Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ԵՎ ԲԵՏԵԼԳԵՅԶԵ ԱՆՈՒՆՈՎ ԱՍՏՂԸ

Հոկտեմբեր 09,2007 00:00

«Դրական ընդդիմությունը» գոյություն ունի այնպես, ինչպես Բետելգեյզե անունով աստղը. այսպես է ՀՅԴ-ն հակադարձում ՀՀԿ-ին:

ՀՀԿ ղեկավարները վերջերս մի քանի անգամ զարմանք էին արտահայտել ՀՅԴ հայտարարած «դրական ընդդիմություն» կարգավիճակի կապակցությամբ: Մեջբերենք ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի տարբեր առիթներով արած դիտարկումները, թե ՀՅԴ-ի հռչակած տեղը քաղաքական ասպարեզում ուղղակի արտասովոր է. «Որեւէ խորհրդարանում ընտրություններից հետո երրորդ վիճակ չի լինում: Կուսակցությունների մի մասը կազմում է քաղաքական մեծամասնություն եւ կոալիցիոն կառավարություն եւ ներկայացնում են իշխանությունը, իսկ մյուսներն ընդդիմություն են, եւ տարատեսակ ածականները տեղին չեն: Որեւէ քաղաքական ուժ կարող է լինել կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն… Երրորդ վիճակ լինել չի կարող, եւ դժվար թե այս առումով հայաստանյան քաղաքական ուժերը քաղաքագիտության մեջ հաջող նորամուծությունների ունակ են»:

Արձագանքելով նման գնահատականներին՝ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հոկտեմբերի 7-ին «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարով նշեց, որ ոմանք ենթադրում են, թե «դրական ընդդիմություն» հասկացություն բնության մեջ լինել չի կարող. «Եթե մարդիկ չգիտեն ինչ-որ մի երեւույթի մասին՝ դա չի նշանակում, որ այդ երեւույթը գոյություն չունի»: Եվ ՀՅԴ բյուրոյի անդամն ակնարկներ արեց Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին՝ բացատրելով, թե իրենց պատկերացմամբ՝ ինչ է դրական ընդդիմությունը. «Դա այն ընդդիմությունն է, որը չի հռչակում պետությունը վերից-վար փտած, կոռումպացված եւ ոչնչացման ենթակա… Այն ընդդիմությունն է, որը պետական համակարգը կազմալուծելու կոչեր չի անում: Այն ընդդիմությունն է, որը չի գտնում, թե ղարաբաղյան հարցում վերջին տասնամյակում արված բոլոր քայլերը սխալ են եւ կործանարար»: Հետո վերադառնալով «դրական ընդդիմություն» բնորոշման առիթով տարակուսանք հայտնողներին՝ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Եթե կան մարդիկ, որոնք չգիտեն, թե նման երեւույթ կա աշխարհում, ապա նրանք երեւի չգիտեն նաեւ, ասենք, որ հեռավոր տիեզերքում գոյություն ունի Բետելգեյզե անունով աստղ: Բայց դա չի նշանակում, որ այդ աստղը գոյություն չունի: Ունի՛: Ճիշտ այնպես, ինչպես աշխարհում գոյություն ունի դրական ընդդիմություն»:

Տիգրան Թորոսյանը նաեւ նշել էր. «Հուսով եմ, որ վերջնական առաջադրումն անելուց հետո ՀՅԴ-ն՝ որպես ավանդույթներ ունեցող կուսակցություն, ճիշտ քայլեր կանի նաեւ կառավարությունում իր ներկայության առնչությամբ. այնպիսի քայլեր, որոնք համարժեք են իրենց որոշմանը»: Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս թափանցիկ ակնարկին նախարարական աթոռներից հրաժարվելու վերաբերյալ՝ ասաց. «ՀՅԴ-ն այն կուսակցությունը չէ, որ հախուռն, մի վայրկյանում, պոռթկուն գործողությունների է անցնում կամ ծրագրեր մշակում: Ես կարծում եմ, ի մտի ունեին կառավարության անդամներին հետ կանչելու այդ բոլոր հնարավոր տարբերակները: Եվ մեզ թափանցիկ ակնարկներ պետք չէ անել»:

Ալվարդ Պետրոսյանը նույնպես անդրադարձավ հանրապետականների հիշեցմանը, թե քաղաքական ուժը կարող է լինել կա՛մ իշխանություն, կա՛մ ընդդիմություն. «Ես համաձայն չեմ, որ չի կարելի գործադիր իշխանության մեջ ունենալ ներկայացուցիչներ եւ ասել, թե այսինչ բանը վատ է»: Հավելեց. «Կյանքը սեւ ու սպիտակ գույներից չի կազմված: Ո՞վ է այդ սահմանումն արել, թե մի կողմում սեւ ընդդիմությունն է, մյուս կողմում՝ սպիտակ իշխանությունը: Կամ հակառակը… Այն ամենածանր տարիներին, երբ ՀՅԴ-ն սպիտա՜կ ընդդիմություն էր, մենք նաեւ մասնակցում էինք էս երկիրը չփլուզելու գործընթացներին: Հիմա էլ նույն բանն է»:

ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանն օրերս ասուլիսում ՀՀՇ-ՀՅԴ հանդիպման մասին կարծիք էր հայտնել, որ եթե ՀՅԴ-ն պայմանավորվածություն է ձեռք բերում սեւ PR չիրականացնել ընդդիմադիր ուժերի նկատմամբ, ուրեմն նա սեւ PR-ը պետք է ուղղի մեկ այլ ուժի ուղղությամբ, ըստ ամենայնի՝ նկատի ունենալով ՀՀԿ-ին: Մեր խնդրանքով անդրադառնալով այս կանխատեսմանը՝ Ալվարդ Պետրոսյանն ասաց. «Արդեն 17 տարի է՝ ես այս կուսակցության անդամ եմ եւ գիտեմ՝ մենք կրակից շագանակներ հանողներ չենք: Մենք մեր գաղափարախոսությունն ու ծրագիրն ունենք եւ դրանց հետեւից ենք գնալու: Դա էլ տարբերակ է: Բայց ես չեմ կարծում, թե իմ կուսակցության հետ կապ ունի»: Մեր մյուս հարցին, թե արդյոք հանրապետականների հիասթափված արձագանքները պայմանավորվա՞ծ չէին հենց ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու հույսերի ձախողմամբ, քանի որ թերեւս ակնկալում էին, որ ՀՅԴ-ն կիրականացներ Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ հակաքարոզչությունը, պատասխանեց. «Դա իրենց խնդիրն է, եթե նման պարզունակ դերակատարություն էին մեզ վերագրել, որ մենք պիտի շագանակներ հանենք կրակից: Երբե՛ք չի կարելի 117 տարեկան կուսակցությանը վերագրել այդպիսի պարզունակ մտքեր ու դրսեւորումներ»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հ. Գ. Ալվարդ Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյան-ՀՅԴ հանդիպման նկատմամբ ուշադրությունը համարեց 70 տարի շարունակ ստեղծված կարծրատիպերի հետեւանք. «Ինչ որ մի կարծրատիպ կա, թե Դաշնակցությունը չի կարող շատ վայելուչ եւ բարեսիրտ ընդունել հյուրերին: Բայց դա այդպես չէ: Քանի որ ՀՅԴ-ն երկու երես ունի: Մի երեսը մտավորականներն են իսկ մյուսը՝ զինվորի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել