Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԱՐԴՄԱՆՑԻՆԵՐԸ ՏՈՆԵՑԻՆ

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"ԺԱԿ կուսակցության ղեկավարի գլխավորությամբ Հրազդանում նշվեց ուսուցիչների տոնը \"\"

Արդեն 5-րդ տարին է՝ ինչ «Ժողովրդավորություն եւ աշխատանք» կուսակցության առաջնորդ Սպարտակ Մելիքյանը ավանդույթ է դարձրել հանդիսավոր կերպով նշել Ուսուցչի օրը, եւ այս միջոցառումն անց է կացնում հիմնականում իր հայրենակից 150-200 գարդմանցի ուսուցիչների հետ: Ինչպես նշում են միջոցառման մասնակիցները, սա ապացուցում է, որ գարդմանցին հարգում է ուսուցչին եւ չի մոռանում սերնդեսերունդ պատմել իր սիրելի ուսուցիչների մասին: Ս. Մելիքյանն էլ երբեք չի մոռանում ուսուցիչների տոնը եւ այս տարի էլ հոկտեմբերի առաջին կիրակի օրը Հրազդանի «Աղբյուրակ» հանգստյան տանը նախ գեղեցիկ միջոցառմամբ, այնուհետեւ հյուրասիրությամբ պատվեց գարդմանցի ուսուցիչներին: Չնայած նա հիմնականում շնորհավորում է իր հայրենակից ուսուցիչներին, սակայն չի մոռանում նաեւ հանրապետության այլ ուսուցիչների մասին: Այս տարի նա Վանաձորի թիվ 12 դպրոցի ուսուցիչներից յուրաքանչյուրին նվիրել է օծանելիք, Դիլիջանի թիվ 2 դպրոցին էլ՝ հեռուստացույց: Իսկ Հրազդանի «Աղբյուրակ» հանգստյան տանը, մինչ տոնական միջոցառման սկսվելը՝ նախ 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված ուսուցիչների հիշատակը, այնուհետեւ ելույթ ունեցավ ԺԱԿ ղեկավար Սպարտակ Մելիքյանը: Նա շնորհավորեց Հայաստանի բոլոր ուսուցիչներին՝ ասելով. «Շնորհակալություն ձեզ ձեր կատարած աշխատանքի համար: Շնորհակալություն հայաստանցի այն ուսուցիչներին, որոնք տեր կանգնեցին գարդմանցի փախստական իրենց գործընկերներին: Գիտեմ, որ ձեզանից շատերը տուն չունեն եւ որ տղամարդ մանկավարժները թողնում են իրենց աշխատանքը՝ ցածր աշխատավարձի պատճառով: Բայց պետք է նշել, որ այդ կարիքները օր օրի նվազում են եւ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ փոքր-փոքր քայլով այս հարցերը լուծվում են: Հաճելի է, որ աշխատանքներ են տարվում նաեւ փախստականների՝ հայ հասարակությանն ինտեգրվելու համար: Հուսով եմ, որ ինչպես Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, այնպես էլ 2008-ի նախագահական ընտրություններին մենք՝ գարդմանցիներս, կատարելու ենք մեր քաղաքացիական պարտքը եւ մեր ընտրությունը կատարելու ենք մեր երեխաների լավ ապագայի համար: Ուրախ եմ, որ այստեղ հավաքվել ենք նշելու սերունդներ դաստիարակող ուսուցիչների տոնը եւ մտերմիկ մթնոլորտում զրուցելու ենք մեր բառ ու բանով: Մաղթում եմ ձեզ համբերություն, հույս եւ հավատ»: Նրա շնորհավորական ուղերձից հետո բեմ բարձրացան վաստակաշատ ուսուցիչներ՝ իրենց հոգու երախտիքը հայտնելու: Ուսուցչուհի Նինա Վերդյանը շնորհակալություն հայտնեց պարոն Մելիքյանին, որ հաճախակի նման միջոցառումներ է կազմակերպում, ուսուցիչներին էլ շնորհավորելով ասաց. «Թող արեւը ջերմացնի ձեր վառ դեմքը եւ ժպիտները չդադարեն»: Ջուլիետա Վերդյանը նախկին մանկավարժների անունից շնորհակալություն հայտնեց ԺԱԿ-ի առաջնորդին եւ ասաց. «Մենք մեզ մոռացված չենք զգում եւ նախագահական ընտրությունների ժամանակ էլ բարձր կպահենք գարդմանցիների պատիվը»:

Միջոցառմանը ներկա Թալինի Արագածավանի թիվ 2 դպրոցի ռուսաց լեզվի եւ գրականության նախկին ուսուցչուհի Եպրաքսիա Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների մասնակցում է արդեն 3-րդ անգամ. «Այստեղ ազնիվ եւ մտերմիկ մթնոլորտ է, նույնիսկ կարոտում եմ իմ հայրենակիցներին»: Կոտայքի մարզի Արվազ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն եւ մաթեմատիկայի ուսուցիչ Բորիս Կոնջոռյանն էլ Ս. Մելիքյանի՝ մանկավարժների տոնի կապակցությամբ կազմակերպած բոլոր միջոցառումներին ներկա է եղել. «Շատ հաճելի է, որ ուսուցչի տոնը ամեն տարի նշվում է»: Հրազդանի թիվ 12 դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Դավիթ Դաշյանն էլ առաջին անգամ էր եկել գարդմանցի ուսուցիչների հավաքին եւ նշեց, որ հաճելի է նման միջոցառմանը մասնակցելը:

Միջոցառումից հետո պարոն Մելիքյանն ուսուցիչների համար խնջույք էլ էր կազմակերպել: Խնջույքի սեղաններին դրված ամանները համարակալված էին, վիճակահանությամբ արկղիկից թղթիկներ էին դուրս բերում, որոնց վրա թվեր էին գրված, իսկ այդ թվերին համապատասխան՝ ուսուցիչները իրենց համար նախատեսված ինչ-որ իր էին շահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել