Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԺՄ նախագահը՝ ՀՀ նախագահի թեկնածու

Հոկտեմբեր 09,2007 00:00

Անցած կիրակի օրը Վազգեն Մանուկյանի թեկնածությունը երաշխավորվել է կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:

Կիրակի օրը տեղի ունեցավ Վազգեն Մանուկյանի գլխավորած ԱԺՄ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստը, որին մասնակցել են վարչության անդամներն ու տարածքային կազմակերպությունների ղեկավարները: Խորհուրդն ընդունել է երեք կետից բաղկացած որոշում, որի առաջին կետով արձանագրվել է, որ կուսակցությունը միանշանակորեն մասնակցելու է 2008թ. նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով, երկրորդով երաշխավորվել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածությունը, եւ կուսակցության համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում վարչությանը հանձնարարվել է կազմակերպել եւ իրականացնել նրա առաջադրման ընթացակարգը: Խորհրդի որոշման երրորդ կետով կուսակցության ղեկավարներին հանձնարարվել է շարունակել քաղաքական բանակցությունները՝ ընդդիմադիր ուժերի եւ հասարակության համախմբման ուղղությամբ եւ նախագահի միասնական թեկնածուի առաջադրման շուրջ՝ մինչեւ ընտրությունների առաջին փուլը, միաժամանակ չբացառելով, որ այդ բանակցությունները կարող են շարունակվել նաեւ թեկնածուների առաջադրումից հետո: ԱԺՄ-ում համարում են, որ ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբումն ու միասնական թեկնածուի առաջադրումը կարող է տեղի ունենալ բուն ընտրություններից նույնիսկ 10-15 օր առաջ, ինչպես եղել է, օրինակ՝ 1996թ.-ին: ԱԺՄ փոխնախագահ Ալեքսանդր Բուտաեւը մասնավորապես «Ազատություն» ռ/կ-ի թղթակցի հարցադրմանը, թե՝ ինչո՞ւ որոշեցին սեփական թեկնածուով մասնակցել եւ ոչ թե համախմբվել մեկ թեկնածուի շուրջ, պատասխանել էր. «Մենք չենք կարող անընդհատ սպասել, թե երբ այդ համախմբումը տեղի կունենա»:

Կանխատեսվում է, որ ԱԺՄ համագումարը կարող է լինել նոյեմբերին, բայց չի բացառվում նաեւ, որ Վ. Մանուկյանի՝ որպես ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման որոշումը կայացնի կուսակցության վարչությունը: Ու թեեւ ԱԺՄ-ում տեսականորեն չեն բացառում ընդդիմադիր դաշտից որեւէ այլ թեկնածուի շուրջ կուսակցության համախմբման հնարավորությունը, բայցեւ համարում են, որ տվյալ պահին Վ. Մանուկյանից ավելի լավ եւ իրենց համար ընդունելի թեկնածու ընդդիմադիր դաշտում չկա:

Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի հնարավոր համագործակցությանը, ԱԺՄ-ի եւ Վ. Մանուկյանի կողմից Լ. Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանելու հնարավորությանը, ապա ԱԺՄ-ում կարծում են, որ Տեր-Պետրոսյանը ընդդիմությանն ու հասարակությանը համախմբող դերակատարում ունենալ չի կարող՝ նկատի ունենալով նաեւ 1996թ.-ին կեղծված ընտրությունների փաստը: Կուսակցությունում ակնկալում են Լ. Տեր-Պետրոսյանի որոշակի բացատրություններն այդ ընտրությունների վերաբերյալ՝ մատնանշելով միաժամանակ, որ այսօր ո՛չ ՀՀՇ-ի, ո՛չ էլ Լ. Տեր-Պետրոսյանի կողմից բանակցություններ վարելու, Տեր-Պետրոսյանի թեկնածությանը սատարելու շուրջ առաջարկներ ԱԺՄ-ին չեն արվել:

Կիրակի օրը, մինչեւ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստի մեկնարկը, ԱԺՄ նախագահը պատասխանեց լրագրողների մի քանի հարցերին: Անդրադառնալով մասնավորապես առաջիկա ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու համար ԱԺՄ-ի ունեցած ռեսուրսներին՝ Վ. Մանուկյանն ասաց. «Մարդկային ռեսուրսը մեծ մասամբ մեծ դժվարություն չի ներկայացնում, եթե կա ուրիշ երկու ռեսուրս. եթե դու ունես ոգեւորության եւ միավորման, այսինքն՝ քաղաքական ճիշտ ընտրված ճանապարհ եւ հասարակությունը քեզ հետ է, մարդկանց քանակը միանգամից տասնապատկվում եւ հարյուրապատկվում է:

Երկրորդ ռեսուրսը ֆինանսականն է, որը նույնպես կախված է քո նկատմամբ մարդկանց հավատից: Երբ դու առաջ ես գնում, մարդիկ սկսում են քեզ օգնել, եթե տեղում կանգնած ես, ոչ ոք քեզ չի օգնի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել