Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Հոկտեմբեր 09,2007 00:00

Երկու մրցանակակիր

\"\"Պրահայում հոկտեմբերի 5-7-ն անցկացվեց ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցեց հինգ մարզիկ:

Առավել հաջող հանդես եկան մինչեւ 52 կգ քշային Անուշ Հակոբյանը, որը նվաճեց արծաթե մեդալ, իսկ 90 կգ քաշային Հակոբ Առաքելյանն արժանացավ «բրոնզի»: Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ այս առաջնությունը նույնպես մասնակիցներին օլիմպիական վարկանիշային միավորներ է տալիս:

Ընդհանուր առմամբ վատ չէ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը շարունակվում է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը:

Հինգ տուրից հետո տղաների մրցաշարում 4,5 միավորով միանձնյա առաջատարը ֆիլիպինցի Վեսլեյ Սոն էր: Նրանից կես միավոր պակաս էին վաստակել միանգամից յոթ շախմատիստներ: Նրանց մեջ էր նաեւ հայաստանցի միջազգային վարպետ Հրանտ Մելքումյանը: Բավականին հաջող էր հանդես գալիս նաեւ միջազգային վարպետ Ավետիք Գրիգորյանը, որը 3,5 միավորով 14-րդն էր: Իսկ քսան լավագույնների ցուցակը եզրափակում էր գրոսմայստեր Արման Փաշիկյանը՝ 3,0 միավոր: Երեկ վեցերորդ տուրում Հրանտ Մելքումյանը սեւերով խաղալու էր եգիպտոսցի Ադլի Ահմեդի հետ:

\"\"Աղջիկների մրցաշարում հինգ տուրից հետո առաջատարների եռյակը կազմել էին հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված Վերա Նեբոլսինան (Ռուսաստան), 4,0-ական միավոր վաստակած Սառա Հոլտը (Գերմանիա) եւ Սանջայ Եշա Կարավադեն (Հնդկաստան): Մեր աղջիկներից լավագույն ցուցանիշն ուներ 15-րդ հորիզոնականում ընթացող Աննա Հայրապետյանը (3,0 միավոր) եւ նույնքան միավոր վաստակած Անահիտ Կարապետյանը՝ 24-րդ տեղ: Երեկ վեցերորդ տուրում Անահիտն ուժերը չափելու էր լեհուհի Աննա Գասիկի, իսկ Աննան՝ հույն Հարիտոմենի Մարկոնտոնակիի հետ:

«Միկան» գրեթե կորցրեց չեմպիոնությունը

Անթալիայում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնությունը մոտենում է ավարտին:

\"\"Ցավոք, երեկ կայանալիք նախավերջին՝ վեցերորդ տուրից առաջ Հայաստանի թիմերն ընթանում էին միջին հորիզոնականներում: Գրեթե վստահորեն կարելի է ասել, որ Եվրոպայի անցած տարվա կանանց ակումբային չեմպիոն «Միկան» տիտղոսը պահպանելու հեռանկար այլեւս չունի: Մեր ակումբը (Էլինա Դանիելյան, Մայա Չիբուրդանիձե, Լիլիթ Մկրտչյան, Նինո Խուրցիձե, Լիանա Աղաբեկյան) 5-րդ տուրից հետո տարել էր 3 հաղթանակ, կրել 2 պարտություն եւ թիմային՝ 6,0, իսկ անհատական 13 միավորով ընթանում էր 8-րդ տեղում: Երեկ «Միկայի» մրցակիցը «Վոլկսբանկ Հալլեն» էր:

Տղամարդկանց պայքարին մասնակցող մեր «Բանկային արքան» նույնպես այս անգամ իր հնարավորություններից ցածր է հանդես գալիս: Թիմը հինգ տուրից հետո թիմային՝ 6,0 եւ անհատական՝ 18,5 միավորով զբաղեցնում էր 16-րդ հորիզոնականը: Սակայն պետք է նկատի ունենալ, որ առաջատար ակումբների կազմում կա 2700 վարկանիշային միավոր ունեցող առնվազն երկու գրոսմայստեր: Մինչդեռ, «Բանկային արքայի» առաջատար Կարեն Ասրյանի գործակիցն ընդամենը 2623 է: Այդուհանդերձ, կարծում ենք, որ հայաստանցի տղաները միանգամայն ի վիճակի էին ավելի բարձր դիրքեր ունենալ:

Երեք խաղ՝ նույնքան պարտություն

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը Չեխիայում անհաջող հանդես եկավ այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարում: Կիրակի օրը մեր տղաները կրեցին երրորդ անընդմեջ պարտությունը՝ սեփական դարպասը երեք անպատասխան գնդակ ընդունելով Կիպրոսի իրենց հասակակիցներից, իսկ Իտալիան 2:1 հաշվով հաղթեց դաշտի տերերին:

13-րդ խմբի (այստեղ էր ընդգրկված մեր թիմը) մրցաշարային ամփոփիչ աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:

1. Իտալիա 3 3 0 0 11-3 9

2. Չեխիա 3 2 0 1 14-3 6

3. Կիպրոս 3 1 0 2 4-15 3

4. Հայաստան 3 0 0 3 2-10 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել