժամանակ եվրոպաշտպանին լուրեր էին հասել, որ ՀՀ կառավարությունը Գյումրիին այնքան էլ լավ չի նայում:

«Մենք թույլ չենք տալիս, որ մեզ բանի տեղ չդնեն, էսօր Երեւանի ընդդիմությունը Գյումրին է, համ էլ մենք հումորով քաղաք ենք»,- ի պատասխան Թ. Համմարբերգի հարցին, ասաց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել