Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կռվի դաշտը» դիվանագետներինն է

Հոկտեմբեր 11,2007 00:00

Համոզված են Վահան Շիրխանյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը

«Ադրբեջանը Հայաստանի դեմ պատերազմ չի սկսի, եթե այն չհրահրեն Թուրքիան կամ ՆԱՏՕ-ն»,- երեկ «Ադրբեջանի ռազմական հզորացման կոնտեքստում ռազմական կանխարգելիչ հարվածների հնարավորությունը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Ու իբրեւ հնարավոր կանխարգելիչ միջոց նա համարում է այն, որ հայկական դիվանագիտական միտքը կարողանա Ադրբեջանին զրկել Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի աջակցությունից: Եթե ինչ-որ պարագայում, այնուհանդերձ, Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարի, բանախոսի կարծիքով, Հայաստանը օգտվելով Ադրբեջանի այդ սխալից՝ իր համար պետք է երկու խնդիր լուծի՝ ԼՂՀ-ի ճանաչում կամ միացում եւ Հայաստանի շրջափակումից ազատում: Ինչեւէ, առաջիկա 10-20 տարիներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պարոն Շիրխանյանը բարի-դրացիական հարաբերությունների հաստատում չի տեսնում, քանզի այդ երկրները միջազգային ատյաններում իրենց պահվածքով են ցուցադրում թշնամական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: «Ղարաբաղը Հայաստանի համար գոյության խնդիր է՝ բառիս բուն իմաստով: Մենք իրավունք չունենք ոչ մի թիզ զիջելու»,- համոզված է պաշտպանության նախկին փոխնախարարը, ուստի անհրաժեշտ է համարում միասնական հասարակություն ունենալը:

Անկախ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Հայաստանը պետք է օրինակ վերցնի Իսրայելից, քանզի աշխարհագրական դիրքով երկու պետություններն էլ նույն վիճակում են՝ թշնամիներով շրջափակված: Իսկ, ընդհանրապես, նա Հայաստանի համար սպառնալիք չի համարում Ադրբեջանի ռազմական բյուջեի տարեցտարի ավելացումը, քանզի գտնում է, որ դա նպատակային չի օգտագործվում: Եվ այդ ֆոնի վրա նախագահ Ալիեւի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները հակառակին կարող են բերել, որովհետեւ դրանք առաջացնում են ադրբեջանական բանակի սպայակույտի դժգոհությունները: Ադրբեջանական բանակի բարեփոխումների առաջին պայմանը փորձագետը համարում է նախարար Սաֆար Աբիեւի ազատումը զբաղեցրած պաշտոնից, քանզի «նա ամենակոռումպացվածն է»: Ալիեւների իշխանության ամենամեծ սպառնալիքը միշտ եղել է ռազմական ոլորտից, ուստի, պարոն Կիրակոսյանի կարծիքով, այդ ոլորտը միշտ Ադրբեջանում թերզարգացած է եղել ու դեռ այդպիսին էլ կմնա. «Եթե նույնիսկ առաջիկա 5-10 տարիների ընթացքում Ադրբեջանն իր ռազմական հզորություններով գերազանցի Հայաստանին, այնտեղ ներքին անկայունություններն այնքան շատ են, որ այդ երկիրը չի կարող Հայաստանի համար սպառնալիք դառնալ»: Նավթային գործոնի մասով էլ փորձագետը գտնում է, որ նախ՝ Բաքու-Ջեյհանում նավթային ներդրողները ամեն ինչ կանեն, որպեսզի Ադրբեջանում կայունություն լինի, ապա համարում է, որ նավթը Ադրբեջանի համար դարձել է գլխացավանք՝ կոռուպցիայի բուն, եւ ուրախ է, որ Հայաստանում նավթ չկա: «Կոռուպցիայի համար ջերմուկն էլ բավարար է»,- եղավ մյուս մասնակիցների արձագանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել