Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՇՏ ԱՆԿԵՂԾ Է ԵՂԵԼ

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին ասում է Երջանիկ Աբգարյանը

Սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության տարեդարձին նվիրված ՀՀՇ-ի նախաձեռնած հանդիսավոր ընդունելության օրը, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հատվածը քաղաքական շրջանակներում բուռն քննարկման առարկա դարձավ: Հատկապես իշխանական դաշտը ներկայացնող գործիչներն անմիջապես հայտարարեցին, թե Լ. Տեր-Պետրոսյանը ԼՂ հարցի լուծման ծրագիր եւ դեղատոմս չառաջարկեց, իսկ այլք հավելում են, որ ԼՂ լուծման համատեքստում երկրի առաջին նախագահի քաղաքականությունը, որն իրենք ժամանակին ընդունելի չեն համարել, մնում է նույնը: Ասել կուզեն՝ դա «պարտվողական» տարբերակ էր:

ՀՀՇ վարչության եւ «Արմատ» հասարակական-քաղաքական կենտրոնի հիմնադիր անդամ Երջանիկ Աբգարյանը նախ նկատեց, որ պետք էր պարզորոշ կերպով հասկանալ այն, ինչ ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում, եւ այն քաղաքականությունը, որը նա վարել է իր իշխանավարության տարիներին: «Մարդիկ մինչեւ հիմա չեն հասկացել եւ չեն ընկալել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականությունը, ուստի շատ հանգիստ կարող են այդ քաղաքականությունը որակել որպես «պարտվողական» եւ այլն, այնինչ հարցը շատ պարզ բացատրություն ուներ: Մենք 1988-ին սկսել ենք ղարաբաղյան շարժումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի Հռչակագրում եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Ինչ վերաբերում է Հելսինկյան եզրափակիչ ակտին, ապա այնտեղ տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները համարյա հավասարազոր են արտահայտված: Բայց մեր «խելոք» քաղաքական գործիչները, որոնք քննադատում են Տեր-Պետրոսյանին, չգիտես ինչու՝ չնկատեցին, որ 1990-ին ընդունվեց Փարիզյան խարտիան, որտեղ արդեն պետությունների սահմանների անձեռնմխելիության սկզբունքը առաջ էր ընկնում ազգերի ինքնորոշման սկզբունքից: Տարածքային ամբողջականության սկզբունքն էլ ավելի ուժեղացվեց հետագա մի շարք համաեվրոպական բնույթի խարտիաներով: 1996-ին Լիսաբոնում Հայաստանի պատվիրակությունը բախվեց այդ նոր իրողության հետ: Բնականաբար, Տեր-Պետրոսյանն օգտվեց իր իրավունքից եւ վետո դրեց փաստաթղթի վրա: Այսինքն՝ 1996-ի դեկտեմբերից հետո մեզ համար պարզ դարձավ, որ հարցը այն ուղիով, որով մենք ուզում էինք լուծել, մեծ հարցականի տակ է: Նորմալ իշխանությունն ի՞նչ պետք է մտածեր: Նա պետք է մտածեր երրորդ ճանապարհի մասին՝ խուսափելու համար վատթար սցենարներից, մանավանդ որ՝ 1997-ին Հայաստանի շահերը պահանջում էին արագորեն մտնել ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացի մեջ, որովհետեւ Հայաստանի հետագա զարգացման ռեսուրսներն արդեն սկսում էին նվազել: Հենց այդ իրավիճակում էր, որ ԼՂ իշխանությունները դրան դեմ դուրս եկան, թեեւ Լ. Տեր-Պետրոսյանն այդ պարագայում ընտրել էր միանգամայն իրապաշտական եւ հայ ժողովրդի շահերից բխող որոշում. մենք գնում էինք ոչ թե հիմնախնդրի լուծման, այլ ընդամենը մտնում էինք կարգավորման գործընթացի մեջ: Այն ժամանակ՝ 1997-ին, արդեն հայտնի էր Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցման, ՏՐԱՍԵԿԱ-ի, գազամուղի շինարարության ծրագրերի մասին: Իսկ դրանց մասնակցելը Հայաստանի համար, կարելի է ասել, կենսական եւ ռազմավարական նշանակության խնդիր էր: Չմասնակցելն այդ ծրագրերին մեր երկրի համար նշանակում էր մեկուսացում, ռեսուրսների սպառում եւ աղքատություն: Այն հաշվարկով, որ 2002 թվականների կողմերը Հայաստանի ռեսուրսները Ադրբեջանի հետ մրցակցելու առումով կսկսեն նվազել, իշխանությունները որոշեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները ընդունել որոշակի վերապահումներով: Սկզբունքորեն կարելի էր առաջարկվող բոլոր տարբերակները համարել որպես բանակցությունների համար ընդունելի հիմք: Բայց առաջարկվող եւ ՀՀ կողմից որպես բանակցություններ սկսելու հիմք ծառայելուն կոչված բոլոր տարբերակների մեջ «փուլայինը» միակն էր, որտեղ չէր նշվում, որ ԼՂՀ-ն լինելու էր Ադրբեջանի կազմում: Ստեղծված դրությունում դա առավել հեռանկարային էր, հիմնախնդրի կարգավորման գործընթացի մեջ մտնելու շնորհիվ լուծվելու էին մի շարք ռազմավարական խնդիրներ, քանի որ բանակցությունների առաջին փուլում լուծվելու էր Հայաստանի համար կենսական կարեւորության՝ շրջափակման վերացման եւ մեկուսացման վտանգի հարցերը՝ ընդամենը մի քանի գրավյալ շրջաններ վերադարձնելու դիմաց: Հայաստանը գնում էր ԼՂ հակամարտության որոշ բաղադրամասերի լուծման ճանապարհով, որ պահանջում էր փոխզիջումներ: Ահա այդ քաղաքականությունն էր, որ իրագործման առումով ռեալ էր եւ Հայաստանի համար շահավետ, բայց փաստորեն ձախողվեց ներկա իշխանությունների եւ նրանց սատարող քաղաքական ուժերի կողմից»,- ներկայացրեց Ե. Աբգարյանը:

Իսկ ինչո՞ւ ԼՂ իշխանությունները դրան չհամաձայնեցին: ՀՀՇ-ի ներկայացուցչի ասելով, ղարաբաղյան կողմն ասել էր, թե դա նշանակում է Ղարաբաղը հանձնել: «Ի՞նչ հանձնելու մասին է խոսքը: Խոսքը եղել է ընդամենը մի քանի շրջան փոխզիջմամբ վերադարձնելու մասին: Դա այն դեպքում, երբ հիմա, ըստ տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկությունների, խոսքը գնում է բոլոր 7 շրջանների եւ նույնիսկ Ղարաբաղ մտնելու համար ճանապարհ չթողնելու մասին, ինչը նշանակում է հակամարտության կարգավորման բոլոր ռեսուրսների մսխում, այն էլ՝ Ադրբեջանի կողմից առանց նկատելի որեւէ փոխզիջման դիմաց»,- կարծիք հայտնեց Ե. Աբգարյանը:

Եթե Տեր-Պետրոսյանը կրկին ընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում, ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում հնարավո՞ր է ինչ-որ բան շտկել, «Լ. Տեր-Պետրոսյանը շատ կոնկրետ ասաց. «Ես չգիտեմ՝ ինչ է հնարավոր անել այս վիճակից դուրս գալու համար: Բայց կրկնում եմ՝ այս վիճակը դեռեւս անհուսալի չեմ համարում»: Նրա այս խոսքերը նենգափոխվեցին: Ի՞նչ է սա նշանակում իրականում: ՀՀ առաջին նախագահը միշտ էլ անկեղծ է եղել իր ժողովրդի հետ, երբեք չի փորձել մարդկանց խաբել: Եվ երբ նա այս խոսքերն ասում է՝ ասում է իրականությունը: Լ. Տեր-Պետրոսյանը ներկայումս չի տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ վերջին տասը տարիներին կուտակված փաստաթղթերին եւ, բնականաբար, այս պահին տեղյակ չէ, թե ինչեր են առաջարկվել Հայաստանին, իրականում ինչ են առաջարկում կոնկրետ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, թե իրենցից ինչ են ներկայացնում Քի Ուեսթի, Փարիզյան, Պրահյան սկզբունքները: Այս պայմաններում է, որ նա ասում է, թե չգիտի՝ ինչ է հնարավոր անել: Համոզված եմ, որ հարցի իրական դրության պարզվելուց հետո, բնականաբար, լուծումներ անպայման կգտնվեն»: Այն, որ Լ. Տեր-Պետրոսյանը եւ նրան սատարող ուժերն ի վիճակի են դա անել՝ մեր զրուցակիցը չի կասկածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել