Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՆՔ ՇԱՏ ՃԿՈՒՆ

Հոկտեմբեր 09,2007 00:00

\"\"ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նորընծա ղեկավար Դավիթ Հարությունյանը երեկ բացատրեց «Առավոտին», թե ինչպիսին է լինելու այդ պատվիրակության մարտավարությունը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության նորաթուխ ղեկավար, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը երեկ պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինքը որպես հանձնաժողովի անդամ առաջին անգամն է մասնակցում ԵԽԽՎ նստաշրջանին, ի՞նչ տպավորություն ունի՝ արդյոք հայերը այն ժողովո՞ւրդն են, որ կարող են ապրել եւ առաջնորդվել եվրոպական չափորոշիչներով եւ արդյոք մեր հոգեկերտվածքը (մենտալիտետ- Մ. Ե.) համընկնո՞ւմ է եվրոպականին, ասաց. «Կարծում եմ, մեր մենտալիտետը, այո, եվրոպական է, արմատներում եվրոպական եղել է եւ եվրոպական լինելու է: Այն, որ մենք դեռեւս պետք է աճենք, միանշանակ, բայց դա չի նշանակում, որ մենք ճիշտ ուղու վրա չենք գտնվում: Ինչ վերաբերում է Եվրոպայի խորհրդում մեր պատվիրակության դերակատարմանը, ապա մենք ստացել ենք ժառանգություն, եւ յուրաքանչյուր նոր պատվիրակության խնդիրն է նոր քայլ կատարել: Ես վստահ եմ, մեզ դա կհաջողվի»: Պատվիրակության ղեկավարին հիշեցնելով, որ հատկապես այս պատվիրակության կազմը խորհրդարանական խումբ-խմբակցությունները բավականին դժվարությամբ ամբողջացրին, հարցրինք, թե ո՞րն էր այդ դժվարության պատճառը, արդյոք այն չէ՞ր, որ այս հանձնաժողովի կազմում լինելը նշանակում է տարին մի քանի անգամ պետական բյուջեի հաշվին գնալ-գալ Ստրասբուրգ եւ այլ եվրոպական քաղաքներ, ասենք՝ Փարիզ: Կամ գուցե ավելի լուրջ պատճառներ կայի՞ն, ասենք՝ խումբ-խմբակցությունների ղեկավարները իրենց միջից որոնում էին ավելի պատրաստված, բանիմաց եւ խելոք պատգամավորների: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ պատվիրակության կազմը «շատ հաջողված է». «Շատ մեծ պոտենցիալով անդամներ կան մեր պատվիրակության կազմում, եւ կարծում եմ, շատ արագ այս պատվիրակությունը ցույց կտա իր հնարավորությունները»:

Քանի որ մինչ Դավիթ Հարությունյանը՝ պատվիրակության ղեկավարը եղել էր ԱԺ նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւ բավականին երկար էր ղեկավարել պատվիրակությունը, «Առավոտը» ուզեց պարզել, թե ինչպիսի՞ ժառանգություն է թողել ԱԺ նախագահը իրենից հետո եկած պատվիրակության ղեկավարին, արդյոք նրանից հետո ստեղծվա՞ծ է բավարար հիմք՝ կարգին աշխատելու համար, եւ արդեն իսկ կատարված աշխատանքի արդյունքում եվրոպական այս կառույցում հայերին ինչպե՞ս են ընդունում: Դավիթ Հարությունյանը նկատեց, որ պատվիրակության մասին հատուկ կարծիք չկա. «Նման հետազոտություն դժվար է իրականացնել, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ պատվիրակությունների կազմն անընդհատ փոփոխվում է: Բոլոր երկրների պատվիրակությունների կազմում տեղի են ունենում փոփոխություններ: Այնուամենայնիվ, աշխատանքի ոճը մենք փոխել ենք, եւ դա պայմանավորված է ուղղակի այլ անձանցով: Պարոն Թորոսյանը շատ հարգված անձնավորություն է Խորհրդարանական վեհաժողովում, բոլորը շատ բարձր են գնահատում իր կարողությունները, իր կատարած աշխատանքը, մենք եւս: Սակայն իմ աշխատանքի ոճը մի փոքր այլ է: Մեր պատվիրակության անդամների առանձնահատկությունները հաշվի առնելով՝ մենք փոխում ենք ռազմավարությունը եւ, կարծում եմ, շատ բնական է, մենք պետք է ճկուն լինենք: Եթե դուք համեմատեք ադրբեջանական պատվիրակությունը ինչպես է գործել մեկ տարի առաջ եւ ինչպես է գործում հիմա, ոչ մի տարբերություն չեք գտնի: Իսկ մենք պետք է լինենք շատ ավելի ճկուն, եւ նորից եմ կրկնում՝ շատ շուտով դուք դրանում կհամոզվեք»: Հիշեցնենք, որ նորընտիր պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ Ավետ Ադոնցը եւ Վահե Հովհաննիսյանը (ԲՀԿ), Րաֆֆի Հովհաննիսյանը («Ժառանգություն»), Գրիգոր Մարգարյանը (անկախ), Արմեն Ռուստամյանը (ՀՅԴ), Մհեր Շահգելդյանը (ՕԵԿ): Ի դեպ, Դավիթ Հարությունյանը երեկ նաեւ մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ հայտարարեց, որ պատվիրակությունը շատ եւ շատ հարցերի նկատմամբ պետք է վերաբերմունք ունենա եւ չպետք է սահմանափակվի միմիայն Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի խնդիրներով. «Մենք պետք է շատ ավելի լայն հարցերի շրջանակներում ունենանք մեր ակտիվ մասնակցությունը: Դա, անշուշտ, բերելու է լուրջ արդյունքի, բերելու է նաեւ պատվիրակության անդամների հեղինակության, ինչը անխուսափելիորեն կանդրադառնա նաեւ մեզ հուզող բոլոր հարցերի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել