Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՈՉ ՄԻ ՑՈՒՑՈՒՄ ՉԵՆՔ ՍՏԱՆՈՒՄ»

Հոկտեմբեր 11,2007 00:00

\"\"«Առավոտի» հետ զրույցում ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը պնդում է, որ գների բարձրացումը քաղաքականության հետ կապ չունի:

– Արդեն վատ ավանդույթ է դարձել՝ յուրաքանչյուր ընտրությունից հետո գները սկսում են բարձրանալ, դոլարն ու դրամը տարօրինակ փոխակերպումների են ենթարկվում: Ինչո՞վ եք բացատրում այդ երեւույթները:

– Առաջին հերթին մենք ձեզ հետ միասին պետք է ընտելանանք, որ ապրում ենք շուկայական տնտեսությունում, եւ գների բարձրացումը, տատանումները, փոխարժեքի տատանումները շուկայական տնտեսությանը բնորոշ հատկանիշներ են: Ցավոք, մենք դեռեւս պատրաստ չենք այդ տատանումներին, մենք չենք կարողանում կառավարել այդ տատանումները, շուկայի մասնակիցները դեռեւս չունեն մենեջմենթի այնպիսի մակարդակ, որը հնարավորություն կտա կառավարել այս ռիսկերը եւ, բնականաբար, այդպիսի միջավայրում տարբեր վարկածներ են առաջ քաշվում:

– Այսինքն՝ դուք հիմա փորձելու եք հերքե՞լ, որ գների աճը եւ շուկայական այս տատանումները կապված են ընտրությունների հետ:

– Ոչ թե ուզում եմ հերքել, այլ ուզում եմ ասել, որ ցանկացած իրադարձություն անդրադառնում է մարդկանց սպասումների վրա, իսկ մարդկանց սպասումներով էլ պայմանավորվում են շուկայական տատանումները: Իհարկե, ե՛ւ ընտրությունները, ե՛ւ համաշխարհային շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները, ե՛ւ կոնկրետ իրավիճակը, առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությունը, այս բոլորն ազդում են շուկայական տատանումների վրա՝ եւ գների մակարդակի, եւ սպասումների, եւ փոխարժեքի վրա: Բայց միանշանակ կապելը ընտրությունների հետ՝ ճիշտ չէ, քանի որ դա այդպես չէ:

– Կենտրոնական բանկը վերահսկո՞ւմ է իրավիճակը:

– Կենտրոնական բանկը փորձում է իր հնարավորությունների շրջանակում առավելագույնս տիրապետել իրավիճակին եւ անել առավելագույնը, որ գները գտնվեն ծրագրավորված ցուցանիշների շրջանակում: Ես կարծում եմ, որ մենք կկարողանանք ծրագրային ցուցանիշը պահպանել եւ կատարել:

– Մինչեւ ո՞ւր է իջնելու դոլարը:

– Դա ոչ մեկը չգիտի: Ինչպես ոչ մեկը չգիտի, թե ինչպիսին կլինի դոլար-եվրո հարաբերակցությունը, այնպես էլ ոչ ոք չգիտի՝ ինչպիսին կլինի դոլար-դրամ հարաբերակցությունը:

– Ասում են՝ դուք հոգնել եք Կենտրոնական բանկի նախագահ աշխատելուց եւ այլ պաշտոն եք ուզում:

– Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

– Կան նաեւ տեղեկություններ, որ հավակնում եք դառնալ ԱԺ Վերահսկիչ պալատի նախագահ կամ վարչապետ: Ավելի շատ ո՞րն եք ուզում:

– Ես հավակնություններ չունեմ: Ավելին, պետք է խնդրեմ ձեզ, ձեր գործընկերներին ինձ չքաշել քաղաքական բովանդակության խաղերի մեջ: Ես ոչ մի հավակնություն չունեմ: Դեռ 2005 թվականին, երկու տարի էլ չի անցել (այս պաշտոնին նշանակվում են 7 տարի ժամանակով- Մ. Ե.), Ազգային ժողովը ինձ վստահել է Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, եւ ես լի եմ էներգիայով եւ ցանկությամբ՝ կատարել այն պարտականությունները, որոնք դրված են ինձ վրա:

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հավանական վերադարձին, եւ, ձեր կարծիքով, դա ինչո՞վ կազդի, ասենք, գների բարձրացման կամ անկման վրա:

– Մենք որեւէ քաղաքական գնահատական չենք տալիս, զերծ ենք մնում ցանկացած գնահատականից: Կենտրոնական բանկը չպետք է ներքաշվի ընթացիկ քաղաքական իրադարձությունների մեջ, որովհետեւ ԿԲ-ն ապաքաղաքականացված մարմին է եւ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցություններից, ինչպես որ ֆիքսված է օրենքով: Եվ մենք փորձում ենք զերծ մնալ մեկնաբանություններից, այդպիսի գործընթացների մեջ մեզ ներքաշելուց, եւ այդ պատճառով էլ ես որեւէ մեկնաբանություն հիմա չեմ անի:

– Դուք ասում եք քաղաքականությունից զերծ եք, սակայն ՀՀ շարքային քաղաքացիները գների բարձրացումը, դոլար-դրամ անհասկանալի հարաբերակցությունը կապում են ոչ թե համաշխարհային շուկաների գների, այլ հենց քաղաքականության հետ, եւ ասում են՝ դե, պարզ է, ծախս են անելու եւ հետո այդ ծախսածը ետ բերելու խնդիր է լինելու: Դուք շփվո՞ւմ եք շարքային մարդկանց հետ, գիտե՞ք նրանց կարծիքը:

– Մենք հասարակության հետ աշխատում ենք լրատվական միջոցների օգնությամբ, եւ որպեսզի մեր կապը լինի նպատակային եւ բխի այն խնդիրներից, որոնք մեր առջեւ են ծառացած, մենք փորձում ենք հասկանալի դարձնել մեր քաղաքականությունը, դարձնել թափանցիկ եւ վերահսկելի:

– ԿԲ-ն եւ նրա նախագահը վերին իշխանություններից հրահանգներ, ուղղորդում, ցուցում չե՞ն ստանում, դուք ինքնագլո՞ւխ եք գործում:

– Իհարկե՝ ոչ, մենք ոչ մի ցուցում չենք ստանում, ավելին, օրենքով դա արգելված է, մենք ապաքաղաքականացված մարմին ենք, աշխատում ենք ոչ թե ինքնագլուխ, այլ՝ օրենքի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել