Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 06,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնիններորդ

ՕՐԱԿԱՐԳԻ ՀԱՐՑԸ

Երբ Բիձեն նայեց ինձ ու գոռաց՝ «Դոցենտ կուզե ջնջի մըզի/, Զարթնիր, Արմեն, մըռնիմ քըզի», բոլորս հռհռացինք, բայց Դոցենտն արհեստավարժորեն ծիծաղը զսպելով՝ ակնոցն ուղղեց, աչքերը կկոցեց եւ իր ամենախորքերը ներսուզվելով՝ չափազանց դանդաղ եւ չափազանց մեղմ արտահանվեց ու վերսկսվեց.

– Ոնց անիծեմ Բեն Լադենին,

Որ սպանեց Շահ Մասուդին,

Մըր հույս թողեց ՄԱԿ-ի զորքին,

Զա՛րթնիր, Դո՛ստում, մըռնի՛մ քըզի։

Էստեղ արդեն Արոն ու Բիձեն գոհունակությամբ իրար ժպտացին, այնուհետեւ երկուսով միասնաբար Դոցենտին ժպտալով՝ երեքով միասին կրկներգը գոռգոռալով կրկնեցին.

Մըր հույս թողեց ՄԱԿ-ի զորքին,

Զա՛րթնիր, Բո՛ւտրոս, մըռնի՛մ քըզի:

Միասնաբար էդ կրկներգը գոռգոռալուց հետո Արոն ու Բիձեն ինքնաբավ հռհռացին, բայց Դոցենտը դարձյալ իրեն տիրապետելով՝ վերստին ինքն իր մեջ խորասուզվեց ու խորամուխ եղավ, ու մինչ հրավիրյալներս միանգամայն ինքնուրույն գլխի կընկնեինք, որ կրկներգի Բուտրոսը ՄԱԿ-ի Բուտրոս Ղալին է, Դոցենտն իր խորքերից միանգամայն ա՛յլ եղանակ արտահանեց եւ վերսկսեց.

– Իսլամի պաշտպանն էր Ահմադ

Շահ Մասուդ,

Պանդշերի Ասլանն էր զորավար

հմուտ,

Տասներեք, ինն եւ ութ թվին Հիջրայի

Շուն Թալիբ զարկեց Ահմադ

Մասուդին։

Արոն, ինչպես նախորդ դեպքերում, գոհունակությամբ ժպտաց, ասել է թե՝ կարող ես շարունակել, մինչդեռ Բիձու համբերության բաժակն արդեն բերնեբերան էր լցվել, եւ Բիձեն կատաղած գոռաց՝ «արդեն քաքը դուս ա գալի, Դոցե՛նտ», եւ ապշահար Դոցենտն ակնոցն ուղղելով՝ նայեց Բիձուն ու ասաց՝ «այսինքն», եւ Բիձեն գոռաց՝ «այսինքն, արդեն քաքը հանում ես», եւ ապշահար Դոցենտը Բիձուն ասաց՝ «չհասկացա, Մայո՛ր», եւ Բիձեն ասաց՝ «չհասկացողների համար հատուկ դպրոց կա», եւ Արոն Բիձուն ասաց՝ «թող շարունակի, Մե՛յջեր», եւ Բիձեն նեղսրտելով հարցրեց՝ «մենք Հինգշաբթվա վկանե՞ր ենք, թե՞ ազգագրական երգչախումբ», եւ Արոն պատասխանեց ու ասաց՝ «բան չէր մնացել, Մե՛յջեր. էդ մի երգն էլ երգելու էր ու վերջ», եւ Բիձեն վրդովված հարցրեց՝ «Էս Հինգշաբթվա վկաների նի՞ստ ա, թե՞ ժողովրդական ինքնագործունեության համերգ», եւ Դոցենտը գլուխը կախեց եւ ասաց՝ «նիստ», եւ Արոն նույնպես ասաց՝ «նիստ», եւ Բիձեն արդեն մի քիչ հանգստացած ասաց՝ «որ էդքանը հասկանում եք, խի՞ եք ռեգլամենտը խախտում», եւ Արոն պատասխանեց ու ասաց՝ «առանձնապես չենք խախտել», եւ շիվարած Դոցենտը կմկմալով հարցրեց՝ «համաձայն ռեգլամենտի՝ հիմա ի՞նչ պիտի անենք», եւ Բիձեն ասաց՝ «դուք ինձնից լավ գիտեք՝ ինչ պիտի անենք», եւ Դոցենտը վախվորած հարցրեց՝ «ի՞նչ», եւ Բիձու փոխարեն Արոն պատասխանեց ու ասաց՝ «համաձայն ռեգլամենտի՝ ամեն ժամուկեսը մեկ պիտի դառը սուրճով պերեգարոդկա անենք», եւ Դոցենտը կմկմալով ասաց՝ «Բայց Արմենը դառը չի խմում», եւ հրավիրյալներից Տիկոն ասաց՝ «ես է՛լ եմ նորմալ խմում», եւ հրավիրյալներից Գագոն ու Վահանն ասացին՝ «մեզ է՛լ նորմալ», եւ Բիձեն խիստ հայացքով նայեց Դոցենտին ու ասաց՝ «օբշի կեփես, վերջում հրավիրյալներին ու համակիրներին մի-մի գդալ շաքարավազ կավելացնես», եւ Դոցենտը քթի տակ մրթմրթալով՝ գնաց խոհանոց, եւ Արոն Բիձուն ասաց՝ «իզուր ես էրեխուն կպնում», եւ Բիձեն ասաց՝ «էշի մոր թայն ա», եւ Արոն ասաց՝ «կապ չունի. իզուր ես կպնում», եւ Բիձեն զարմացած հարցրեց՝ «չես զգո՞ւմ», եւ Արոն հարցրեց՝ «ի՞նչը», եւ Բիձեն ասաց՝ «չզգալը կարաս չզգաս, բայց չես էլ հասկանո՞ւմ», եւ Արոն հարցրեց՝ «ի՞նչը չեմ հասկանում», եւ Բիձեն ասաց՝ «չես հասկանո՞ւմ, որ իրան չեմ կպնում», եւ Արոն հարցրեց՝ «ո՞ւմ չես կպնում», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «Դոցենտին», եւ Արոն զարմացած ասաց՝ «կպնելը պոզովպոչով ա՞ ըլնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ կողմնակի մարդկանց ներկայությամբ», եւ Բիձեն ճշտեց՝ «հրավիրյալների ու համակիրների ներկայությամբ», եւ Արոն ասաց՝ «թեկուզ», եւ Բիձեն բացատրեց ու ասաց՝ «ես իրան ո՛չ թե կպնում եմ, այլ՝ թեթեւակի պրոֆիլակտիկա եմ անցկացնում», եւ Արոն ասաց՝ «պրոֆիլակտիկան պրոֆիլակտիկա, բայց լավ էլ կպար», եւ Բիձեն համարյա գոռաց՝ «չի՛ք պրոֆիլակտիկա առանց կպչողական տարրի» եւ մի քիչ մտածեց ու Արոյին հարցրեց՝ «սխալ ե՞մ ասում», եւ Արոն ուսերը թոթվեց ու ասաց՝ «եսիմ», եւ Բիձեն վերստին բացատրեց ու ասաց՝ «ցանկացած պրոֆիլակտիկա իր խորքում պիտի դաստիարակչական եւ, ինչու չէ, նաեւ կպչողական տարրեր պարունակի», եւ Արոն ասաց՝ «խեղճը շատ գեշ մանթռաշ ընկավ», եւ Բիձեն ասաց՝ «լավ խեղճ ես գտել. ականջներս մազոլ արեց», եւ Արոն ասաց՝ «մենք սաղս խմում ենք, բայց ինքը մի կում չի խմում», եւ Բիձեն ասաց՝ «իրան ոչ ոք չի խնդրել, որ չխմի», եւ Արոն ասաց՝ «վաղը համալսարանում ժամեր ունի», եւ Բիձեն ասաց՝ «ես էլ վաղը առավոտվա իննից ծառայության եմ. անվտանգության դոկտրինի ութերորդ կետն ենք երկրորդ ընթերցմամբ լրամշակելու», եւ Արոն զարմացած հարցրեց՝ «ի՞նչ անվտանգության դոկտրին», եւ Բիձեն խիստ պաշտոնական պատասխանեց ու ասաց՝ «ես սովորություն չունեմ իմ ծառայողական հարցերով Հինգշաբթվա վկաներին ծանրաբեռնել. մի բան էր՝ ասեցի», եւ Արոն ասաց՝ «որ սաղս խմում ենք, ինքը մանթռաշից նեղվում ա», եւ Բիձեն կրկնեց ու ասաց՝ «իրան ոչ ոք չի խնդրել, որ չխմի», եւ Արոն ասաց՝ «ամբիոնի վարիչին ու դեկանին պիտի խնդրի, որ դասերի օրը փոխեն», եւ Բիձեն քահ-քահ ծիծաղեց ու ասաց՝ «ամբիոնի վարիչի ու դեկանի մոտ որ էս երգերը երգի, իրա էդ դասաժամերն ընդհա՛նրապես կվերացնեն», եւ Արոն ասաց՝ «հո չասեցիր. էս երգերն իրանց մոտ ո՞նց կերգի», եւ Բիձեն վրդովված ասաց՝ «այսինքն, մեր ջանն ա՞ քար», եւ Արոն ասաց՝ «էս երգերը մի վախտ լավ էլ հավանում էիր, Մե՛յջեր», եւ Բիձեն հոգոց հանեց ու ասաց՝ «էս երգերի թերությունն էն ա, որ հարուր յոթանասունվեց անգամ լսելուց հետո սկսում ես չհավանել», եւ Արոն ասաց՝ «բայց ինքը ոչ մի անգամ չի կրկնվում. ամեն անգամ մի նոր իմպրովիզ ա անում», եւ Բիձեն ասաց՝ «բայց իրա էդ սաղ իմպրովիզները մեր աշխատանքային ժամանակի հաշվին են տեղի ունենում», եւ Արոն ասաց՝ «իրա էս երգերն էլ են, փաստորեն, մեր աշխատանքի մեջ մտնում», եւ Բիձեն հարցրեց՝ «ի՞նչ իմաստով», եւ Արոն պատասխանեց ու ասաց՝ «էս երգերի ստեղծմանը երեքս էլ, փաստորեն, մասնակցություն ունենք. էդ երգերն ինչ-որ իմաստով Հինգշաբթվա վկաներիս կոլեկտիվ ստեղծագործությունն են», եւ Բիձեն ասաց՝ «բոլոր դեպքերում՝ չափը չի կարելի անցնել», եւ Արոն ասաց՝ «մի անգամ նույնիսկ ասեցիր, որ իրա էդ երգերից մեկնումեկը կարելի ա Հինգշաբթվա վկաների հիմն դարձնել», եւ Բիձեն անառարկելի տոնով ասաց՝ «օրհներգի հարցը միայն համաժողովրդական հանրաքվեով պիտի որոշվի», եւ Արոն ասաց՝ «Դոցենտին պիտի յոլա տանենք, մինչեւ դասաժամերի հարցը լուծվի», ու ես, որ էդ ամբողջ ժամանակ ուշադիր նայում ու լսում էի, հանկարծ ինձանից անկախ խոսեցի ու ասացի՝ «իսկ ի՞նչ կըլնի, որ ձեր էս հավաքների օրը փոխեք», եւ իմ խոսքերի վրա Բիձեն միանգամից սփրթնեց ու անհոդաբաշխ ինչ-որ կռինչ արձակեց, եւ Արոն նախ ապշահար ինձ նայեց, հետո նայեց Բիձուն ու ասաց՝ «հանգստացի՛ր, Մե՛յջեր», եւ ես զարմացած նայեցի Արոյին ու ասացի՝ «ի՞նչ էղավ», եւ Արոն ներողամտորեն նայեց ինձ ու ասաց՝ «էդ բանը չպիտի՛ ասեիր, Արմեն ջան», եւ ես զարմացած հարցրի՝ «ո՞ր բանը», եւ Արոն հանգիստ տոնով բացատրեց ու ասաց՝ «Հինգշաբթվա վկաները միայն հինգշաբթի օրերին իրավունք ունեն հավաքվել» եւ նայեց Բիձուն ու հարցրեց՝ «ճիշտ եմ բացատրո՞ւմ, Մե՛յջեր», եւ դեռեւս սփրթնած Բիձեն խորը շունչ քաշեց ու ասաց՝ «մասամբ», եւ Արոն մեղավոր տոնով հարցրեց՝ «ի՞նչը սխալ ասեցի», եւ Բիձեն վերստին խորը շունչ քաշեց ու ասաց՝ «Հինգշաբթվա վկաները շաբաթվա բոլոր օրերին էլ իրավունք ունեն հավաքվել, բայց աշխատանքային հավաքները պարտադիր հինգշաբթի պիտի տեղի ունենան», եւ էդ պահին մատուցարանով ու սուրճերով հայտնվեց Դոցենտը, սուրճերից առաջինը Բիձու դիմաց դրեց, այնուհետեւ երկրորդ դառը սուրճը Արոյի դիմաց դնելով՝ Արոյին հարցրեց՝ «էդ ի՞նչ աղմուկ էր, Արա՛ Սերգեյիչ», եւ Արոն պատասխանեց ու ասաց՝ «քո բացակայության ընթացքում մի փոքր թյուրիմացություն տեղի ունեցավ», եւ Բիձեն Արոյի ասածին արձագանքելով՝ քամահրանքով կրկնեց՝ «մի փո՜քր», եւ Դոցենտը վերստին Արոյին հարցրեց՝ «ի՞նչ թյուրիմացություն», եւ Արոն ասաց՝ «հեչ. Արմենը սխալ արտահայտություն արեց», եւ Բիձեն նայեց Արոյին ու քամահրանքով կրկնեց՝ «հե՜չ», եւ Դոցենտը նորմալ սուրճերը հրավիրվածներիս մատուցելով՝ Արոյին հարցրեց՝ «ի՞նչ սխալ արտահայտություն», եւ Բիձեն չափազանց խիստ հայացքով նայեց Դոցենտին ու գոռաց՝ «շա՜տ եք սիրում փորփրել», այնուհետեւ նայեց Արոյին ու ավելացրեց՝ «փորփրելու ու քչփորելու համար խելքներդ ձերը չի», եւ Արոն Բիձուն հարցրեց՝ «ո՞ւմ ես ասում, Մե՛յջեր», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «երկու համանախագահներիդ», եւ Դոցենտը կմկմալով հարցրեց՝ «ի՞նչն ենք փորփրում», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «ոչ միայն փորփրում եք, այլեւ քչփորում եք», եւ Արոն Բիձուն հարցրեց՝ «ի՞նչն ենք փորփրում ու քչփորում, Մե՛յջեր», եւ Բիձեն շատ խորը հոգոց հանեց ու ասաց՝ «միանգամայն թարմ ու դեռեւս չսպիացած վերքը», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչ վերք», եւ Արոն Դոցենտին բացատրեց ու ասաց՝ «Արմենի սխալ արտահայտությունը նկատի ունի», եւ Դոցենտն ինձ նայեց ու հարցրեց՝ «ի՞նչ սխալ արտահայտություն ես արել», եւ Բիձեն նախ Դոցենտին նայեց, հետո ներողամտորեն ինձ նայեց ու ասաց՝ «որեւէ սխալ արտահայտություն չի եղել», եւ Արոն զարմացած նայեց Բիձուն ու հարցրեց՝ «բա ի՞նչ ա էղել, Մե՛յջեր», եւ Բիձեն վերստին ներողամտորեն ինձ նայելով՝ ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «ընդամենը լեզվի սայթաքում է տեղի ունեցել», եւ ես, որ էդ ընթացքում ամենասուր փշերի վրա էի, թեթեւացած շունչ քաշեցի ու ասացի՝ «Կարոն ճիշտ ա ասում. լեզվի սայթաքում էր», եւ Արոն նայեց ինձ ու ասաց՝ «իրան Կարո մի ասա. Կարոն իրա ծառայողական անունն ա», եւ ես ասացի՝ «Բիձեն շատ ճիշտ ա ասում», եւ Արոն սարսափած ինձ նայեց ու ասաց՝ «Բիձա է՛լ մի ասա. իրան Բիձա ասելու իրավունք մենակ Բոլշն ունի», եւ Բիձեն ներողամտորեն նայեց ինձ, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «այո՛. միմիայն Բոլշոյը», եւ ես սխալներս ուղղելով ասացի՝ «Մայորը շատ ճիշտ ա ասում. լեզվի սայթաքում էր», եւ Դոցենտը ծիծաղեց ու ասաց՝ «արդեն վեց ամսից ավել ա՝ էս մարդը փոխգնդապետ ա», եւ էդ ժամանակ Բիձեն նախ Դոցենտին թարս նայեց, հետո հանդուրժողաբար ինձ նայեց, հանդուրժողաբար ժպտաց ու ասաց՝ «ես մտերիմներիս համար միշտ էլ Մայոր եմ» եւ տեղում ձգվելով ու օղու բաժակը բարձրացնելով՝ նախ Արոյին նայեց, հետո Դոցենտին նայեց ու հարցրեց՝ «հիմա նիստը փակե՞մ, թե՞ շարունակում ենք», եւ Արոն ասաց՝ «իհարկե շարունակում ենք, Մե՛յջեր», եւ Դոցենտն ասաց՝ «օրակարգի հարցերը մնացել են», եւ Բիձեն ասաց՝ «օրակարգի հարցերը հետաձգվում են», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «խի՞ են հետաձգվում», եւ Արոն Բիձու փոխարեն Դոցենտին պատասխանեց ու ասաց՝ «որովհետեւ կողմնակի մարդիկ կան», եւ Բիձեն Արոյին ուղղեց ու ասաց՝ «ոչ թե կողմնակի, այլ՝ հրավիրված», եւ Արոն Բիձուն կրկնեց ու ասաց՝ «հրավիրված», եւ Դոցենտը քթի տակ փնթփնթաց ու ասաց՝ «ըսենց չեղավ», եւ Բիձեն հարցրեց՝ «ո՞նց չեղավ», եւ Դոցենտը նեղսրտելով ասաց՝ «համ մարդկանց հրավիրում ենք, համ էլ ասում ենք՝ կողմնակի եք», եւ Բիձեն չափազանց խիստ հայացքով նայեց Դոցենտին ու ասաց՝ «ես կարծեմ էդ բառը չեմ արտաբերել», եւ Արոն Դոցենտին ասաց՝ «էդ ի՛մ բառն էր, բայց Մեյջերն ինձ ճիշտ ժամանակին ուղղեց», եւ Դոցենտը մեղավոր նայեց Բիձուն ու հարցրեց՝ «հիմի հաջորդ հինգշաբթի տղերքին չենք հրավիրելո՞ւ», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «իհա՛րկե հրավիրելու ենք», եւ Արոն ավելացրեց ու ասաց՝ «անկասկա՛ծ հրավիրելու ենք», եւ Բիձեն մեկ առ մեկ մեզ ժպտաց ու ասաց՝ «հաջորդ հինգշաբթի բոլորդ հրավիրվում եք, պարոնա՛յք», եւ զարմացած Դոցենտը նայեց Բիձուն ու հարցրեց՝ «բա օրակարգի հարցե՞րը», եւ Բիձեն չափազանց մեղմ ժպտաց ու ասաց՝ «օրակարգի հարցերը կսպասեն», եւ Դոցենտն ավելի զարմացած հարցրեց՝ «մինչեւ ե՞րբ», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «մինչեւ հեղափոխական սիտուացիան լրիվ հասունանա», եւ Դոցենտը հարցրեց՝ «այսինքն, ե՞րբ», եւ Բիձեն ասաց՝ «երբ հեղափոխական իրավիճակը լրիվ կայունանա, եւ հեղափոխությունն անհրաժեշտություն դառնա նույնիսկ իշխանությունների համար», եւ Դոցենտն ավելի զարմացավ ու հարցրեց՝ «էդպիսի բան հնարավո՞ր ա», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «միանգամայն», եւ Դոցենտը հարցրեց՝ «որ հեղափոխությունն անհրաժեշտություն դառնա, մենք ի՞նչ ենք անելու», եւ Բիձեն վերստին ժպտաց ու ասաց՝ «վերադառնալու ենք օրակարգի հարցերին», եւ Դոցենտն ասաց՝ «բա ասում էիր՝ մեր կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվելու», եւ Բիձեն ներողամտորեն Դոցենտին ժպտաց ու ասաց՝ «կարծեմ՝ քաղաքականությունն ու հեղափոխությունը տարբեր բաներ են», եւ Դոցենտն ասաց՝ «այնուամենայնիվ, որոշ կապ կա», եւ Բիձեն ասաց՝ «այնուամենայնիվ, այո», եւ Դոցենտն ասաց՝ «բայց մենք պայմանավորվել էինք, որ քաղաքականությամբ չենք զբաղվելու», եւ Բիձեն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց նաեւ չպիտի թույլ տանք, որ քաղաքականությունը մեզնով զբաղվի», եւ Արոն ավելացրեց ու ասաց՝ «ոչ մի դեպքում չպիտի թույլ տանք», եւ Բիձեն ասաց՝ «պիտի կանխենք», եւ Դոցենտը հարցրեց՝ «ի՞նչը», եւ Բիձեն կրկնեց՝ «չպիտի՛ թույլ տանք, որ քաղաքականությունը մեզնով զբաղվի», եւ Դոցենտը հարցրեց՝ «ո՞նց չպիտի թույլ տանք», եւ Բիձեն շատ հանգիստ պատասխանեց ու ասաց՝ «այդ հարցը մեր օրակարգում ներառելով», եւ Դոցենտն ասաց՝ «փաստորեն, քաղաքականությամբ ենք զբաղվելու», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «այնքանով՝ որքանով», եւ Դոցենտն ասաց՝ «փաստորեն, մեր ծրագրից ու կանոնադրությունից շեղվում ենք», եւ Բիձեն նորից ժպտաց ու ասաց՝ «այնքանով՝ որքանով», եւ Դոցենտն ասաց՝ «մեր կանոնադրության մեջ հատուկ կետ կա, համաձայն որի…», եւ Արոն Դոցենտին կանխեց ու ասաց՝ «մեր կանոնադրության մեջ հատուկ կետ կա, համաձայն որի՝ կողմնակի մարդկանց ներկայությամբ իրավունք չունենք խոսել մեր ծրագրից ու կանոնադրությունից», եւ Բիձեն մեկ առ մեկ նայեց մեզ, մեկ առ մեկ մեզ ժպտաց ու ասաց՝ «հրավիրյալների ներկայությամբ նույնպես իրավունք չունենք», եւ Դոցենտը դժգոհ փնթփնթաց՝ «ոչ երգելու իրավունք ունեմ, ոչ էլ՝ խոսալու», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «ոչ էլ՝ խմելու», եւ Դոցենտն ասաց՝ «հա», եւ Բիձեն նայեց Դոցենտին, ժպտաց ու ասաց՝ «որովհետեւ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության առաքելությունը նվաստիդ վտիտ ուսերին է դրված», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «ճար չունես, Դոցենտ ջան. պիտի դիմանաս՝ մինչեւ դասացուցակը փոխեն», եւ էդ պահին համարձակվեցի ու ասացի՝ «չեք կարա՞ շաբաթվա մեջ մի օր էլ, բացի հինգշաբթի օրվանից, Դոցենտի խաթեր հավաքվեք», եւ Բիձեն զարմացած ինձ նայեց ու հարցրեց՝ «որ ի՞նչ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «որ Դոցենտն է՛լ խմելու հնարավորություն ունենա», եւ Բիձեն մի քիչ մտածեց, մեղմ ժպտաց ու ասաց՝ «բնության մեջ անհնարին բան գոյություն չունի, դո՛ն Արմեն» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բայց դույն հարցը նախ պիտի օրակարգ մտցվի ու քննարկվի», եւ Դոցենտը ոգեւորված ասաց՝ «մտցնենք ու քննարկենք», եւ Արոն ինձ ասաց՝ «ճիշտն ասած, մի քանի անգամ շաբաթական երկու օր հավաքվեցինք, բայց վրեքս շատ ծանր էր նստում», եւ Բիձեն նայեց ինձ, ժպտաց ու ասաց՝ «անբավարար միջոցներ», եւ Արոն ասաց՝ «միջոցները հերիք չէին անում, որ շաբաթական էրկու անգամ սեղան գցեինք», եւ Բիձեն նայեց ինձ ու ասաց՝ «որովհետեւ, ըստ կանոնադրության, Հինգշաբթվա վկաների սեղանը ո՛չ չափից ավելի ճոխ պիտի լինի, ո՛չ էլ՝ չափից ավելի համեստ», եւ Դոցենտը նայեց Բիձուն ու ասաց՝ «բա ասում եք՝ հրավիրյալների ներկայությամբ չի կարելի կանոնադրությունը քննարկել», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «մենք ոչ թե կանոնադրությունն ենք քննարկում, այլ՝ Հինգշաբթվա վկաների մենյուն», եւ Դոցենտն ասաց՝ «թեկուզ», եւ Բիձեն Դոցենտին ժպտաց ու ասաց՝ «այս ամենը հանուն քեզ է արվում, հարգարժան պարոն», եւ Դոցենտը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն ա հանուն ինձ արվում», եւ Բիձեն վերստին ժպտաց ու ասաց՝ «մենք ուզում ենք, որ դու ո՛չ միայն երգես, այլեւ՝ խմես», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «հենց սկսի խմել՝ էլ չի երգի», եւ Բիձեն նայեց Դոցենտին, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «ուրիշները խմելո՛ւ պատճառով են երգում, իսկ դու՝ ընդհակառակը», եւ Դոցենտը նեղացած ասաց՝ «չեմ խմում՝ հերիք չի, չեք էլ թողում մարդավարի երգեմ», եւ Բիձեն հարցրեց՝ «ո՞վ չի թողում, բալա՛», եւ Դոցենտը պատասխանեց ու ասաց՝ «մեկը՝ դու», եւ Բիձեն զարմացած հարցրեց՝ «բա նոր մի ժամ ի՞նչ էիր անում. կարող ա՞ պարում էիր», եւ Դոցենտն ասաց՝ «ամենակարեւոր մոմենտին երգս ընդհատեցիք», եւ Բիձեն հարցրեց՝ «ամենակարեւոր մոմենտը ո՞րն էր, բալա՛», եւ Դոցենտը նեղացած ասաց՝ «չթողեցիք, որ ամենակարեւորին հասնեմ. լրիվ նոր ինտերպրետացիա էր», եւ Բիձեն նայեց Արոյին ու ասաց՝ «փաստորեն, երգը արգանդում խեղդել ենք», եւ Արոն ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Բիձեն ասաց՝ «սպանություն՝ առանձնակի դաժանությամբ», եւ Արոն ասաց՝ «ըտենց ա ստացվում», եւ Բիձեն խղճահարությամբ նայեց Դոցենտին, հետո նայեց ինձ ու ասաց՝ «առաջիկայում նախատեսել ենք մի ամբողջ նիստ նվիրել Դոցենտի երգարվեստին», եւ Դոցենտը նեղացկոտ ասաց՝ «երգը պիտի բնական ծնվի. կարող ա մի ամբողջ նիստ նվիրեք, բայց ոչ մի բան էլ չերգեմ», եւ Բիձեն խիստ հայացքով նայեց Դոցենտին եւ խիստ տոնով ասաց՝ «որովհետեւ դու թարս մարդ ես. միշտ հակառակն ես անում», եւ Դոցենտը հարցրեց՝ «ինչի՞ հակառակը», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «պահանջվածի՛ հակառակը», եւ Դոցենտն ասաց՝ «երգելը պահանջելով չի. երգը պիտի բնական ծնվի», եւ Արոն ասաց՝ «Դոցենտը ճիշտ է ասում, Մեյջեր», եւ Բիձեն ասաց՝ «արդեն բուն նյութից շեղվում ենք», եւ Դոցենտը հարցրեց՝ «բուն նյութը ո՞րն ա», եւ Բիձեն հիշեցրեց ու ասաց՝ «մեր հրավիրյալներից մեկն առաջարկությամբ է հանդես եկել», եւ Դոցենտը հարցրեց՝ «ի՞նչ առաջարկություն», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «դոն Արմենն առաջարկում է՝ շաբաթվա մեջ եւս մեկ օր հավաքվել», եւ Դոցենտն ասաց՝ «բա ասում եք՝ փողը քչություն ա անում», եւ Բիձեն ասաց՝ «այո. անբավարար միջոցների առկայությունն ակնհայտ է», եւ ես ասացի՝ «որ հրավիրյալներս էդ ծախսերին մասնակցենք, միջոցները երեւի կբավարարեն», եւ Դոցենտն ինձ ասաց՝ «մեր կանոնադրության մեջ գրված չի, որ հրավիրվածները կարան սեղանի ծախսերին մասնակցեն», եւ Բիձեն ներողամտորեն նայեց Դոցենտին, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «բայց հակառակն է՛լ գրված չի», եւ Արոն ասաց՝ «հա. փաստորեն, հակառակն էլ գրված չի», եւ Դոցենտն ասաց՝ «փաստորեն, Արմենի առաջարկությունն անցնում ա. չուզողը ե՛ս թող ըլնեմ», եւ Բիձեն ներողամտորեն նայեց Դոցենտին, ներողամտորեն ժպտաց ու ասաց՝ «շատ ես շտապում, բալա՛. դոն Արմենի առաջարկությունը նախ պիտի օրակարգ մտցվի», եւ Դոցենտն ասաց՝ «դե մտցնենք. ո՞ւմ ենք սպասում», եւ Արոն ասաց՝ «պիտի քվեարկություն անցկացնենք», եւ Բիձեն ասաց՝ «ընդ որում՝ փակ գաղտնի քվեարկություն», եւ Արոն ասաց՝ «միանգամայն փակ եւ միանգամայն գաղտնի», եւ Դոցենտն ասաց՝ «դե էկեք անցկացնենք. ո՞ւմ ենք սպասում», եւ Արոն նայեց Բիձուն ու կրկնեց՝ «ո՞ւմ ենք սպասում», եւ Բիձեն պատասխանեց ու ասաց՝ «հրավիրյալներին ենք սպասում», եւ ես անակնկալի գալով հարցրի՝ «մենք ի՞նչ պիտի անենք», եւ Բիձեն ներողամտորեն ինձ ժպտաց ու ասաց՝ «ստիպված եք լինելու ազատել նիստերի դահլիճը, որպեսզի հնարավորություն ունենանք փակ եւ գաղտնի քվեարկություն անցկացնել», եւ ես զարմացած հարցրի՝ «այսինքն, մենք գնա՞նք», եւ Բիձեն ներողամտորեն ու մեկ առ մեկ նայեց հրավիրյալներիս, մեկ առ մեկ ժպտաց ու շատ մեղմ ասաց՝ «ստիպված եք», եւ մինչ Արոն ու Դոցենտն ապշահար մեկ մեզ կնայեին, մեկ՝ Բիձուն, վերջինս նայեց մեզ ու շատ մեղմ տոնով ավելացրեց՝ «ստիպված եք մի քանի րոպեով խոհանոց գնալ, մինչեւ փակ գաղտնի քվեարկությունն իրականացնենք», եւ հրավիրվածներս վեր կացանք ու լուռումունջ գնացինք խոհանոց, եւ խոհանոցից լսվեց Բիձու ձայնը՝ «ահա՛ քվեարկության թերթիկները. ով համաձայն է, որ պարոն Արմենի առաջարկությունն օրակարգ մտցվի՝ պլյուս է դնում, ով դեմ է՝ մինուս», եւ որոշ ժամանակ անց վերստին լսվեց Բիձու ձայնը՝ «քվեաթերթիկները լցնում ենք գլխարկիս մեջ», եւ հենց էդ պահին Տիկոն փռթկացրեց՝ «արա, սրանք լրիվ ցիրկ են», եւ Գագոն ավելացրեց՝ «ցիրկը ղալաթ ա արել», եւ Վահանը ժպտաց ու ասաց՝ «ես համաձայն եմ, որ շաբաթական էրկու անգամ էս ցիրկը տեղի ունենա», եւ ես Վահանին ասացի՝ «քեզ ի՞նչ կա. տունդ կպած ա», եւ Տիկոն ծիծաղեց ու ասաց՝ «էրեւում ա՝ մենք էլ պիտի մեր տները փոխենք ու Կոմիտաս գանք», եւ ես ասացի՝ «ճիշտ ես ասում», եւ Վահանն ինձ ասաց՝ «էդքան տունդ փոխել ես՝ մի անգամ էլ կփոխես», եւ էդ պահին հյուրասենյակից լսվեց Բիձու զիլ ձայնը՝ «անցավ միաձա՛յն», եւ քիչ անց խոհանոցի դռան մեջ շողշողաց Դոցենտն ու շողշողալով ավետեց՝ «քվեարկությունն ավարտված է. համեցեք հյուրասենյակ», եւ երբ հրավիրվածներս մտանք հյուրասենյակ, Բիձեն առաջինն իմ ձեռքը սեղմեց ու ասաց՝ «շնորհավորում եմ. ոչ մի դեմ եւ ոչ մի ձեռնպահ», եւ ես ոգեւորված ասացի՝ «այսինքն, սրանից հետո շաբաթական էրկու օր ե՞նք հավաքվելու», եւ Բիձեն ինձ ժպտաց ու ասաց՝ «մի փոքրիկ ուղղում, դո՛ն Արմեն. ոչ թե դուք եք հավաքվելու, այլ՝ մենք», եւ Արոն զարմացած հարցրեց՝ «էլ իրանց չենք հրավիրելո՞ւ, Մեյջեր», եւ Բիձեն ժպտաց ու ասաց՝ «նայած թե՝ իրենց ինչպես կպահեն», եւ Արոն ասաց՝ «իրանց շատ էլ լավ են պահում», եւ Բիձեն ասաց՝ «առաջին օրը բոլորն էլ իրենց լավ են պահում», եւ Դոցենտը Բիձուն ասաց՝ «բայց Արմենն արդեն երրորդ անգամն ա մասնակցում», եւ Բիձեն խիստ հայացքով նայեց Դոցենտին եւ խիստ տոնով ասաց՝ «ես կարծեմ դոն Արմենին նկատի չունեի, պարո՛ն Դոցենտ», եւ Արոն ասաց՝ «թե չէ՝ ո՞նց կըլնի, որ Արմենի առաջարկությունն անցնի, բայց իրան չհրավիրենք», եւ Բիձեն նայեց Արոյին, մեղմ ժպտաց ու ասաց՝ «այս անծայրածիր երկնքի ներքո ամեն ինչ հնարավոր է, կոլե՛գա», եւ Արոն ասաց՝ «բայց մենք Արմենի՛ առաջարկությունն ենք քվեարկել», եւ Բիձեն Արոյին չափազանց մեղմ ժպտաց ու ասաց՝ «պարո՛ն Արա, ակա՛նջ արա», եւ Արոն ծիծաղեց ու ասաց՝ «ասա՛, Մե՛յջեր. ականջ եմ անում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել