Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՆՁԻ ԽՆԴԻ՞Ր ԷԻՆ ԼՈՒԾՈՒՄ

Հոկտեմբեր 09,2007 00:00

ՀՅԴ Արցախի կազմակերպությունը Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման օրոք ընդդիմություն էր: Սակայն ԼՂՀ նախագահի փոխվելուց հետո ՀՅԴ Արցախի կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը նշանակվեց ԼՂՀ արդարադատության նախարար՝ սառեցնելով իր անդամությունը կուսակցությանը, իսկ ՀՅԴ-«Շարժում-88» դաշինքի համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԼՂՀ նախագահի խորհրդական:

Երեկ «Հայացք» ակումբում հյուրընկալված ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի ուշադրությունը հրավիրելով այս փաստերի վրա՝ հետաքրքրվեցինք, թե ստացվում է, որ իրենց ընդդիմադիր կեցվածքը պայմանավորված էր ընդամենը մեկ անձո՞վ եւ ո՞չ սկզբունքներով, գաղափարներով, ծրագրերով: Կիրո Մանոյանը պատասխանեց, թե ՀՅԴ-ն Արկադի Ղուկասյանին երբեք չի ընդդիմացել «այնպես, որ նախագահի հետ գործակցություն չի եղել: ԼՂՀ նախագահի հետ մի՛շտ էլ համագործակցություն եղել է: Այդ նույն Արկադի Ղուկասյանի օրոք էր, որ Գեորգի Պետրոսյանը նշանակվեց արտգործնախարար»: «ՀԺ»-ի թղթակիցը, սակայն, հիշեցրեց, որ դրանից հետո ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց, թե կապ չունի այդ նշանակման հետ եւ Գեորգի Պետրոսյանը սառեցված դաշնակցական է: «Հա, սառեցված է, որովհետեւ կոալիցիոն պայմանագիր չկար, բայց մեր ընկերներն այդ կառավարությանը մաս էին կազմում,- պատասխանեց Կիրո Մանոյանը:- Իսկ նախագահական ընտրությունների նախօրեին հենց մեր կուսակցությունն էր, որ Արցախում նախաձեռնեց միասնական թեկնածուով հանդես գալը, խորհրդակցություններ անցկացրեց տարբեր կուսակցությունների հետ: Ի վերջո՝ հիմնված թեկնածուների ծրագրերի, մոտեցումների, անցյալի հնարավորությունների վրա՝ որոշեցին ներկա նախագահին՝ որպես միասնական թեկնածու: Այսինքն՝ անձի հարց չէր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել