Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ղազանչյանի պաշտոնը՝ Ղազանչյանին

Հոկտեմբեր 09,2007 00:00

Առաջիկա 5 տարիներին Թատերական միությունը կղեկավարի Հակոբ Ղազանչյանը

Երեկ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի անվան պետական թատրոնում հրավիրված էր Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) 12-րդ համագումարը, որը նախագահում էր Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը: Այս համագումարը համեմատելով նախորդի հետ, միանշանակ կարելի է անվանել ոչ ինտրիգային՝ պարզ պատճառով. բացակայում էր թատերական գործիչների «ընդդիմությունը», որը, ինչպես հայտնի է, ի դեմս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի, ստեղծել է իր անկախ միությունը: Ե. Ղազանչյանի 15 րոպեանոց հաշվետվությունն ավարտվեց շնորհակալական խոսքով՝ ուղղված իր գործընկերներին, եւ արդեն բոլորիս ծանոթ «ես հեռանում եմ» արտահայտությամբ:

Այնուհետեւ Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը դիմեց ՀԹԳՄ ղեկավարին. «Այս տարիներին եղել են նաեւ ոչ բարի միտումներով վեճեր ու քննարկումներ: Շնորհակալ ենք ձեզնից եւ ներողություն ենք խնդրում, պարոն Ղազանչյան»: Եղան եւ հակառակ բովանդակության ելույթներ, օրինակ՝ թատերագետ Լեւոն Մութաֆյանը հայտարարեց, որ Ե. Ղազանչյանի կողմից ստեղծված թատերագիտության սեկցիան, ղեկավարությամբ թատերագետ Անուշ Ասլիբեկյանի, վերջին երկու տարում պարզապես ոչինչ չի արել, մարզային թատրոններն էլ հայտնվել են մոռացության դաշտում, թատրոններից հեռացել են թատերագետները. «Ժողովրդականի կոչում ստանում է Ստեփանակերտի թատրոնի դերասանուհի Ժաննա Գալստյանը՝ չգիտես որ ծառայությունների համար, բայց Վրաստանի հայկական թատրոնի սյուներից Սերիկ Շակոյանը առայսօր անկոչում է»: Խամաճիկների թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն էլ նշեց, որ ցանկությունները պետք է բարձրաձայնել. «Ցանկություններով ու դրանց լուծումներով է շարունակվում կյանքը: Օրինակ, ինչո՞ւ չցանկանանք, որ թատրոնի մասին օրենքը, վերջիվերջո, իրականություն դառնա»: Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը տղամարդկային քայլ համարեց Երվանդ Ղազանչյանի հայտարարությունը՝ ՀԹԳՄ պաշտոնից հեռանալու կապակցությամբ:

ՀՀ մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը շնորհակալություն հայտնելով ՀԹԳՄ նախագահին, հայտնեց, որ ինքը համամիտ է համագումարում հնչած մտքերին, մասնավորապես՝ ցածր աշխատավարձերի. «Այո, դերասանուհին երթուղային տաքսիով հոգնած ու ջարդված հասնում է թատրոն ու բարձրանում բեմ, խաղում թագուհի: Ստիպված եմ հիշեցնել, որ մենք աղքատություն ենք հաղթահարում: Հիշեցնեմ, որ թատրոնի մասին օրենքը ամռան սկզբին ուղարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով: Ծագել են հարցեր, որոնք քննարկվում են: Ինքս լինելով թատրոնի մարդ, մշտապես առաջ եմ քաշում թատրոնի մարդու արտոնությունների հարցը: Իհարկե, ունենք ցավոտ հարցեր, այդ թվում՝ Փոսի թատրոնի վիճակը, Մնջախաղի թատրոնի շենքի հարցը»: Համագումարի վերջում առաջադրվեց ՀԹԳՄ նախագահի երեք թեկնածուների անուն՝ Արմեն Էլբակյան, Արմեն Խանդիկյան եւ Հակոբ Ղազանչյան: Ինչպես եւ սպասվում էր, առաջին երկուսը ինքնաբացարկ հայտարարեցին: Բաց քվեարկության արդյունքում ՀԹԳՄ նախագահ ընտրվեց Երվանդ Ղազանչյանի որդին՝ Հակոբ Ղազանչյանը: Համագումարը որոշեց, որ այսուհետեւ ՀԹԳՄ նախագահը պաշտոնավարելու է ոչ թե 2, այլ 5 տարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել