Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍ ԿԱ՞

Հոկտեմբեր 11,2007 00:00

«Անկեղծ ասեմ, եթե ես շատ փող ունենայի՝ անպայման ներդրում կանեի Հայաստանում եւ ոչ մի ուրիշ երկրում»,- «Ա1+»-ի փոխանցմամբ, Բրյուսելում սկսված «Հայաստան- Բելգիա» գործարար համաժողովի մասնակիցներին խոստովանել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Արդյունաբերողների ու գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն էլ իր հերթին կոչ է արել. «Եկե՛ք Հայաստան, մեզ հետ բիզնես արեք: Դուք լավ շանս ունեք՝ Հայաստանը հրաշալի հնարավորություն է ու կամուրջ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»: Ավելի համոզիչ լինելու համար բերել է սեփական օրինակը. «Ես սկսեցի զրոյից եւ հիմա իմ ընկերությունը Հայաստանի խոշոր ընկերություններից մեկն է»: Բելգիացի գործարարներից մեկը, այնուամենայնիվ, հարցրել է. «Ինչո՞ւ ես պիտի բիզնես սկսեմ Հայաստանում»: «Հիմա եթե Հայաստանի նախագահը ասի, որ չես ափսոսա, եթե բիզնես անես Հայաստանում, դա բավարա՞ր է, թե՞ էլի բացատրություններ տամ»,- պատասխանել է Ռոբերտ Քոչարյանը եւ մեկ-մեկ թվարկել «կովկասյան վագրի» ցատկերը՝ «հազարավոր նոր աշխատատեղեր, տնտեսության աճ, բյուջեի աճ, բնակչության եկամուտների աճ», եւ այս ամենն առանց բնական ռեսուրսների՝ նավթի ու գազի, «բարենպաստ հարկային օրենսդրական ներդրումային դաշտ, կայունություն» եւ այլն: Ամենահզոր փաստարկը, որ ներկայացրել է ՀՀ նախագահը, հարկերն էին. «Այ, դուք ինչքա՞ն հարկ եք տալիս Բելգիային,- հարցրեց նա,- համեմատեք եւ կտեսնեք, թե ինչքան առավելություններ ունի Հայաստանը»: Եվրոպական ընկերություններից մեկի տնօրենն էլ «Ա1+»-ի թղթակցին ասել է. «Մեր ընկերությունն աշխատում է աշխարհի տարբեր երկրներում, նաեւ՝ նախկին Խորհրդային Միության: Ես զանգեցի ԱՊՀ-ում մեր պատասխանատուին ու հարցրի՝ իսկ ինչո՞ւ մենք Հայաստանում չունենք գրասենյակ, նա ինձ ասաց. «Բայց Հայաստանում բիզնես չկա՛»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել