Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 11,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն անդրադառնալով երկուշաբթի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը՝ ասել է, թե նստել ու խոսել են «որոշ հարցերի մասին», բայց, ԱԺՄ նախագահի ասելով, որեւէ պարտավորություն իրար նկատմամբ չեն ստանձնել եւ պայմանավորվածության չեն եկել, թեեւ 14-15 տարիների ընթացքում խարխլված հարաբերությունները վերականգնվել էին:

Վ. Մանուկյանը մասնավորեցնելով իր եւ Լ. Տեր-Պետրոսյանի տարաձայնությունները՝ մատնանշել է, օրինակ՝ այն, որ իր գնահատմամբ, արատավոր այն համակարգը, որի խորացմամբ այսօր զբաղված են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ոչ թե իրենք են հնարել, այլ ձեւավորվել է 1994թ.-ից: ԱԺՄ նախագահի ասելով, «Լ. Տեր-Պետրոսյանը կտրականապես դեմ էր այդ մտքին, բայց մենք չուզեցինք խորացնել այդ վիճաբանությունը: Եվ, իհարկե, լուրջ վիճաբանություն եղավ 1996 թվականի վերաբերյալ»:

Այս համատեքստում այս երկու գործիչների տարակարծությունը կայանում է նրանում, որ, ըստ Վ. Մանուկյանի, 1996թ. նախագահի ընտրության համար իրենցից մեկն ու մեկը պետք է պատասխան տա, որովհետեւ դա, ըստ ԱԺՄ նախագահի, ոչ թե անձնական, այլ Հայաստանը ցնցած եւ պետական նշանակության հարց է, եւ «երկրի ու հասարակության ապագայի հարցում ունեցել են նշանակալի ազդեցություն»:

ԱԺՄ ղեկավարը նաեւ հայտարարել է, թե մասնակցելու է առաջիկա նախագահական ընտրություններին։ Այդուհանդերձ, նա ակնարկել է, որ մի քանի պահեստային տարբերակներ ունի այն դեպքի համար, եթե տեսնի, որ ընտրություններում հաղթելու շանս չունի: Թե դրանցից որ մեկն ինքը կիրականացնի՝ ցույց կտա ժամանակը: Բոլոր դեպքերում կուսակցության նախագահն ասել է, որ եթե ընտրական գործընթացի արդյունքում որեւէ այլ թեկնածու դառնա հիմնական ֆավորիտ, որի գաղափարները համընկնեն իրենի հետ՝ կմիանա այդ թեկնածուին, եթե ոչ՝ չի միանա, մի կողմ կքաշվի ու չի խանգարի նրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել