Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ասպիրանտը «քցել» է իր դասախոսին

Հոկտեմբեր 09,2007 00:00

Դասախոսը մտադիր է հացադուլի դիմել

ՀՀ նախագահի քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնում ստացվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ֆիզիկայի դեպարտամենտի դոցենտ Մանե Հակոբյանի դիմումը: Ըստ այդ դիմումի, նա տեղեկացնում է, որ 1999թ. աշնանը իր նկատմամբ իրականացվել է «կանխամտածված, խմբակային հանցագործություն»՝ մի խումբ անձանց, մասնավորապես՝ իր ասպիրանտ Արթուր Ամիրյանի, նրա կնոջ՝ Անահիտ Պետրոսյանի եւ այլոց կողմից: Մ. Հակոբյանն ասպիրանտի հետ աշխատել են ֆիզիկայի ամբիոնում, այնուհետեւ վերջինս չարաշահելով դասախոսի վստահությունը, նրանից խնդրել է 16.200 ԱՄՆ դոլար գումար՝ առեւտրի մեջ ներդնելու, իրենց պարտքերը մարելու խնդրանքով: Դասախոսին ներկայացնելով իր անելանելի վիճակը, ասպիրանտը ասել էր, թե ծանր վիճակում է հայտնվել կինը՝ Անահիտ Պետրոսյանը, որը չդիմանալով պարտքերին, Կիեւյան կամրջից իրեն նետելու 2 անհաջող փորձ է կատարել եւ որ նրան իբր ոստիկաններն են կարողացել փրկել: «Ինքս ականատես եմ եղել պարտատերերի կողմից ինստիտուտում Արթուր Ամիրյանի նկատմամբ ահաբեկման, ծեծի, նվաստացման նողկալի տեսարաններին: Մտքովս անգամ չէր կարող անցնել, որ այդ ամենն ինձ հիմարացնելու նպատակով էր խաղարկվում եւ որ պարտատերերը նույն խմբի անդամներ էին եւ զբաղված էին ինձնից հնարավորինս մեծ չափի գումարներ շորթելով»,- իր նամակ-դիմումում շարունակում է Մ. Հակոբյանը:

2002թ. Ամիրյանն ու նրա կինը հայտարարում են, որ պարտատերը չանհանգստացնի իրենց եւ որ իրենք մտադիր չեն վերադարձնել գումարը: Մ. Հակոբյանը դիմում է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժանմունք՝ քրեական գործ հարուցելու Ա. Ամիրյանի նկատմամբ: Ի դեպ, հարուցվում է քրեական գործ, սակայն 2003թ. օգոստոսի 4-ին այն կարճվում է: Մ. Հակոբյանը դիմում է Արաբկիր համայնքի դատախազություն: Առժամանակ այս գործով զբաղվում է այսօր արդեն պաշտոնանկ՝ դատախազի օգնական Զորիկ Հովհաննիսյանը: Քրեական գործը չի հարուցվում, պատճառաբանությամբ, թե քաղաքացիաիրավական հարաբերություն է եւ որ տուժողը կարող է դիմել դատարան: Տուժող Մ. Հակոբյանը թե քննչական բաժին, թե դատախազություն է ներկայացրել պարտատիրոջ «պարտավորագրերից», որոնք իրենց բովանդակությամբ, որը միամիտ դասախոսը երբեք չի էլ կարդացել, խոսում էին մեկ այլ մարդու պարտքի մասին եւ ստորագրված էին այլ անձանց կողմից:

2004թ. նոյեմբերի 17-ին իրենց ընտանիքի նկատմամբ կատարված խաբեության արդյունքում հանկարծամահ է լինում Մ. Հակոբյանի ամուսինը՝ ճանաչված գիտնական, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Լեւոն Քոչարյանը. «Ամուսնուս գործերը դասավորելիս գտա կարեւորագույն մի փաստաթուղթ՝ կապված Արթուր Ամիրյանի, նրա հանցակիցների կողմից մեր ընտանիքի նկատմամբ իրականացրած խարդախության դեպքի հետ: Այն պարտավորագիր է՝ գրված հանցավոր խմբի անդամներից մեկի՝ Սոնա Հովհաննիսյանի կողմից, ստորագրված է նրա, Արթուր Ամիրյանի եւ նրա կնոջ կողմից: Այդ «պարտավորագրի» բովանդակությունից ակնհայտորեն հետեւում է, որ գոյություն է ունեցել «ստացական»՝ Արթուր Ամիրյանի կողմից գրված, որով Արթուրը Սոնա Հովհաննիսյանի տված $3500-ի դիմաց գրավ է դրել իր բնակարանը»: Ի դեպ, Սոնա Հովհաննիսյանը դատախազությանը ցուցմունք է տվել, որ ինքը երբեք գումարային պարտք ու պահանջ չի ունեցել Ա. Ամիրյանից եւ Ա. Պետրոսյանից: Երբ Արթուրը դասախոսից գումար էր խնդրում, այդպես էլ պատճառաբանել էր, թե իրենք կհայտնվեն փողոցում: Վերոնշյալ փաստաթուղթը չի ուսումնասիրվել դատախազությունում, դիմումատուն չի ստացել իր դիմումի պատասխանը եւ քրեական գործի կարճման որոշումը մինչ օրս չի վերացվել: Դատախազությունը ուղարկել էր բողոքի պատասխանը: Ըստ պաշտոնական պատասխանի, Արթուր Ամիրյանը դարձել է Արարատ Ամիրյան, $16.200-ը դարձել էր «դրամական փոխատվություն», «խարդախությունն» էլ դարձել «վեճ»:

Քրեական գործի կարճման փուլում ասպիրանտը եւ նրա անչափահաս դուստրը ցուցմունք էին տվել, թե պարտատերը գնացել է իրենց տուն, «անվայելուչ արտահայտություններով» հարձակվել ընտանիքի մոր վրա, ծեծել, հրել, վայր է գցել նրան, պատառոտել իրենց գրքերը, երեխաների տետրերը եւ «գողացել» Ա. Պետրոսյանի անձնագիրը: Իհարկե, այս կապակցությամբ որեւէ իրավապահ մարմնի չեն դիմել «տուժողները», այսինքն՝ նրանք փորձել են դասախոսի համար համարժեք հանցագործի իմիջ ստեղծել: Մ. Հակոբյանը մտադիր է դիմել անժամկետ հացադուլի: Նրա կարծիքով՝ ինչ տեղի է ունեցել իր հետ, մեղքի մեծ բաժին ունեն ՀՀ իրավապահ մարմինները: «Ես շատ ուշ հասկացա իմ նկատմամբ իրականացված անօրինականությունների եւ հանցագործությունների շղթայի լրջության աստիճանը: Ես մտավորական եմ եւ իմ այդ քայլը ճշմարտության հասնելու լուրջ պայքարի ձեւ է, վերջին ձեւը»,- ասում է նա, խնդրելով վերահսկողություն՝ անկողմնակալ քննություն կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել