Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բոլորին կարելի է, մեկին՝ ո՞չ

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"Չնայած շենքի բոլոր բնակիչներն իրենց պատշգամբներն առաջ են տվել, միայն առաջին հարկի բնակչին դա անել թույլ չեն տալիս:

«Փողոցի մյուս կողմում գտնվող խանութի տերը ցանկանում է իր խանութն ընդլայնել շենքի բակային տարածքի եւ մեր երեխաների խաղահրապարակի հաշվին: Իսկ դրա համար մեր՝ շենքի բնակիչներիս համաձայնությունը չկա, մենք բոլորս էլ դեմ ենք, որ այդ մասում կառուցապատում իրականացվի: Բակի մնացած մասում ավտոտնակներ են կառուցված եւ զբոսնելու կամ երեխաներին խաղալու տեղ չի մնացել: Հիմա եկել են ու այս տարածքն էլ են ուզում փակել: Մեր համատիրության նախագահը կեղծ փաստաթուղթ է տրամադրել խանութի սեփականատիրոջը, որում նշված է, թե մեր շենքի 7-րդ եւ 8-րդ մուտքերի բնակիչները տվել են կառուցապատում իրականացնելու իրենց համաձայնությունը, մինչդեռ ոչ մեկս էլ դա թույլ չենք տվել»,- այսպիսի բողոքով «Առավոտին» են դիմել Շենգավիթ համայնքի Գարեգին Նժդեհի 16 շենքի բնակիչները: Նույն բողոքը նրանք ուղղել են նաեւ Երեւանի քաղաքապետարանին, որտեղից բնակիչներին պատասխանել են. «Ձեր շենքի մուտքերի ետեւի մասի խանութի սեփականատեր Վաչագան Սահակյանն օրինական իրավունք ունի այդ տարածքում կառուցապատում իրականացնելու»:

Վաչագան Սահակյանը մեզ հետ զրույցում արդարանում էր, որ ինքը այս տարածքի սեփականատերն է դեռեւս 1998-ից եւ մինչ այժմ ֆինանսների սղության պատճառով չի կարողացել խանութի ետեւի մասն էլ կառուցապատել: Նա բնակիչների՝ իր դեմ լարված լինելը պայմանավորեց այսպես. «Այս շենքի երկրորդ հարկի բնակիչն ինձ գումար էր առաջարկում, որպեսզի գնի իր տան ներքեւի մասն ու ավտոտնակ կառուցի, բայց ես մերժեցի, նա էլ այս շիլաշփոթը սարքեց»: Պարոն Սահակյանը ցույց տվեց «Արայ» համատիրության ձեռագիր փաստաթուղթը, որում նշված էր. «Գարեգին Նժդեհի 16 շենքի բնակիչները համաձայն են, որ շենքի առաջին հարկի բակային տարածքում կառուցապատում իրականացվի»: Իսկ երբ մենք խնդրեցինք ցույց տալ նաեւ բնակիչների ստորագրությունները՝ համոզվելու համար, որ դրանք կեղծված չեն, պարոն Սահակյանն ասաց. «Գնացեք, գտեք»:

Այս առնչությամբ Երեւանի քաղաքապետարանից «Առավոտին» պարզաբանեցին, որ վիճելի տարածքի շինարարության համար ներկայացված նախագիծն արդեն հաստատված է, եւ սեփականատերը կարող է կառուցապատում իրականացնել. «Այլ հարց է, որ բնակիչների համաձայնությունը չկա, եւ նախագիծն առանց այդ ստորագրությունների է հաստատվել, դա արդեն մեր խնդիրը չէ, եւ այդ հարցի լուծման համար բնակիչներն իրավունք ունեն բողոքով դիմել դատարան»:

Օբյեկտիվության համար նշենք, որ այդ շենքի բոլոր պատշգամբներն առաջ էին տված, բացի առաջին հարկից: Բնակիչները բոլորին «ներել» էին տարածք գրավելու քայլը, բացի իրենց առաջին հարկի հարեւանից, որը հետեւելով մյուսների օրինակին՝ ուզում է խանութի տարածքն օրինական ճանապարհով ընդլայնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել